.jpg)
Մինսկի խմբի հայտարարությունը` տարածաշրջանային այցի արդյունքների վերաբերյալ
ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջանային այցի արդյունքների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի դեսպան Իգոր Պոպովը, Ֆրանսիայի դեսպան Ժակ Ֆորը և ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ուորլիքը) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դեկտեմբերի 15-19-ին այցելել են տարածաշրջան՝ քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին իրադարձությունները:
Համանախագահները դեկտեմբերի 15-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, իսկ դեկտեմբերի 16-ին Երևանում հանդիպել են Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ: Նրանք մեկնել են Լեռնային Ղարաբաղ և դեկտեմբերի 17-ին հանդիպել են նրա դե-ֆակտո իշխանությունների հետ: Նախագահներն ու համանախագահները քննարկել են նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպման և դրան հաջորդած դեկտեմբերի 4-5-ին Կիևում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպումների արդյունքները:
Նրանք վճռականություն են հայտնել 2014 թվականի հունվարին շարունակել առարկայական այդ բանակցությունները: Համանախագահներն ընդգծել են, որ վերջերս սահմանում գրանցված բռնության գործողությունները վտանգում են խաղաղության հեռանկարները: Նրանք կոչ են արել կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ուժեղացնել լարվածությունը և աշխատել բանակցային սեղանի շուրջ առաջընթաց գրանցելուն նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ:
Համանախագահները մեկնելու են Շվեյցարիա՝ հունվարին խորհրդակցություններ անցկացնելու համար ԵԱՀԿ-ի նոր նախագահ-երկրի հետ, ապա պլանավորված է երկու արտգործնախարարների հանդիպումը՝ կապված հաջորդ գագաթաժողովի նախապատրաստման հետ»: