ՀՀ ԶՈւ ուղղաթիռի օդաչու. Պետք է չստես նաև ինքդ քեզ. Երկինքը սուտը չի տանում
17/12/2013 21:00

ՀՀ ԶՈւ ուղղաթիռի օդաչու. Պետք է չստես նաև ինքդ քեզ. Երկինքը սուտը չի տանում

Մասնագիտությունը՝ Զինվոր. ՀՀ ԶՈւ հրամանատար, ուղղաթիռի օդաչու, գնդապետ Սամվել Սիանոսյան:

«Փոքր տարիքից ուղղակի գիտեի՝ օդաչու եմ դառնալու»

Էրեբունի օդանավակայանում տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի հրամանատար, ուղղաթիռի օդաչու Սամվել Սիանոսյանը օդում է արդեն 26 տարի:

«Փոքր տարիքից ուղղակի գիտեի՝ օդաչու եմ դառնալու»,- ասում է գնդապետը, երբ հետաքրքրվում եմ՝ ինչպես որոշեց օդաչու դառնալ:

«Հետո՝ 6-րդ դասարանում, որոշումս հստակեցվեց: Հորեղբայրս խորհուրդ տվեց ռազմական օդաչու դառնալ, որովհետև ռազմական օդաչուի կյանքն ավելի հետաքրքիր ու բուռն է: Ես համաձայնեցի»,- պատմում է հրամանատարն՝ ավելացնելով, որ նախ ընդունվել է Մարշալ Բաբաջանյանի անվան ռազմականացված դպրոց.

«Այդ դպրոցն այսօրվա Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն է: Մեր տարում ընդունվածներն այդ դպրոցի առաջին շրջանավարտներն էին: Զուգահեռ՝ վերջին դասարանում, սկսեցի թռնել աերոակումբում, որը գտնվում էր Արզնիում: Սկզբում պարաշյուտով էի թռնում, հետո՝ ՅԱԿ-52 ինքնաթիռով: 1987թ.-ին՝ քննությունները հանձնելուց հետո, ընդունվեցի Բալաշով քաղաքի ռազմական ավիացիոն բարձրագույն ինստիտուտ: Այսպես էլ սկսվեց իմ՝ ռազմական օդաչուի կյանքը»,- ասում է գնդապետն ու հստակեցնում, որ ի սկզբան կրթություն է ստացել որպես ինքնաթիռի, և ոչ ուղղաթիռի օդաչու:

«Օդաչուին «կուզե՞ս թռնել» ասելը նույնն է, ինչ՝ սովորական մարդուն ասես «կուզե՞ս հաց ուտել»»

1992 թ.-ին գնդապետ Սիանոսյանն ընկերների հետ Բալաշով քաղաքից վերադառնում է Հայաստան.

«Ստեղծվում էր հայկական բանակը և մենք չունեինք ռազմաօդային ուժեր, թե' Սպարապետի կոչը հայ սպաներին վերադառնալ Հայաստան ու ստեղծել սեփական բանակ, թե' հետևելով ստեղծված իրավիճակին ու մյուս գործիչների կոչերին, առաջին իսկ խմբով հավաքվեցինք ու վերադարձանք հայրենիք»,- պատմում է Սամվել Սիանոսյանը: 

«Եկանք, հավաքվեցինք ու մեզ ասացին ինքնաթիռներ չունենք, կուզե՞ք ուղղաթիռներով թռնել: Դե օդաչուին «կուզե՞ս թռնել» ասելը նույնն է, ինչ՝ սովորական մարդուն ասես «կուզե՞ս հաց ուտել»: Բնականաբար համաձայնեցինք»:

1992 թ.-ի մայիսին Սամվել Սիանոսյանը մի խումբ օդաչուների հետ մեկնում է վերապատրաստման ուղղաթիռների վրա ու վերադառնալով սկսում է թռիչքներ կատարել Մի-2 ուղղաթիռներով:

«Պիտի ասեմ, որ ուղղաթիռի օդաչուի կայացման մեջ շատ կարևոր փուլ է Մի-2 ուղղաթիռով թռիչքը, որովհետև Մի-2-ը շատ հասարակ ուղղաթիռ է և ոչ մի էլեկտրոնիկա չկա դրա վրա: Դու պետք է քո զգացմունքներով, քո փորձով ու վարպետությամբ կարողանաս թռնել դրանով»,- բացատրում է օդաչուն:

1992 թ.-ին Սամվել Սիանոսյանը վերջնականապես որոշում ու այդպես էլ վարպետանում է՝ որպես ուղղաթիռի օդաչու:

«Երբ հասկանում ես, որ ուղղաթիռը ոչ պակաս հիասքանչ տեխնիկա է, քան՝ ինքնաթիռը, հպարտանում ես որ եհնց ուղղաթիռի օդաչու ես: Հատկապես Հայաստանի պայմաններում, կարելի է ասել, որ ուղղաթիռն ավելի արդյունավետ է ու ավելի օգտակար: Ուղղաթիռները մասնակցում են որոնողափրկարարական աշխատանքներին, տեղափոխում են մարդկանց, բեռներ ու անհրաժեշտության դեպքում՝ նաև զինամթերք»,- ասում է գնդապետը:



«Տղաս էլ է օդաչու, բայց դրանում ոչ միայն իմ ազդեցությունը չկար, այլև՝ կար իմ հակազդեցությունը»

«Ընտանիքս շատ է բողոքում, որ համարյա չեմ լինում տանը»,- ժպտալով ասում է գնդապետ Սիանոսյանը, երբ հարցնում եմ, թե ինչպես է ծառայությունը համատեղում անձնական կյանքի հետ.

«Երկու որդի ունեմ: Այս ամռանը մեծ որդուս ամուսնացրեցի ու, ճիշտն ասած, թոռնիկի ենք սպասում: Այնպես, որ հիմա կնոջս ուշադրությունը մի փոքր շեղվել է այդ ուղղությամբ: Փոքր որդիս էլ ավիացիոն ինստիտուտի 3-րդ կուրսում է սովորում: Փաստորեն շարունակում է իմ գործը»,- ասում է գնդապետը:

Հետաքրքրվում եմ՝ արդյոք որդու մասնագիտության ընտրության վրա եղե՞լ է գնդապետի ազդեցությունը.

«Ճիշտն ասած նրա մասնագիտության ընտրության վրա ոչ միայն չկար իմ ազդեցությունը, այլև՝ կար իմ հակազդեցությունը: Ես չէի ցանկանում, որ ինքը դառնար զինվորական ու հատկապես զինվորական օդաչու: Որդիս նույնիսկ մեկ տարի ընդունվեց ու սովորեց պոլիտեխնիկում: Բայց մի օր զրույցի ընթացքում ասաց՝ պապ, ես քո համար եմ այնտեղ սովորում և ես մինչև հիմա ցանկանում եմ օդաչու դառնալ: Սկսեցի նորից հետ համոզել, բայց վերջում որոշեցինք՝ վերջ, էլ համոզել չի լինի»,- պատմում է Սամվել Սիանոսյանը:

Գնդապետի խոսքով՝ որդին արդեն կատարել է իր առաջին ինքնուրույն թռիչքը.

«Օդաչուի կյանքը երկու մասի է կիսվում՝ մինչև ինքնուրույն թռիչքն ու դրանից հետո»

Որդու առաջին թռիչքի մասին խոսելիս՝ գնդապետը հիշում է իրենը.

«Ավելի լավ կասեմ ռուսերենով՝ «это неописуемо»: Ոչ մի ուրիշ բանի հետ չես համեմատի, ո'չ թե դու թևեր ես ստանում, ո'չ թե մասնագիտություն ես ստանում՝ ոչ: Այսպես ասեմ, կարելի է օդաչուի կյանքը երկու մասի կիսել՝ մինչև ինքնուրույն թռիչքն ու դրանից հետո: Օդաչուի կյանքում դրանից հետո է սկսվում ամեն ինչ՝ և' բարդությունները, և' պարտականությունները, և' պատասխանատվությունը»:

«Ի դեպ, պատասխանատվության մասին»,- շարունակում է գնդապետը,- «Ուղղաթիռի դեպքում դու պատասխանատու ես ոչ միայն քո համար, տեխնիկայի համար, այլև՝ ուղղաթիռիդ մեջ եղած մարդկանց համար: Դու պատասխան ես տալիս ոչ միայն քո առջև, այլև՝ հայրենիքիդ առջև, քանի որ մարտական խնդիր ես կատարում: Ինչ վերաբերում է հրամանատարի պատասխանատվությանը կասեմ, որ դա բարդ է, բայց՝ հաճելի: Ոչ մի օդաչու տեղում մնալ չի սիրում և մասնագիտական աճը այս դեպքում բնական է»:

«Լավ օդաչու լինելու համար առաջին հերթին պետք է չստել: Երկինքը սուտը չի տանում»

«Մարդկանց կցանկանամ համբերություն: Դա՝ սառնասրտության հետ, ամենակարևորն է... Ինչպես նաև ցանկանում եմ, որ բոլոր ոլորտներում հավատարիմ լինեն իրենց տված երդմանը»,- ասում է գնդապետ Սիանոսյանը, երբ խնդրում եմ ամփոփել զրույցը:

«Ինչ վերաբերում է երիտասարդ օդաչուներին, իրենց կասեմ, որ լավ օդաչու լինելու համար առաջին հերթին պետք է չստել: Չստել հրամանատարին, չստել տեխնիկային ու ամենակարևորը՝ չստել ինքդ քեզ: Երկինքը սուտը չի տանում: Փորձը, վարպետությունը, տարիների հետ անպայման կգան»,- ասում է հրամանատարն ու շարունակում.

«Ու մի բան էլ եմ ցանկանում ասել: Այսօր երիտասարդ օդաչուների մոտ մենք ինչ-որ չափով տսենում ենք մտածելակերպի փոփոխությունը: Ես հիշում եմ մեզ, որ ձգտում էինք շատ թռնել, վատ եղանակի ժամանակ թռնել, բարդ հնարքներ կատարել օդում: Համարյա կռիվ էինք անում մեր հրամանատարության հետ, թե՝ ինչո՞ւ մենք չէ, ինչո՞ւ եք անպայման փորձառուներին թռիչքուղի հանում վատ եղանակին: Իսկ հիմա կարծես թե մի տեսակ շուտ են համաձայնում հրամանատարի որոշման հետ»:

«Լինելով հրամանատար՝ ես շատ կցանկանայի, որ օդաչուները հատկապես թռիչքների մասով, լինեին ակտիվ, ինչ-որ տեղ վիճեին ու անբեկանելիորեն չհամաձայնվեին հրամանատարության որոշումների հետ: Չեմ ուզում ասել, որ պասիվ են կամ անտարբեր, բայց կուզենայի, որ էլ ավելի՝ մաքսիմալ ակտիվ լինեն»,- զրույցն ավարտում է ուղղաթիռի օդաչու, հրամանատար, գնդապետ Սամվել Սիանոսյանն ու շարունակում աշխատել՝ վաղն օդանավակայանում թռիչքային օր է, ամեն բան ստուգել ու վերստուգել է պետք:

Նախորդող հրապարակումներ՝ Հետախույզ-դիպուկահար. Զինվորն ուժեղ է մարդկանցով, ովքեր իրեն հետ են սպասում

ԶՈՒ պարաշյուտիստներ. Մի թռիչքն անգամ, հզոր հարված է «պուզատիյ» համակարգին

Մասնագիտությունը` զինվոր. Մայոր Համբարձումյան. Աշխարհի ամենահզոր մարդը

ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ. Ընտանիքս ստորագրել է ինձ հավերժ սպասելու տակ

ՀՀ ԶՈՒ հրետանավոր. Մարդկանց մի խնդրանք ունեմ` միշտ վստահեք հայ զինվորին

ՀՀ ԶՈՒ «նվագախմբի տղաները». Մեր թմբուկով զինվորներին դիրք ենք ճանապարհում

ՀՀ ԶՈՒ հետախույզ. Ցեխ ու ջրի մարդ եմ, պոստերում եմ ազատ շնչում

ՀՀ ԶՈՒ տեխնիկ. Օդաչու ընկերդ քեզ է վստահում, դու` վերանորոգած ինքնաթիռիդ

ՀՀ ԶՈւ օդաչու. Պինդ պահած երկնքի, հավատարմության ու արյանը խառնած օդի մասին

ՀՀ ԶՈւ գումարտակի հրամանատար. Դու ես, քո զինվորն ու՝ վերջ

ԶՈւ վիրաբույժ. Սահմանին ես, թե՝ ոչ, միշտ սահմանով, դանակի սայրով ես քայլում

ՀՀ ԶՈւ ուղղաթիռի օդաչու. Պետք է չստես նաև ինքդ քեզ. Երկինքը սուտը չի տանում