.jpg)
«ԻԻՀ հետ համագործակցության ընդլայնմամբ կընթանանք ժամանակին համընթաց»
Դեկտեմբերի 15-ին Օվկիանիայի և ԱՊՀ հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրի հրավերով երկկողմ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Թեհրան է մեկնել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել նաև ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Հայկական պատվիրակության՝ Իրան կատարած այցի վերաբերյալ Aysor.am-ի թղթակիցը զրուցել է իրանագետ Ռուդիկ Յարալյանի հետ:
- Ո՞րն էր հայկական պատվիրակության այցի բուն նպատակը:
- Տարածաշրջանում նոր գործընթացներ են սկսվել, ուստի շատ կարևոր է զգալ զարգացումների զարկերակը և առաջ շարժվել ժամանակին համընթաց: Անհրաժետություն է առաջացել լիարժեք պատկերացում կազմելու հայ-իրանական փոխհարաբերություններին առնչվող բոլոր նրբությունների վերաբերյալ, մշակել նոր իրականությանը համապատասխան արտաքին քաղաքականություն, որում, մեր խորին համոզմամբ, ԻԻՀ-ը կարող է ունենալ լուրջ դերակատարում: Թերևս հիշյալ նկատառումներով կարելի է պայմանավորել հայկական պատվիրակության՝ Իրան կատարած այցը:
- Ի՞նչ նոր իրականության մասին է խոսքը:
- Խոսքը, մասնավորապես, վերաբերում է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն նոր գործընթացներին: Հատկանշական է, որ հայկական պատվիրակության այցից օրեր առաջ՝ դեկտեմբերի 10-11-ին, ԻԻՀ-ում է գտնվել ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի գլխավորած պատվիրակությունը: Տպավորությունն այնպիսին է, որ Ս. Լավրովը Թեհրան էր մեկնել՝ հասկանալու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել պաշտոնական Թեհրանի արտաքին քաղաքական կողմնորոշումներում ս.թ. նոյեմբերի 24-ին Ժնևում «5+1» ձևաչափի մաս կազմող երկրների հետ ստորագրված համաձայնագրից հետո, արդյո՞ք Իրանը պատրաստ է ռուսական կողմի հետ խորացնել տարբեր ուղղություններով համագործակցությունն՝ անտեսելով այն բոլոր մտավախությունները, որ Արևմուտքը կարող է «չմարսել» ռուս-իրանական համագործակցության ընդլայնման գաղափարը և տապալել Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորմանն ուղղված գործընթացները: Իրանական կողմը, հասկանալով այդ ամենը, այդուհանդերձ շահագրգռվածություն է ցուցաբերել զարգացնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները մի շարք ուղղություններով, որն էլ ապագայում կարող է տեղափոխվել առավել լայն՝ Մաքսային միություն-Իրան համագործակցության դաշտ: Այդ հարցում իրանական կողմի դրական տրամադրվածության մասին է հավաստում նաև այն հանգամանքը, որ օրեր անց՝ Շ. Քոչարյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Օվկիանիայի և ԱՊՀ հարցերով ԻԻՀ փոխարտգործնախարար Էբրահիմ Ռահիմփուրն ընդգծել է, որ Իրանը պատրաստ է ապահովել տարածաշրջանային երկրների (այդ թվում՝ Հայաստանի, Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսին հարող պետությունների) և Կասպից ծովի մերձափնյա երկրների միջև ապրանքաշրջանառություն: Հետևաբար, կարելի է ինչ-որ առումով միմյանց կապել ռուսական և հայկական պատվիրակությունների՝ միմյանց հաջորդած այցերն ԻԻՀ:
- Իսկ Արևմուտքը կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ Իրանի՝ նմանօրինակ մտադրությունների համար:
- Կարծում եմ՝ Իրանի և Արևմուտքի միջև կա ներքին պայմանավորվածություն, որը ենթակա չէ հրապարակման, և այս բոլոր խնդիրները նրանց միջև քննարկվել են: Չեմ կարծում, որ ապագայում ԻԻՀ-ը կդառնա ՄՄ անդամ, ամենայն հավանականությամբ Իրանը կփորձի առաջ տանել իր սեփական «խաղը» տարածաշրջանում՝ համագործակցելով ինչպես ԵՄ, այնպես էլ ՄՄ, իսկ հետագայում՝ Եվրասիական միության հետ: Վերջիններս հնարավոր է օգտագործեն պաշտոնական Թեհրանի նկատմամբ ճնշումներ գործադրելու իրենց լծակները, որպեսզի խափանեն հակառակ ուղղությամբ համագործակցության խորացումը, բայց հարկ է նշել, որ դա Իրանի պարագայում այնքան էլ հեշտ գործ չէ: Օրինակ՝ Ս. Լավրովի հետ բանակցությունների ժամանակ միջուկային էներգետիկայի և ռազմատեխնիկայի ոլորտներում ՌԴ հետ համագործակցության ընդլայնման կապակցությամբ Իրանի կողմից ցուցաբերված պատրաստակամությունը կարող է նշանակել հետևյալը, որ Իրանի նկատմամբ կամ չեն եղել լուրջ ճնշումներ Արևմուտքից կամ եղել են, բայց Թեհրանը պատրաստ է անտեսել դրանք: