.jpg)
Տարածաշրջանային բլոգ. Ադրբեջանը փորձում է դառնալ այլընտրանք՝ Եվրոպայի համար
Դեկտեմբերի 17-ին Բաքվում ստորագրվեց «Շահդենիզ» գազային հանքավայրի շահագործման երկրորդ փուլի ֆինանսավորման վերաբերյալ պայմանագիրը, ինչն, ըստ էության, լուրջ իրադարձություն է, քանի որ այդ պայմանագրով` 5 տարի անց Ադրբեջանը նոր գազամուղով Վրաստանի և Թուրքիայի միջով գազ կմատակարարի եվրոպական երկրներին` այլընտրանք դառնալով Եվրոպային գազի հիմնական մատակարար հանդիսացող Ռուսաստանին:
Նախագիծն արդեն անվանում են «Դարի պայմանագիր», նաև Վրաստանում են այդպես անվանում, քանզի «Շահդենիզ-2» նախագծի շրջանակներում հինգ տարվա ընթացքում Վրաստանում կիրականացվեն շուրջ 700 մլն դոլարի ներդրում, որի շնորհիվ շինարարական ողջ գործընթացին կներգրավվեն ավելի քան երկու հազար, իսկ գազատարի կառուցումից հետո մշտական աշխատանքով կապահովվի մոտ 130 մարդ, և որը ոչ պակաս կարևոր է, Վրաստանը որպես տարանցիկ երկիր կստանա 5% զեղջ գազի գնի դիմաց:
Այս նախագիծն, իհարկե, դեռ միայն թղթի վրա է, և դրա իրականացումը կախված է մի շարք հանգամանքներից, այդ թվում` տարածաշրջանային զարգացումներից, պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումից, ինչպես նաև՝ մասնակից երկրների նավթագազային ընկերությունների խոստացած ֆինանսական ներդրումներից, որոնց չափը հասնում է շուրջ 45 մլրդ դոլարի:
Բոլոր դեպքերում Վրաստանն իր շահը կունենա նաև այդ նախագծում, առաջին հերթին՝ որպես տարանցիկ երկիր, ինչպես և այսօր, քանի որ այդ երկիրը մասնակից է մի շարք էներգետիկ և տնտեսական նախագծերի: Ուղղակի մեզ համար անբարենպաստն այն է, որ վերոնշյալ նախագծերում Վրաստանը հիմնականում հանդիսանում է կապող օղակ Ադրբեջանի և Թուրքիայի միջև, և մեծ չափով տնտեսական և էներգետիկ կախվածության մեջ լինելով այդ երկրներից՝ երբեմն դառնում է նրանց կամակատարը:
Պարզապես Վրաստանի ներկայիս իշխանությունները, կարծես, առավել ըմբռնումով են մոտենում այդ խնդրին, և դա է նաև պատճառներից մեկը, որ վերջիններս ցանկանում են անպայմանորեն բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը թույլ կտա դուրս գալ թուրք-ադրբեջանական տնտեսական և էներգետիկ շրջափակումից: