.jpg)
Ավարտվել է ԼՂՀ 2014թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումը
Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ օրակարգում ունենալով բյուջետային փաթեթղթերը «ԼՂՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի ուղեկցող օրինագծերի հարցը։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
«Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, խորհրդարանի տարբեր մշտական հանձնաժողովների անդամներ, որպես կառավարության պաշտոնական ներկայացուցիչներ՝ նախարարներ, փոխնախարարներ, ծառայությունների պետեր։
Հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, որը վարում էր նիստի աշխատանքը, ներկաներին հաղորդեց, որ խորհրդարանի մշտական հանձնաժողովներում և խումբ-խմբակցություններում այդ օրն ավարտին են հասել գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի նախնական քննարկումները։
Ի պատասխան պատգամավորների հարցերի՝ կառավարության ներկայացուցիչները հանդես եկան լրացուցիչ պարզաբանումներով։
Ամփոփելով նիստի արդյունքները, գլխադասային հանձնաժողովի նախագահը հաղորդեց, որ բյուջետային փաթեթի քննարկումների արդյունքները՝ առաջարկությունների տեսքով, սահմանված ժամկետում կներկայացվեն կառավարության ուշադրությանը»,- նշված է հաղորդագրությունում: