Երկուշաբթի կայանալիք ակցիայի մասնակիցները ԱԺ կգնան գազի բալոններով
21/12/2013 15:25

Երկուշաբթի կայանալիք ակցիայի մասնակիցները ԱԺ կգնան գազի բալոններով

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:30-ին կայանալու է «Որոշողը մենք ենք» նախաձեռնության հերթական ակցիան: Այդ ժամին տեղի է ունենանլու ԱԺ նիստը: Նախաձեռնության անդամները պատգամավորներից պահանջում են չվավերացել դեկտեմբերի 2-ին ՀՀ և ՌԴ նախագահների ստորագրած գազային համաձայնագրերը:

«Առաջարկում եմ՝ մասնակիցներից մի քանիսը աշխատող գազի բալոն բերեն իրենց հետ: Համ թեմայի մեջ է՝ կարելի ա բալոնների վրա լոզունգներ գրել, համ հնարավորություն կլինի տաքանալ, թեյ տաքացնել, նույնիսկ ուտելու բան, եթե որևէ մեկը բերի: Եթե ոստիկաններին դուր չգա, կարելի ա ասել՝ դուք ձեր մեքենաների բալոնները հանեք, մենք էլ սրանք կտանենք»,- «Որոշողը մենք ենք» խմբում գրել է նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն քվեարկության չդրեց համաձայնագիրը, որով ՀՀ կառավարությունը «ՀայՌուսգազարդում» ունեցած իր 20 տոկոս մասնաբաժինը հանձնում է ռուսական «Գազպրոմին»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով քվեարկությունը հետաձգվեց:

«Որոշողը մենք ենք» նախաձեռնության անդամները նույն կոչով նաև երեկ էին ԱԺ-ի դիմաց: Նրանք փորձեցին անգամ փակել Բաղրամյան պողոտան, բայց ոստիկանությունը բերման ենթարկեց ակտիվիստներից մի քանիսին:
 

Երկուշաբթի կայանալիք ակցիայի մասնակիցները ԱԺ կգնան գազի բալոններով