.jpg)
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել ընդդիմադիրներին
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է արդար դատավարություն իրականացնի վերջերս ձերբակալված` Ընտրությունների Մոնիտորինգի և Ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի նկատմամբ:
Բաքվի դատարանը Անար Մամեդլիին երեք ամսով նախնական կալանքի է ենթարկել, մեղադրելով «ապօրինի ձեռնարկատիրության», «իշխանության չարաշահման» և հարկերից խուսափելու մեջ:
Կազմակերպությունն ընդգծում է, որ Մամեդլիի կազմակերպությանը սկսել էին հետևել և հետապնդել այն բանից հետո, երբ այն Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ զանգվածային կեղծիքներ էր գրանցել:
«Անար Մամեդլին, չնայած իշխանությունների կողմից իր և իր գործընկերների վրա շարունակաբար իրականացվող ճնշումներին, տարիներ շարունակ հանդես է եկել որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպան Ադրբեջանում», -ասել է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Դենիս Կրիվոշեևը:
Մինչ ձերբակալությունը Անար Մամեդլին պատմել է, որ իր կազմակերպության հետապնդումը քաղաքական դրդապատճառներ է ունեցել և արվել ի պատասխան այն արդյունքների, որ կազմակեպությունը ներկայացրել է:
«Եվրոպացի պաշտոնյաները շարունակում են աչք փակել և չնկատել Ադբեջանի կողմից իշխանություններին քննադատողների հանդեպ իրականացվող հալածանքները: Դրա վառ ապացույցը Ադրբեջանի ավտորիտար վարչակարգի հետ կնքված նոր էներգետիկ գործարքն է»,- ասել է Դենիս Կրիվոշեևը:
Կրիվոշեևը նշել է նաև, որ ադրբեջանական ՀԿ-ները տարիներ շարունակ ստիպված են եղել դիմադրել տարբեր սահմանափակումների և իրենց անդամների նկատմամբ մշտապես իրականացվող հարձակումներին:
«Ադրբեջան այցելող Եվրոպական պատվիրակությունը, անկախ առևտրային շահերից, պարտավոր է ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքերի վիճակի վատթարացմանը: $45 միլիարդ արժողությամբ գործարքի ստորագրումը պարզ է դարձնում, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը խույս տալիս սուր քննադատությունից», - ասել է AI ներկայացուցիչը: