.jpg)
Պատվաստումը ուշացնելու պատճառով այս տարի Երևանում երեխա է մահացել
Մինչև մեկ տարեկան երեխաների պատվաստման ցուցանիշը 95 տոկոս է: Այսօր Աղվերանում ընթացող առողջապահական սեմինարի ժամանակ ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նա նաև նշեց, որ հաճախ է հնչում, որ այս կամ այն հիվանդության դեպքեր չեն արձանագրվել, հետևաբար պատվաստելը պարտադիր չէ: Գ. Սահակյանի խոսքով՝ սրսկելուց հետո քսան օր է պետք պատվաստանյութի ազդեցության համար, եթե բռնկում լինի՝ հիվանդությունը քսան օր չի սպասի:
Գ. Սահակյանը փոխանցեց, որ այս տարի կապույտ հազից երեք ամսական երեխա է մահացել մայրաքաղաքում: Մայրը ձգձգել է պատվաստումը տարբեր պատճառաբանություններով, երեխան մահացել է մի հիվանդությունից, որը պատվստվում էր և կարելի էր կանխել միայն պատվաստվելով:
Նա նաև այն կարծիքին է, որ չպետք է սպասել, որ դեպքեր արձանագրվեն, հետո պատվաստել, անհրաժեշտ է նախապես ապահովագրել փոքրիկների կյանքը տարբեր մահացու հիվանդություններից:
Իսկ այն, որ պատվաստումները կարող են փոքրիկների մահվան պատճառ դառնալ, Գայանե Սահակյանը կտրուկ հերքեց, շեշտելով, որ պատվաստումից հետո երեխաները մեկ-երկու օր կարող են ջերմություն ունենալ, եթե դա շարունակվում է մեկ շաբաթ, ապա պատճառը կարող է վիրուսային հիվանդություն լինել:
Aysor.am-ի հարցին՝ Հայաստանում կրոնական համոզմունքներից ելնելով արձանագրվում են պատավստումներից հրաժարվելու դեպքեր, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը փոխանցեց, որ նման դեպքեր գրանցվել է Արմավիրի մարզում «Եհովային վկաների» շրջանում, սակայն այդ խնդիրը կարգավորված է: