Երևանում հրազենով սպանված շան գործը ոստիկանությունում է. Լուսանկար (16+)
20/12/2013 17:41

Երևանում հրազենով սպանված շան գործը ոստիկանությունում է. Լուսանկար (16+)

Օրեր առաջ «Դինգո» կենդանասերների թիմն ահազանգ ստացավ, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում հրազենի միջոցով շուն են սպանել: Թիմի Facebook-յան էջում տարածվեց լուսանկար, որից պարզ դարձավ՝ շանը սպանել են ձագերի աչքի առաջ…



«Նախկինում ևս մենք ունեցել ենք հրազենով շուն սպանելու մասին բազմաթիվ ահազանգեր, բայց չկար որևէ փաստացի ապացույց, ինչը թույլ կտար դիմել իրավապահ մարմիններին: Հիմա այդ ապացույցն ունեինք»,- Aysor.am-ի հետ զրույցում պատմեց «Դինգո» թիմի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը` նշելով, որ սպանված շանն անմիջապես տարել են փորձաքննության, ինչի արդյունքում նրա մարմնում գտնվել է հրազենի գնդակը.

«Այդ գնդակն ու փորձաքննության արդյունքը մենք ներկայացրել ենք ոստիկանություն, որտեղ մեր դիմումը վերցրել են քննության ու խոստացել դրա ընթացքի մասին անընդհատ տեղյակ պահել մեզ»,- ասաց Օվսաննան` ընդգծելով, որ այս դեպքում բացահայտ կերպով խախտվել է 2 օրենք՝ մեկը բնակելի վայրում հրազեն օգտագործելու մասին օրենքը, մյուսը՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 92-րդ հոդվածը` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին:

«Մենք հետևելու ենք գործի ընթացքին և հասնելու ենք դրա տրամաբանական ավարտին: Վե՛րջ անպատժելիությանը»,- ասաց Օվսաննա Հովսեփյանը:

Նշենք, որ սպանված շան ձագերն այսօր «Դինգո» կամավորների հոգածության տակ են, սակայն նրանց պետք են մշտական տերեր: Եթե ցանկանում եք որդեգրել ձագերից մեկին կամ որևէ բանով օգնել նրանց, կապվեք Օվսաննա Հովսեփյանի կամ «Դինգո» կամավորների էջի հետ:
 

Երևանում հրազենով սպանված շան գործը ոստիկանությունում է. Լուսանկար (16+)