.jpg)
Արթուր Իսպիրյան. Մեր էստրադան մտել է Թուրքիա. Life.panorama.am
Life.panorama.am-ը ներկայացնում է երգիչ Արթուր Իսպիրյանի հետ անցկացված հարցազրույցի առաջին մասը:
-Արթուր, 2013-ը հանգստի տարի՞ էիք հռչակել: Ձեր մասին,կարծեք ավելի քիչ լսեցինք…
-Այդպես թվում է, բոլորովին պասիվ չեմ եղել երգարվեստում: Պարզապես շատ քիչ հեռուստահաղորդումների եմ մասնակցել, ինչն իմ մեղքով չէր: Դե, հեռուստատեսությունը մեծ ուժ ունի, և երբ քիչ ես երևում, գործերդ երբեմն աննկատ են մնում… Հիմա այն թիվն է, որ դու պետք է քեզ գնահատես, առաջ «բրթես»: Նախկինում տաղանդավոր մարդուն փնտրում, գտնում էին, հիմա ընդհակառակը՝ նրանցից խուսափում են…

-Քիչ երևալու խնդիրը երևի նաև տեսահոլովակ չունենալու մեջ է:
-Ներկա պահին 4 անգլերեն դուետներ ունեմ երիտասարդ երգիչ-երգչուհիների հետ: Այն երաժիշտը, ում հետ աշխատում էի, Հայաստանից հեռացավ և երգերը մի քիչ անավարտ մնացին… Գիտեք, այսօր տեսահոլովակ նկարահանելը բավական գումարների հետ է կապված: Մտածում եմ՝ եթե այդ գումարը պետք է տամ տեսահոլովակի համար, ավելի շատ ձայնագրություններ, բարեգործություններ կանեմ նման գումարով… Վերջին տեսահոլովակս 12 րոպեանոց կինո-համերգ է՝ նվիրված Արտեմի Այվազյանին, ինչը, չգիտեմ ինչու, չեն ցուցադրում… Երևի իրենց ստանդարտներին չի համապատասխանում, պետք է ավելի կոմերցիոն և ռեստորանային երաժշտություն լիներ, որ ցուցադրեին…
-Այսօրվա հայկական էստրադայից, փոփ երաժշտությունից գո՞հ եք:
-Բավական հետ է գնացել… Այնքան է գնացել, որ մտել է Թուրքիա…
-Ինչո՞ւ, լավ դպրոց չունենք, թե ցանկություն չունենք, թե՞…
-Պրոֆեսիոնալներ չունենք ոչ մի ասպարեզում՝ քննադատներ, հաղորդավարներ երաժշտական հաղորդումներում, «ֆիլտր» չունենք, որպեսզի ամեն աղբ չթողնեն եթեր գնա, «ցենզուրա» բոլորովին չկա… Մեկ-մեկ վախենում եմ, երբ հեռուստացույց եմ միացնում և տեսնում այդ թուրքական ելևէջներով նոր երգիչներին… Ամբողջ Երևանով կպցրած են մի անհասկանալի երիտասարդի «Օլյա» երգի պաստառները, բայց վախենում եմ այդ երգը լսել…

-Վերահսկողությունը որտեղի՞ց պետք է սահմանվի:
-Ամեն ինչ փոխկապակցված է՝ իշխանական ճաշակ է, ազգային ժողովում շատ պատգամավորներ կան, որ դա են լսում, շատ հովանավորներ դրա համար են գումար տալիս…Մի խայտառակ վիճակ է փոփ-երաժշտության ասպարեզում: Տաղանդավոր երիտասարդներ, համաշխարհային մասշտապի համույթներ ունենք, բայց հեռուստաէկրաններին նման այլանդակություն է տիրում… Արդեն ամաչում եմ իմ՝ այնտեղ երևալուց…Միացյալ նահանգներում մարդիկ կարոտում են հայ երաժշտությունը, միացնում են հեռուստատեսությունը ու… լսում են տգիտություն, անգրագիտություն:
Հարցազրույցի շարունակությունը՝ առաջիկայում: