.jpg)
Թուրքիան ամեն ինչ անում է, որ Սիրիայում հայեր չմնան. ՍԴՀԿ ատենապետ
Սիրիայում խաղաղության հաստատմանը դեմ է հատկապես Թուրքիան: Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Սիրիայում քրիստոնյաներ ու հատկապես հայեր չմնան, հայկական համայնքը վերանա: Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է Ն. Գալստյանը:
Վերջինիս ուղեկցում էին ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամներ՝ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, արտակարգ և լիազոր դեսպանորդ Դմիտրի Մարտիրոսյանը և Գագիկ Մելիքյանը: Հանդիպման ընթացքում պարոն Նայալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին Սիրիայի հարցում ունեցած հավասարակշիռ վերաբերմունքի համար, ինչպես նաև ընդգծել է Սիրիայում բնակվող հայերի դերն այդ երկրում խաղաղության ամրապնդման հարցում:
ՍԴՀԿ ատենապետն ընդգծել է, որ իրենց համար Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, ինչպես նաև եղբայրական երկրում խաղաղության հաստատման կարևորությունը:
«Խոսակցություններ կան, որ որոշ թուրքական կազմակերպությունները գլխագին են նշանակել ամեն մի սպանված հայի համար» ,-նշել է ՍԴՀԿ ատենապետը:
ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը հույս է հայտնել, որ շուտով Սիրիայում խաղաղություն կվերահաստատվի, և Սիրիայի ու Հայաստանի մեջ կվերականգնվեն երբեմնի աշխույժ և սերտ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը: