Արամ Մանուկյանը` նախարարին. Դուք ծիծակ կամ այծի պանիր չեք ծախում
20/12/2013 17:08

Արամ Մանուկյանը` նախարարին. Դուք ծիծակ կամ այծի պանիր չեք ծախում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը մինչև խորհրդարանի ամբիոնից կսկսեր ելույթը, ցույց տալով ձեռքի թղթապանակը, ասաց, որ դրա վրա աշխատել է մեկ տարի:

Շարունակելով խոսքը` ՀԱԿ պատգամավորն ասաց, որ ինքը ներկայացնում է գազի գնի հետ կապված իշխանությունների խաբեությունները:
Այսպես` Արամ Մանուկյանը ներկայացրեց, որ 2008-ից սկսած հինգ անգամ գազի գինը բարձրացել է, բայց ժողովուրդը, պատգամավորի խոսքով, սրա մասին իմացել է 2 անգամ միայն, վերջինի մասին նույնիսկ` ուշացումով:

Հաջորդ խաբեությունը, որի մասին խոսեց Մանուկյանը, վերաբերում էր «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասին. «20 տոկոսի հարցն ի սկզբանե կար, այդ մասին վաղուց է քննարկվում` որպես միջոց պարտքերը չմուծելու և գազը չկտրելու համար»:

Այնուհետ Ա. Մանուկյանը, դիմելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, ասաց. «Պարոն նախարար, Դուք այս ամբիոնից երեք անգամ «քյաշ» բառն եք օգտագործել, ի՞նչ է դա նշանակում: Նախ, դա քաղաքավարի չէ, բայց դա դեռ մի կողմ: Էն որ Դուք ծիծակ կամ այծի պանիր չեք ծախում քյաշ փողով, դա հաստատ է»,- ասաց ՀԱԿ պատգամավորը` ավելացնելով, որ նախարարի ելույթում սպասում է «քյաշի» բացատրությունը, ինչպես նաև ասաց, որ Մովսիսյանը ստում է, թե ռուսներին պետք է տալ «քյաշ փող»:

«ՀայՌուսգազարդը», պատգամավորի խոսքով, չէր կարող մինուսով աշխատել, քանի որ. «Մոնոպոլ ապրանք էր վաճառում, որովհետև որևէ արտառոց բան չէր կարող տեղի ունենալ: Նույնիսկ 10-15 տոկոս շահույթով է աշխատել, և չէր կարող 165 մլն պարտք հավաքել»:
Եզրափակելով խոսքը` ՀԱԿ պատգամավորն ասաց, որ սա գործարք է ՀՀ անկախության դեմ:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում քննարկվում է դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: 

Արամ Մանուկյանը` նախարարին. Դուք ծիծակ կամ այծի պանիր չեք ծախում