«Ամանորը հրաշքների տոն է». Աշտարակի աշակերտներն այցելեցին գիշերօթիկ դպրոց
20/12/2013 19:00

«Ամանորը հրաշքների տոն է». Աշտարակի աշակերտներն այցելեցին գիշերօթիկ դպրոց

Ամանորին բոլոր երեխաները պետք է երջանիկ լինեն: Այս սկզբունքով առաջնորդվելով` այսօր Աշտարակ քաղաքի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի աշակերտներն այցելեցին նույն քաղաքի թիվ 1 գիշերօթիկ դպրոց.

«Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչքան ուրախացան և' մեր դպրոցի, և' գիշերօթիկի երեխաները»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ավագ դպրոցի ուսուցչուհի Անի Ծատուրյանը` նշելով, որ միջոցառումը կազմակերպվել է ուսուցչական կազմի, տնօրեն Մարինե Սուքիասյանի և, իհարկե, աշակերտների ակտիվ մասնակցությամբ.

«Գաղափարը ծնվեց շատ պատահաբար: Դասարաններից մեկում բարեգործության մասին դաս էինք անցնում ու աշակերտները միանգամից ցանկացան Ամանորին ընդառաջ մի լավ բան անել: Այս գաղափարը միանգամից ողջունեց տնօրենն ու ուսուցչական կազմը: Միասին հավաքեցինք նվեր-փաթեթներ, որոնց մեջ կար հագուստ, խաղալիքներ, քաղցրավենիք ու այսօր այցելեցինք գիշերօթիկ դպրոց»,- պատմեց Անի Ծատուրյանը՝ ավելացնելով, որ իրենց հետ գիշերօթիկ դպրոց են այցելել նաև Ձմեռ պապն ու Ձյունանուշը.

 

«Այնտեղ մենք նախապես տոնածառ էինք դրել ու այսօր միջոցառումն անցավ շատ ուրախ: Երեխաները երգեցին, պարեցին ու պատկերացրեք երկու դպրոցների երեխաներն այնքան ընկերացան, որ մեր դպրոցի որոշ երեխաներ դեռ գիշերօթիկում են, քանի որ չեն կարողանում կտրվել համատեղ խաղերից»,- պատմեց ուսուցչուհին:

Մանկավարժի խոսքով՝ գիշերօթիկի երեխաները ոչ միայն նվերներից ուրախացան, այլև՝ այն ընկերական ու բարի միջավայրից, որ ստեղծվել էր իրենց շուրջ.

«Ամանորը հրաշքների տոն է, ու ամեն երեխա իրավունք ունի հավատալ հրաշքին»,- ասաց Անին՝ խոստանալով, որ բարգերոծությունն այսուհետ լինելու է իրենց դպրոցի ավանդույթներից մեկը:

«Ամանորը հրաշքների տոն է». Աշտարակի աշակերտներն այցելեցին գիշերօթիկ դպրոց