16/12/2013 21:00
«Լավ գործ». Հայ կին դիրիժոր. Սա տղամարդու մասնագիտություն է
Aysor.am-ի «Լավ գործ» նախագիծն այն մարդկանց մասին է, ովքեր մեծ ջանք, եռանդ ու տաղանդ են ներդնում անգամ սովորական թվացող մասնագիտությունների մեջ և այն դարձնում արվեստ: Մարդիկ, ովքեր ապրում են մեր կողքին ու գույն տալիս մեր ժամանակներին:
Լույսերը մարում են, դահլիճում դադարում են բոլոր շշուկները, խորհրդավոր ակնթարթ ու օդում բարձրանում է դիրիժորի փայտիկը՝ ազդարերով համերգի սկիզբը:
Աշխարհում այս մասնագիտության տեր կանայք շատ քիչ են, Հայաստանում եզակիները, իսկ միակ նվագախմբային դիրիժորը Վարդուհի Մինասյանն է:
Վարդուհին ծնվել և մեծացել է Գյումրիում, ավարտել է Գյումրիում երաժշտական ուսումնարան, հետո եկել Երևան՝ ուսումը շարունակելու: Նրա խոսքով՝ 1988 թ. երկրաշարժը որոշիչ է եղել մասնագիտության ընտրության հարցում:
«Առաջին մասնագիտությամբ դաշնակահար եմ, լավ գնահատականներով ընդունվել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, 2 ամիս սովորելուց հետո երկրաշարժ եղավ ու եղբարս զոհվեց, նա այդ ժամանակ 15 տարեկան էր ու երազում էր օպերային նվագախմբի դիրիժոր դառնալ: Կոնսերվատորիայում 2-3 տարի սովորելուց հետո զուգահեռ դիրիժորական բաժին ընդունվեցի, Յուրի Դավթյանի դասարան և շարունակել եմ ասպիրանտուրան: Երբ ընդունվեցի՝ իմ ստուգման գրքույկում շփոթվել ու Վարդան Մինասյան էին գրել, ես չտվեցի, որ փոխեն ու կարծում եմ, որ եղբայրս միշտ ուժ է տվել ինձ այս աշխատանքում: Շատ դժվար տարիներ էին ինձ համար, մայրս երկրաշարժից հետո երդվել էր դուրս չգնալ քաղաքից և ես ուսմանս 7 տարիներին որբի նման եմ եղել, հանրակացարանում էի ապրում, բայց լավ էի սովորում, բոլոր առարկաներին խորացված կերպով ուսումնասիրում էի և ավարտելուց հետո Կոնսերվատորիայում ինձ ընդունեցին որպես դասախոս»,- պատմում է նա:
Վարդուհու խոսքով՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար Լորիս Ճգնավորյանի շնորհիվ էլ ինքը առաջին ուսանողներից է եղել, որ երիտասարդական նվագախումբի նվագակցությամբ է ներկայացրել դիպլոմային աշխատանքը:
«Առաջին անգամ պետք է կանգնեի նվագախմբի դիմաց՝ որպես դիրիժոր: Բոլորը մինչև բեմ բարձրանալը ասում էին, որ չվախենամ, ոչ մի վայրկյան չմտածեմ, բայց վախից դողում էի: Երբեք չէի մտածել, որ նման պատվի կարժանանամ: Վերցրեցի փայտիկս, ու երբ ազդարարեցին, որ սկսվում է, ձեռքս հետ տարա ու ձեռքիս առաջին շարժումից փայտիկս թռավ: Ես առանց փայտիկի շարունակեցի, որովհետև գիտեի, որ նման դեպքեր լինում են, երբ դիրիժորի ձեռքից փայտիկը թուլանում է կամ հուզվում է դիրիժորը ու փայտիկը թռնում է, հետո ընթացքում բերում են, դրանից իմ վախը կոտրվեց»,- պատմում է Վարդուհին:
Ամուսնու հետ ևս ծանոթացել է աշխատանքային միջավայրում ու պատմում է, որ երբեք ընտանիք կամ աշխատանք ընտրության առաջ չի կանգնել:
«Ամուսինս նվագախմբում էր աշխատում, մենք շատ վաղուցվանից էինք իրար ճանաչում, ու երբեք խնդիր չի եղել՝ բեմ դուրս գալու հետ կապված: Մենք 30-անց էինք ամուսնության ժամանակ և մեզ մոտ հարաբերությունները ավելի հասուն են եղել»,-ասաց նա:
Վարդուհու խոսքով՝ երկար տարիներ աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում որպես դիրիժորի ասիստենտ, ապա դիրիժոր, նաև դաշնակահար, բայց երբեք չի ձգտել գլխավոր դիրիժորի կոչմանը:
«Գլխավորների կյանքը շատ դժվար է, դա շատ դաժան պայքար է, ես գերադասեցի զերծ մնալ դրանից: Բացի այդ՝ Հայաստանում ասպարեզը այնքան էլ մեծ չէ, մտածում են, 2-3 նվագախումբ ունենալով՝ կարող են սահմանափակվել, սակայն այնքան շատ են երաժիշտները, և տարբեր նվագախմբեր լինելու դեպքում նաև դիրիժորի կարիք կլիներ, ինչը այժմ չկա»,- ասում է նա:
Բացի այս, Վարդուհու կարծիքով՝ դիրիժորը տղամարդու մասնագիտություն է:
«Դիրիժորը պետք է ինքն իրենով ավարտուն մարդ լինի, կատարյալ տիրապետի իր գործին կամ միշտ վահանակի մոտ լինի և վստահություն ներշնչի ու հարգանք նվագախմբի անդամների մոտ: Այս գործում գեղեցկությունը, սեռը այնքան էլ կարևոր չէ, թեև կին լինելը օգնում է, որովհետև կանայք ինչքան զուսպ են, այնքան էլ՝ անզուսպ, երաժշիտները ավելի ներողաբար են մոտենում, հարգանքով են վերաբերվում, քիչ են խոսում, բայց ընդհանուր առմամբ՝ այս մասնագիտությունը տղամարդու հատկանիշներ է պահանջում: Ես, կարելի է ասել, այն եզակի երջանիկ կանանցից եմ, որոնք այս ասպարեզում շատ խոչընդոտների չեն հանդիպել, ինձ մոտ ամեն ինչ շատ արագ և հեշտ է ստացվել, բայց չեմ սիրում ինձ նայել աշխատելիս, դա կանացի աշխատանք չէ, տղամարդը ավելի ճիշտ է դիտվում վահանակի մոտ»,- ասում է նա:
Վարդուհու խոսքով՝ չնայած սրան, ինքը երբեք չի ձգտել բեմում տղամարդու նման լինել:
«Կին դիրիժորներ կան, որ մտածում են մազերը կարճացնեն կամ էլ տաբատով դուրս գան բեմ, սակայն ես երբեք չեմ մտածել դրա մասին: Բեմ դուրս եմ գալիս ավելի հաճախ երեկոյան զգեստով, օրինակ, վերջերս մեզ ոսկեգույն զգեստ էին նվիրել ու դրանով եմ ելույթ ունեցել, երբեմն նաև՝ տաբատով, բայց շպարվել չեմ սիրում: Միայն մտածում եմ ինչ անել, որ երաժիշտները իրենց լավ և հարմար զգան»,- խոստովանում է նա:
Բեմ դուրս գալուց առաջ Վարդուհին հատուկ չի պատրաստվում, չունի սովորույթներ, սնահավատ չէ, հավատում է միայն Աստծուն:
«Բեմ դուրս գալուն հատուկ չեմ պատրաստվում: Եղել են դեպքեր, երբ բեմ դուրս գալուց մի քանի րոպե առաջ եմ հասել, վերարկուս հանել եմ և բեմ բարձրացել: Նկատել եմ, որ հապճեպ ավելի լավ է ստացվում ելույթը: Չեմ կապում լավ ելույթը մուսայի հետ, տարիների ընթացքում սովորել եմ առանց դրան սպասելու ելույթ ունենալ (հեղինակ.- ժպտում է)»,- ասում է նա:
Վարդուհի Մինասյանի խոսքով՝ այս պահին իրեն հանձնարարվում է անել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ գրեթե բոլոր համերգները, իր գործին միշտ շատ լրջորեն ու բծախնդրորեն է մոտենում, սակայն կարծում է, որ կնոջ համար ամենակարևորը մայր լինելն է: «Եթե այստեղ եմ, ուրեմն իմ տեղը լավ եմ գրավել, ու կարծում եմ, որ հասել եմ այնքանին, որքանին որ պետք է հասնեի»,- ասում է նա:
Նախորդող հրապարակում՝ «Լավ գործ». «Տերյան» կենտրոն. Աշխատանք և հավատ` արդյունքի հասնելու համար
Photo Atelier Marashlyan Retro. Լուսանկար, որը դառնում է պատմություն
Ա. Խանոյան. Իսկական լուսանկարիչը իրեն երբեք պրոֆեսիոնալ չի համարում
Rashani և Jewo. Աստծո շնորհով ու լույսի մեջ ապրող մարդիկ
Արա Ալեքյանի կրակից հառնող երկաթն ու կարոտվող քանդակները
«Լավ գործ». Հասմիկ Գասպար. Մարդիկ հոգնել են մթությունից
«Լավ գործ». Տիկնիկային թատրոնի տիկնիկագործ. Ես հավատում եմ հրաշքին