Տարածաշրջանային բլոգ. Ռուսաստանը փորձում է վերացնել «Ժնև-2»-ի խոչընդոտները
19/12/2013 21:40

Տարածաշրջանային բլոգ. Ռուսաստանը փորձում է վերացնել «Ժնև-2»-ի խոչընդոտները

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը քննադատել է ՍԱՀ նախագահ Բաշար ալ Ասադի հայտարարությունը՝ 2014թ. Սիրիայում սպասվող նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Ռուսաստանի փոխարտգործնախարարը մասնավորապես նշել է, թե այդօրինակ հայտարարությունները չեն նպաստում Սիրիայում իրավիճակի բարելամանը, այլ հակառակը՝ ավելի են ապակայունացնում դրությունը մերձավորարևելյան այդ երկրում:

ՌԴ փոխնախարարի նման հայտարարությունը կարելի է գնահատել մի քանի տեսանկյունից: Նախևառաջ, Դամասկոսից հնչող այսօրինակ հռետորաբանության վերաբերյալ Մոսկվայի կտրուկ արձագանքը կարելի է պայմանավորվել 2014 թ. հունվարի 22-ին նախանշված սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողովի նախապատրաստման ճանապարհին առաջացող խոչընդոտները բացառելու տրամաբանությամբ:

Տպավորություն է ստեղծվում, թե Ռուսաստանն իր հերթին փորձում է բոլոր հնարավոր միջոցներով կանխել համաժողովի կայացմանը և դրա վճռորոշությանը վտանգող անգամ բանավոր սպառնալիքները: Չէ՞ որ միջազգային հանրությունն ամեն ինչ անում է՝ ինչպես հակամարտության սիրիական կողմերի, այնպես էլ շահագրգիռ արտաքին ուժերի շրջանում վստահություն ստեղծելու նպատակով, թե հենց շվեյցարական Մոնտրյո քաղաքում մեկնարկվելիք «Ժնև-2»-ի շրջանակներում է վճռվելու Սիրիայի ապագան, իսկ սիրիական վարչակարգի առանձին ներկայացուցիչների պնդումները, թե անկախ ամեն ինչից՝ Ասադի դերակատարությունը վճռորոշ է լինելու ապագա Սիրիայում, միայն վտանգում են վերոնշյալ թեզը և սպառնում ի չիք դարձնել առանց այդ էլ բավականաչափ երերուն նախնական պայմանավորվածությունները՝ համաժողովի շրջանակներում շահագրգիռ կողմերի հնարավորինս ընդգրկուն մասնակցություն ապահովելու հարցում:

Այս համատեքսում, Բոգդանովի հայտարարությունը չափազանց կարևոր էր՝ հատկապես վերջին օրերին շրջանառված այն տեղեկատվության պարագայում, թե Արևմուտքը համակերպվել է Սիրիայի նախագահի պաշտոնում ալ Ասադի լիազորությունները պահպանելու տարբերակին, քանի որ մտավախություններ ունի, թե երկրում իշխանության գլուխ կարող են գալ իսլամական արմատականները, թեկուզ և Վաշինգտոնը պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆի շուրթերով շտապեց հերքել «Ժնև-2»-ին ընդառաջ իրականացվող ստվերային բանակցություններից ստացված ինֆորմացիան:

Բացի այս, պետք է ընդգծել ևս մեկ հանգամանք՝ մասնավորապես, որ նման դիրքորոշմամբ Մոսկվան փորձում է նաև ցուցադրել իր սկզբունքայնությունը ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների համատեքստում ստանձնած պարտավորությունների հանդեպ, ասել է թե, Ռուսաստանը ոչ միայն կարողացավ հաստատուն կերպով երաշխավորել սիրիական իշխանությունների մասնակցության ապահովումը միջազգային համաժողովին, այլև ձգտում է պահպանել ակնկալվող բանակցությունների կառուցողական ոգին, դրան գումարած՝ աջակցելով նաև արևմտյան գործընկերոջը՝ ԱՄՆ-ին՝ այս պայմանավորվածությունների շրջանակներում ավելի բարդ պարտավորության՝ բազմաշերտ սիրիական ընդդիմությանը համախմբելու և միջազգային համաժողովին մասնակցության երաշխիքներ ստանալու գործում. և այս ամենը Սիրիայի ներսում տեղի ունեցող գործընթացների պայմաններում, երբ նույն ընդդիմությունը և հատկապես նրա ռազմական թևը համակողմանիորեն զիջում է իր դիրքերը մի կողմից վարչակարգային ուժերից կրած պարտությունների, մյուս կողմից՝ տարաբնույթ իսլամական ծայրահեղական խմբավորումներից հասցված հարվածների և երրորդ՝ ներքին պառակտումների պատճառով:

Առկա գործընթացների պայմաններում պարզ է դառնում, որ «Ժնև-2»-ի գլխավոր նախաձեռնող գերտերությունները հնարավորինս հաշվի են առել նախկինում համաժողովի կազմակերպման ձգձգման հիմնական պատճառները և հատկապես նման հանդիպման անչափ կարևորությունը Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի և սպառնացող զարգացումների համատեքստում: 

Տարածաշրջանային բլոգ. Ռուսաստանը փորձում է վերացնել «Ժնև-2»-ի խոչընդոտները