.jpg)
Ամուսնու հետ տարիքային տարբերությունը չի խանգարում «Քաղաքումի» Սուսիկին
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը (որին ճանաչում ենք «Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներց՝ Սուսիկի կերպարով) և Արտակ Սարգսյանը, չնայած տարիքային մեծ տարբերությանը, կարողացան ներդաշնակ ու համերաշխ ընտանիք ստեղծել: Զույգն ապրում է երջանիկ ու հագեցած կյանքով:
Life.panorama.am-ը զրուցել է Անահիտ Կիրակոսյանի հետ:

-Անահիտ, այսօր այնքան էլ հաճախ չեք երևում սերիալում: Ինչո՞վ է պայմանավորված:
-Սցենարիստն է որոշում, որ կերպարը ինչքան լինի, ու, քանի որ «Քաղաքում» հեռուստասերալում ավելացան նոր շատ հետաքրքիր կերպարներ, բնականաբար աշխատանքներն ավելի շատ կենտրոնացվեցին այդ կերպարների վրա:
-Իսկ դուք այսօր մասնագիտական այլ զբաղվածություն ունե՞ք:
-Այո, «Շանթ» հեռուստաընկերության մեկ այլ սերիալում եմ նկարահանվում, որտեղ արդեն լուրջ կերպար եմ մարմնավորում, բայց միայն եթեր հեռարձակվելուց հետո կխոսեմ այդ մասին:
-Առանցքայի՞ն կերպար է:
-Ասեմ, որ ֆիլմը, ինչպես յուրաքանչյուր սերիալ, ունի գծեր: Այդ գծերից մեկում եմ ընդգրկված: Չեմ կարող ասել, որ գլխավոր, բայց չեմ էլ կարող ասել, որ երրորդական կերպար է: Մեծ, լուրջ ու դրամատիկ կերպար է և բացարձակ տարբերվում է «Սուսիկից», հեռուստադիտողին կներկայանամ նորովի:
-Մի անգամ խոսակցության ընթացքում նշել էիք, որ երազում եք նման դեր խաղալ:
-Այո, վերջապես հեռուստադիտողը կտեսնի, որ ոչ միայն հումորային, այլ նաև դրամատիկ դերով կարող եմ հանդես գալ: Թեև թատրոնում միշտ եմ նման դերեր խաղում, բայց հեռուստադիտողի համար դա նորություն է:

-Արդեն բանական ժամանակ է, «Շանթում» եք, արդյոք այլ հեռուստաընկերություններից առաջարկներ չեն եղել:
-Միանշանակ եղել են, և շատ ուրախ եմ դրա համար: Դա նշանակում է, որ ինչ-որ չափով սիրված դերասանուհի եմ և հետաքրքրվում են… Պարզապես այս հեռուստաընկերությունը ինձ հարազատ է և զբաղվածությունս ապահովում է: Չեմ կարող հասցնել ուրիշ տեղ:
-Ի դեպ, ինչ վերաբերում է հասցնելուն. այդ բազմազբաղվածության մեջ ինչպե՞ս եք հասցնում տանտիկնոջ պարտականությունները, երեխաների խնամքը:
-Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մայրիկիս, ով ինձ շատ է օգնում: Երբ եթերի եմ կամ նկարահանման, տղայիս մոտ նա է մնում, իսկ աղջիկներս դպրոցական են և օրվա կեսը դպրոցում են լինում: Տնային գործերը, սննդի հարցը փորձում եմ լուծել կամ երեկոյան, կամ վաղ առավոտյան: Եթե տանը չեմ ու չեմ հասցրել, տնտեսության մեջ մնացած բացթողումներս հասցնում է մայրս:

-Իսկ այդ բացթողումները ամուսինը ընկալո՞ւմ է, նրան չի՞ բարկանում ձեր զբաղվածությունը:
-Տեսնելով, որ այսքան տեղ աշխատում եմ ու երջանիկ ապրում՝ ամուսինս համաձայնում է որոշմանս հետ: Նա շահագրգռված է, որ իմ մասնագիտությամբ աշխատեմ, այդ իսկ պատճառով երբեք արգելք չի հանդիսացել: Ինքն էլ է ինձ շատ աջակցում, երեկոյան նկարահանումներին, բնականաբար, միշտ կողքիս է լինում:
-Ձեր մեջ տարիքային բավական տարբերություն կա, բայց ձեր երջանկությունը դա սքողում է: Ձեզ տեսնելիս նույնիսկ չեմ նկատում այդ տարբերությունը: Ապացուցում եք, որ սերը տարիք չի հարցնում:
-Երևի գաղտնիքն այն է, որ երբեք պետք չէ մտածել, թե ի՞նչ կմտածեն: Ես ինչ-որ բան չեմ անում նրա համար, որ մարդիկ հասկանան, որ երջանիկ եմ… Ես պարզապես ապրում եմ: Հատուկ բանաձև չունեմ: Պարզապես սիրում եմ շա՜տ, և նույնկերպ ամուսինս է ինձ սիրում, ինչի արդյունքում ներդաշնակություն է ստեղծվում:

-Իսկ անհամաձայնությունների չե՞ք բախվում, չէ՞ որ սերունդները տարբեր կերպ են մտածում:
-Ամուսինս հասուն և կայացած մարդ է և այնքան ճիշտ է ցանկացած քայլում, որ անհամաձայնություններ գրեթե չեն լինում: Իմ խորհրդատուն է, միշտ ամեն ինչով ինձ աջակցում է: Իսկ ինձ մնում է պարզապես սիրել: Եվ երբ սիրում ես դիմացինիդ, ստանում ես միայն դրական էներգիա… Ընտանեկան խնդիրներ, մեծ կամ փոքր վեճեր բոլորի մոտ էլ լինում են: Փառք Աստծո, մեզ մոտ փոքր վեճերը երբեք չեն մեծանում, քանի որ երկուսս էլ կարողանում ենք զիջել: Թեև ասեմ, զիջողի դերում ավելի շատ ես եմ: Ես և Արտակը միմյանց լիակատար հասկանում ենք և տարիքային տարբերությունը մեզ երբեք չի խանգարել:
-Երեխայի հարցում վեճեր ունենո՞ւմ եք: Ո՞վ է նրանով ավելի շատ զբաղվում:
-Երկուսս էլ զբաղվում ենք: Նաև, քանի որ օրվա մի մասը մայրս է նրա կողքին լինում, նա ևս շատ մեծ դեր է տանում փոքրիկիս կյանքում: Դրա համար շատ ուրախ եմ, քանի որ մայրս դայակի փորձ ունի, ժամանակին աշխատել է: Նաև մասնագիտությամբ մանկավարժ է: Ռուսալեզու է, և բալիկս արդեն հասկանում է և ռուսերեն, և հայերեն: Ամեն ինչ անում ենք, որ ընտանիքում խաղաղ ու լավ մթնոլորտ լինի, որպեսզի երեխան ճիշտ դաստիարակվի: Իսկ վիճում ենք, քանի որ «պապան» մեկ-մեկ սխալ բաներ է անում (ծիծաղելով). նարինջ է ուտեցնում, ասում է՝ տանելու եմ հետս խաշ ուտելու… Այ, սա է մեր անհամաձայնությունը:
-Դեռ մեկ տարեկան չկա չէ՞:
-Դեկտեմբերի 25-ին կդառնա: Պատրաստվում ենք մեծ շուքով նշել, ինչպես նաև այդ օրը պետք է մեր երեք ճուտիկներին մկրտենք: Ինձ համար առավել կարևոր է կնունքի արարողությունը, որը կլինի Աբովյանի նորակառույց եկեղեցում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ: