.jpg)
Ա. Կասպրշիկ. Շփման գծում կորուստների թիվը նվազել է
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հասկացրեցին, որ մտադիր են առավել հաճախակի հանդիպել և ակտիվացնել խաղաղ գործընթացը, ինչն իսկապես լավատեսության հիմքեր է ստեղծում: Այս մասին, «Թրենդ» լրատվական գործակալության հետ զրույցում, նշել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Նա նշել է, որ 2013 թվականի ընթացքում, ԵԱՀԿ առաքելության անդամները 17 անգամ այցելել են շփման գիծ:
Ա. Կասպրշիկը տեղեկացրել է, որ իրենց դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ 2012 թվականի համեմատ, 2013 թվականին, շփման գծում ավելի քիչ թվով կորուստներ ու վիրավորներ են գրանցվել:
Նա նշել է, որ, այդուհանդերձ, լուրջ ռիսկայնությունը պահպանվում է, մանավանդ, այն մարդկանց դեպքում, ովքեր բնակվում է սահմանամերձ բնակավայրերում: Իսկ դա մեծ դժվարությունների է հանգեցնում:
Կասպրշիկը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչն իրենց մանդատի համաձայն, կողմերի հետ վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում:
Նա տեղեկացրել է նաև, որ իր թիմն աշխատում է ռազմական միջադեպերի հետաքննության հնարավոր մեխանիզմների մշակման ուղղությամբ, ինչպես նաև, երկու կողմերի մտավորականների, գիտնականների ու հասարակական շրջանակների միջև հանդիպումներ կազմակերպելու համար:
Բանախոսը հույս է հայտնել, որ նույնիսկ առկա լրջագույն խնդիրների պայմաններում, ի վերջո հնարավոր կլինի թուլացնել շփման գծում առկա լարվածությունը, նվազեցնել կորուստների ու վիրավորների ռիսկայնությունը, ստեղծել բարենպաստ մթնոլորտ, ինչը հնարավորություն կտա նախագահներին` քաղաքական հակամարտության կարգավորման ճանապարհին, հասնելու կայուն առաջընթացի: