.jpg)
Արա Գևորգյան. Մասշտաբային երաժիշտը (Տեսանյութ)
Դեկտեմբերի 18 ին ժամը 18.00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կկայանա Բաս քանոն երաժշտական գործիքի շնորհանդեսը: Գաղափարի հեղինակը կոմպոզիտոր Արա Գևորգյանն է, ում իր ստեղծագործական գործունեության համար կարելի է կոչել մասշտաբային երաժիշտ:
Այս անգամ երաժշտություն ստեղծելու փոխարեն երաժիշտը հեղինակել է հայկական նոր երաժշտական գործիք: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ա. Գևորգյանը նշեց, որ այս գործիքը ստեղծելու գաղափարը ծնվել է տարիներ առաջ և այն առաջինն է իր տեսակի մեջ աշխարհում:
«Տարիներ առաջ 50 քանոնով ստեղծագործություն ձայնագրելու գաղափար ծնվեց: Այն ձայնագրելուց հետո զգացի, որ բասը պակասում է, մանավանդ այսօր, երբ մեր երիտասարդները հակված են բասով հարուստ երաժշտություն լսելու, իսկ մեր ազգային նվագարաններում բաս չունենք, կա ուդ, որը շատ թույլ հնչողություն ունի և որի փոխարեն օգտագործում են եվրոպական կոնտրաբասը: Ես որոշեցի բասի պարտիան մեկ օկտավա իջեցնել համակարգչի միջոցով և հնչողությունը ընկավ տեղը: Դրանից հետո դիմեցի Ալբերտ Զաքարյան անունով հրաշալի վարպետին՝ առաջարկելով Բաս քանոն ստեղծել, ով հոյակապ լարային գործիքներ է պատրաստում և նա անցավ գործի»,- ասաց երաժիշտը:
Ա. Գևորգյանի խոսքով՝ արդյունքում ստեղծվեց քանոնից էականորեն տարբերվող գործիք: «Վարպետը քանոնը Կոնտրաբասի լարերով նախկինում երբեք չէր ստեղծել: Բաս քանոնը պետք է ունենար հաստ լարեր, և պատրաստվեր ամուր փայտից: Ես բերեցի նրան նյութերը, փայտը՝ Տուապսե քաղաքից, որովհետև վարպետն ասաց, որ ամենալավ փայտը գտնվում է այդ տարածաշրջանում: Վարպետը սարքեց մի հիանալի գործիք, հետո պահպանեցինք գործիքի հեղինակային իրավունքները, գրանցեցինք այն պատրաստող վարպետի անունով՝ որպես աշխարհում առաջին նման գործիք:
Ընդհանրապես քանոնն ունի մանդալներ, որոնք այնքան էլ հարմար չեն նվագելու ժամանակ, քանի որ երաժիշտը, փոխանակ նվագի, ձեռքը դրանց փոխելուն է տանում, մենք այդ մանդալները հանեցիքն: Այն մեկ օկտավայից ավելի դիապազոն ունի և Կոնտրաբասի 16 լարերից է բաղկացած: Գործիքի արժեքը մոտ 2000 ԱՄՆ դոլար է և այն կարող է անվանակոչվել նաև այն մարդկանց անունով, ովքեր այդ գումարը տալիս են վարպետին: Մի օր վարպետը հարցրեց՝ քո օգուտը ո՞րն է: Ասեցի, դու հարստանում ես (հեղինակ- ժպտում է), Թովմաս Պողոսյանի նվագախումբը և այլ նվագախմբեր նվեր են ստանում այդ գործիքից, մեր երկրում ծնվեց մի նոր գորիք, այն գնողները բավարարված կլինեն, բացի այդ, Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնը, որտեղ ես ամբիոնի վարիչն եմ, կստանա այս գործիքը: Այսինքն կօգտվի նաև մի ուսանող, ով կտիրապետի այդ գործիքին և աշխատանք կունենա»,- բացատրեց նա:
Շնորհանդեսի օրը Ազգային նվագարանների պետական նվագախմբի, Թովմաս Պողոսյանի «Սայա-Նովա» աշուղական անսամբլի կողքին կներկայացվի նաև ֆիլմ, թե ինչպես է պատրաստվել այդ գործիքը:
Երաժիշտի հավաստմամբ՝ Բաս քանոն անունը ընտրվել է այդ գործիքի տարածումը աշխարհում հեշտացնելու նպատակով: «Գործիքը ֆիզիկապես և հնչեղությամբ տարբերվում է քանոնից, սակայն ես ցանկացա այն անվանել Բաս քանոն, որ մարդիկ անգամ համացանցում գրելով Բաս՝ կարողանան հեշտությամբ գտնել նաև մեր Բաս քանոնը»,- ասաց նա:
Բաս քանոնն արդեն մեկ անգամ «բեմ է բարձրացել» Կրեմլի դահլիճում՝ Թովմաս Պողոսյանի նվագախմբի համերգի ժամանակ, այն ցուցադրվել է նաև «Мир» հեռուստաընկերությամբ և երաժիշտի խոսքով՝ մեր հարևաններից որևէ մեկը դեռևս բացասաբար չի խոսել գործիքի մասին և չի փորձել սեփականաշնորհել:
Արա Գևորգյանի հավաստմամբ՝ Բաս քանոնով ցանկանում է ինչ-որ կերպ նպաստել հայ երիտասարդների մոտ ազգային երաժշտության հանդեպ հետաքրքրությանը:
Երաժիշտի խոսքով՝ չկրկնվելը իր նշանաբանն է նաև ստեղծագործական բնագավառում:
«Ես սիրում եմ խոսել փաստերով: Իմ նախագծերը միշտ եզակի են: Օրինակ «Ադանան»՝ 20 տարբեր լեզուներով ցեղասպանության մասին երգը: Լավի, բարու, խաղաղության մասին ավելի հեշտ է համոզել տարբեր ազգերի երգիչներին երգել, քան քո ազգի վշտի մասին, որ դատապարտում է մեկ այլ ազգին»,- ասաց նա:
Ավարտելով «Սիրեցեք զմիմեանս» գործիքային ստեղծագործությունը, որտեղ նվագում են 43 երաժիշտ 14 երկրներից, այժմ էլ երաժիշտը գրել է խաղաղության գաղափարի մասին նոր երգ, ինչը նույնպես կդառնա տեսահոլովակ:
«Հիմա նոր երգ եմ ձայնագրում խաղաղության մասին, որտեղ կերգեն տարբեր ազգությունների երգիչներ: 7 լեզվով արդեն պատրաստ է, այժմ իտալացի երգչուհի Ֆրանչեսկա Սքիավոն է ձայնագրվում, բանակցում ենք ճապոնացի, չինացի և հույն երգիչների հետ: 10 - 12 երգիչ ձայնագրելուց հետո կավարտեմ նախագիծը: Դա տեսահոլովակ է լինելու, որտեղ ամեն երգիչ կնկարահանվի իր երկրի որևէ հայտնի խորհրդանիշի մոտ, իսկ վերջում բոլորը հայերեն են երգում և երգելու են Հայաստանում: Տա Աստված, դա իրականանա: Համագործակցում եմ նաև մեր արտգործնախարարության հետ, քանի որ նման երգիչներին բավականին դժվար է գտնել զբաղվածության և այլ, այդ թվում նաև ֆինանսական պատճառներով և հուսամ, որ մեր դեսպանները կկարողանան այդ գործը կատարել»,- ասաց նա:
Երաժիշտը Հայաստանին նվիրված միջոցառումներին (Էրեբունի – Երևան, Մեկ ազգ, մեկ մշակույթ, Համահայկական խաղեր) մասնակցում է միշտ անվճար հիմունքներով, ասում է, որ չի մեղադրում այն մարդկանց, ովքեր միլիոններ են ծախսում համերգ կազմակերպելու համար, սակայն ասում է, որ երբեմն լավ համերգ կազմակերպելու համար ոչ մեծ գումար չի գտնվում:
«Իմ վերջին մենահամերգը Հայաստանում եղել 2002 թ., որովհետև համերգ կազմակերպելու լուրջ ծախսեր են պահանջվում: Ես այս մասին խոսում եմ առաջին անգամ: Անցյալ տարի հոկտեմբերին նախատեսված էր իմ մենահամերգը Թբիլիսիի կենտրոնական հրապարակում, այնտեղի քաղաքապետի հրավերով, սակայն մենք գումար չճարեցինք: Եթե այդ համերգը կայանար, դա կլիներ Հայաստանի օր Թբիլիսում: Գիտեք, որ իմ համերգներին գրեթե ողջ Հայոց պատմությունն է ցուցադրվում, Հայոց այբուբենը, վանքերը, խաչքարերն ու գորգերն են ցուցադրվում, մեր քաղաքը ի վերջո ու մարդիկ նայում ու ասում են, ինչ գեղեցիկ երկիր ունեք: Բացի այդ, ներկայացվելու էին ազգային պարերը, սիմֆոնիկ նվագախումբն էր նվագելու, Պարի պետականին առաջարկեցի այնպիսի պար պարել, որ վրացիները զարմանան, երգելու էին երգիչ Էրիկը և Աննա Մնացականյանը՝ մեր օպերայի երգչուհիներից: Վրաստանից 2 երգիչ և 1 երաժշիտ պետք է միանային: Դիմեցի նաև նկարիչների միությանը, որ նկարների ցուցահանդես կազմակերպենք, բոլորը համաձայնել էին, Թբիլիսիի քաղաքապետարանը տրամադրում էր բեմի լուսավորությունը, տեխնիկան, ապահովում անվտանգությունը, անում համերգի գովազդն ու նկարահանումը: Մենք մեր միջոցներով պետք է գնայինք, սնվեինք այնտեղ ու նույն օրն էլ վերադառնայինք, բայց չեղավ, որովհետրև չկարողացանք գումար գտնել երաժշիտների հոնարարները և ճանապարհածախսը վճարելու համար, խոսքը 30-35 հազար դոլարի մասին էր: կազմակերպչական հարցերով զբաղվում էր մեր Պետական Ֆիլհարմոնիան, որն իմ իմանալով, մի քանի տեղ դիմել էր և պատասխան չէր ստացել»,- ասաց նա:
Արա Գևորգյանի խոսքով՝ դրանից հետո խիստ հիասթափություն է ապրել, սակայն չի հուսահատվում, հուսով է՝ մի օր կկայանա հայ-վրացական բարեկամության նվիրված այդ կարևոր համերգը:
Հայաստանից հեռանալու մասին երբեք անգամ չեմ մտածում
«Ես ինձ համար անսպասելի հաջողությունների եմ հասել և ինձ չափազանց գնահատված եմ համարում ինչի համար երախտապարտ եմ իմ հայրենակիցներին: Մրցանակներ եմ ստացել տարբեր պետություններից, անգամ Կիպրոսի պառլամենտի հրավերով գնացել և նվագել եմ նրանց անկախության 50-ամյակին նվիրված միջոցառմանը՝ երկրի նախագահի, նրա տիկնոջ ներկայությամբ: Ինձ նաև առաջարկել են տեղափոխվել այլ երկրներ, օրինակ, Լոս ԱՆջելեսում ինձ մեծ տարածք էին տրամադրում՝ մշակույթի տունը բացելու համար, սակայն անհնար է, որ գնամ ուրիշ երկիր: Ես ոչ մի վիլլա կամ գումար չեմ փոխի այն բանի հետ, որ մարդիկ մոտենում ու ջերմ բառեր են ասում ինձ փողոցում, իսկ օտար երկրներից ինչ որ մի օր կհոգնես և կնկնես կարոտի գիրկը: Ես կարևոր մի բան եմ հասկացել, որ 1000 տարի չենք ապրելու և ոչինչ մեզ հետ չենք տանելու, ուստի հարստանալու, դիզելու խնդիր չունեմ, ամենասեղմ բաներով բավարարվել եմ և դա չի խանգարել լավ ապրելուն: Վերջերս աղմուկ բարձրացավ, իբր ես որոշել եմ Շվեյցարիայում ապրել, բայց ես շվեցարական ընկերության հետ ուղղակի պայմանագիր եմ կնքել, որոնք Հոնկոնգում, Չինաստանում, Լոնդոնում, Ժնևում և Նիցցայում իմ համերգներն են կազմակերպելու»,- ասաց նա:
Արա Գևորգյանի կարծիքով՝ մեր երկրի առողջանալուն շատ բան չի պահանջվում, միայն բարությունը իրար հանդեպ, ինչը պետք է նախևառաջ քարոզվի լրատվամիջոցներով, այնինչ, նրա խոսքով, արվում է հակառակը:
Լրագրողների մասին
«Լրագրողները շատ են սրում երկրի այս վիճակը քննարկել: Լինում է, որ թերթի վաճառքի կամ էլ լայքերի համար ստիպում են, որ կռիվ անես: Հետո կարդում, զարմանում ես, օրինակ, որ Կաթողիկոսը երթուղայինի գիծ ունի, բայց եթե ինքը ուզի, աշխարհի բարերարները նրա կողքին կլինեն, ինքը ի՞նչ է անում նման բիզնեսը: Բացում ես լրահոսը, միայն վատն են գրում ու շատ են հայհոյանքները: Երկու տաքսի իրար խփում են, միանգամից նկարում ու կայքում են դնում: Մարդիկ սովորում են այդ հայհոյանքներին, վատին, ուրեմն հետո պետք է ավելի վատը գրեն՝ նրանց զարմացնելու և տպաքանակ ապահովելու համար: Այնինչ, պետք է ձգտել մարդկանց լավին սովորեցնել»,- ասաց նա:
Երաժիշտը և կուսակցությունը
Ես կուսակցական չեմ եղել, որևէ կուսակցության չեմ ենթարկվում և ինձ դուր է գալիս այդ վիճակը, որ բարեկամ եմ բոլորի հետ ու ընկերներ ունեմ բոլոր կուսակցություններում էլ: Կոչ եմ անում իսկապես սթափվել ու լցվել բարությամբ, լինել ներողամիտ միմյանց նկատմամբ: Պահպանել մեր գեղեցիկ ավանդույթներն ու մաքրել այսօրվա ցեխն ու դաժան իրավիճակը: Հարկավոր է իսկապես մաքրել դաշտը մեր երեխաների համար: Չէ որ միակն ենք աշխարհում, որ երկար տարիներ այդքան կապված ենք մնում մեր երեխաների հետ: