Տարածաշրջանային բլոգ. Սիրիական ճգնաժամի ազդեցությունը Իրաքում
17/12/2013 17:52

Տարածաշրջանային բլոգ. Սիրիական ճգնաժամի ազդեցությունը Իրաքում

Դեկտեմբերի 16-ը կարելի է համարել ամենաարյունալի օրը Իրաքում անցյալ երկու ամիսների կտրվածքով. Բաղդադի հարավում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությանը զոհ են դարձել 70 մարդ: Բնականաբար, այսօրինակ գործողություններն առավելապես ուղղված են Իրաքի շիայական բնակչության դեմ:

Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում Իրաքի տարածքում նկատվող ահաբեկչական գործողությունների աննախադեպ աճն, իհարկե, կարելի է պայմանավորել նաև սիրիական ճգնաժամով և հատկապես Սիրիայի հյուսիսում և որոշ արևելյան շրջաններում սուննիական ծայրահեղ արմատական խմբավորումների դերակատարության աճով: Հայտնի է, որ այդ կառույցներից որոշները և հատկապես «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումը էական դերակատարություն ունեն երկու երկրներում միաժամանակ:

Ծայրահեղականների գործողությունների համար բարենպաստ իրավիճակ էր ստեղծվել հատկապես այն պարագայում, երբ սիրիա-իրաքյան սահմանի երկկողմանի վերահսկողությունն իրականացվում էր չափազանց նվազ մակարդակով, ինչը թույլ էր տալիս ծայրահեղականներին՝ առանց լուրջ բարդությունների հատել սահմանը և ահաբեկչական գործողություններ իրականցնել՝ այդպիսով ապակայունացնելով նաև Իրաքի ներքաղաքական իրավիճակը:

Հատկանշական է, որ որոշ իրաքյան սուննիական քաղաքական շրջանակներ օգտագործում էին այս հանգամանքը՝  երկրում ինչպես ներքաղաքական, այնպես էլ միջհամայնքային լարվածությունը սրելու նպատակով: Հենց սրանով պայմանավորված՝ Իրաքում և սիրիական հակամարտության շրջանակներում տեղի ունեցող գործընթացների համատեքստում պետք է դիտարկել դեկտեմբերի 17-ին տարածված այն տեղեկատվությունը, թե համաձայն իրաքյան շիայական հոգևոր առաջնորդներից Քազիմ ալ Խաեիրիի արձակած ֆեթվայի՝ թույլատրվել է այդ երկրի շիաներին և մասնավորապես իրաքյան շիայական առաջնորդ Մուքդադա աս Սադրի գլխավորած ՝ շուրջ 100 հազար զինյալ ունեցող «Մահդիի բանակին»՝ մասնակցել սիրիական զինված դիմակայությանը:

Իսկ արդեն դեկտեմբերի 10-ից սիրիական անվտանգության և իրաքյան սահմանապահ ուժերը համատեղ գործողություններ են իրականացնում սահմանի երկու կողմում՝ ծայրահեղականների ենթակառուցվածքները ոչնչացնելու նպատակով: Արդյունքում շարքից դուրս են բերվել 3 ստորգետնյա թունելներ, որոնք ծառայում էին իսլամականների համար՝ մաքսանենգ ճանապարհով սպառազինություն տեղափոխելու գործում:

Փաստորեն ականատես ենք լինում սիրիական հակամարտության արտաքին ազդեցության հերթական իրողությանը: Նաև սիրիական գործոնի ներգործությամբ պայմանավորված՝ Լիբանանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի, միջհամայնքային լարվածությանը զուգահեռ ավելի էականորեն և ավելի մեծ կորուստներով ու հետևանքներով սրվում է իրավիճակն նաև Սիրիայի արևելյան հարևան Իրաքում: 

Տարածաշրջանային բլոգ. Սիրիական ճգնաժամի ազդեցությունը Իրաքում