.jpg)
ՄԻԵԴ վճիռը չի ազդի Ցեղասպանության միջազգային ճանաչման վրա. «Փաստինֆո»
Հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական հետապնդման ենթարկված Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը չի ազդի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա: «Փաստինֆոի» թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ գործն ինքնին գնահատելով որպես «բավականին հաջող թուրքական լոբբինգի արդյունք»:
Ա.Ղազարյանը միաժամանակ գտնում է, որ այն կազդի ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքներ ընդունելու գործընթացի վրա, ինչը ցեղասպանության ճանաչման գործընթացի էլեմենտներից մեկն է: «Քաղաքական դաշտում գործընթացները կշարունակվեն, գնալով ավելի ու ավելի շատ պետություններ կընդունեն, որ ցեղասպանություն է եղել, բայց չեն ընդունի օրենքներ»,- նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանը կպահպանի ցեղասպանության հերքման քրեականացնող դրույթը, ինչն իրավաչափ է և պայմանավորված է հասարակական սուր պահանջով:
«Մենք՝ հայերս, ցեղասպանության առաջին զոհերն ենք»,- ասել է նա: Եթե որևէ մեկը գա Հայաստան և հրապարակային հայտարարություններ կատարի՝ հերքելով 1915թ. դեպքերը՝ որպես ցեղասպանություն, դրա համար քրեական հետապնդման ենթարկվի և գործը հասնի Եվրոդատարան, Ա.Ղազարյանի կարծիքով, կարող է այլ որոշում կայացվել: Հայաստանի պարագայում կարող է ընդունվել, որ այստեղ իսկապես հասարակական սուր պահանջ կա, որպեսզի քրեական հետապնդման ենթարկվեն նման անձինք: «Եվրոպական դատարանն իր որոշումը միշտ տեղայնացնում է կոնկրետ հանգամանքների ներքո և ոչ թե համընդհանուր սկզբունք է սահմանում»,- ասել է Ա.Ղազարյանը՝ նկատելով, որ Շվեյցարիայի պարագայում Եվրոպական դատարանը չընդունեց, որ Շվեյցարիայում կա Հայոց ցեղասպանությունը հերքողներին քրեական պատասխանատվության ենթարկելու հասարակական սուր պահանջ:
Նյութի շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: