Կարծիքներ. Եվրոպային ինտեգրվելով` իշխանությունները կարող էին հպարտանալ
21/12/2013 16:50

Կարծիքներ. Եվրոպային ինտեգրվելով` իշխանությունները կարող էին հպարտանալ

Հայաստանում սեպտեմբերի 3-ից հետո, այսպես ասած, ներկա-բացակա արվեց: «Հայ ժողովրդի և Հայաստանի անցնող տարվա ձեռքբերումներն ու կորուստները» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

Մինչև սեպտեմբերի 3- ը, շարունակեց խոսքը Ա. Արշակյանը, իշխանությունն ինքն էր գնում անկախացման, սակայն սեպտեմբերի 3-ին, լավ կլիներ, որ իշխանությունը հրաժարական տար. «Դրանից հետո մենք կորուստ ունեցանք. Կորցրեցինք իշխանություն, որը մինչ այդ դրական գործունեություն էր ծավալել: Արդեն առանց կասկածելու գիտենք, թե ովքեր են հայկական պետականության կողմնակիցները ու ովքեր են հայ ժողովրդին պետական չհամարող գործիչները: Ես միշտ կարծել եմ, որ դա գաղտնիք է, որը պետք է թաքցնել, սակայն հիմա հայտարարում են այդ մասին»:

Ինչ վերաբերում է Հայաստանի` Եվրոպային ինտեգրվելուն, ապա բանախոսը նկատեց, որ այդ ծրագիրը շատ կարևոր էր Հայաստանի համար, և իշխանությունը դրանով կարող էր հպարտանալ:

Քննարկմանը մասնակից ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էլ իր հերթին ասաց, որ այս տարին գոնե իր համար պետք է լիներ ժողովրդավարության համակարգի ամբողջական ներդրման տարի:

«Դա չեղավ, բայց կյանքն այլ «նվեր» մատուցեց: Պատմությունը կրկնվում է, ինչպես 18-րդ դարում ռուսական իմպերիալիզմը պարսկական իմպերիալիզմի հետ դաշինք կնքեց և կործանեց հայկական պետականությունը: Մեր օրերում, երբ Հայաստանն ընդամենը պետք է մերձեցներ իր հարաբերությունները Եվրոպայի հետ, Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ նախընտրում են Ոսկե Հորդան»,- ասաց Պ. Հայրիկյանը:

Եզրափակելով խոսքը` Հայրիկյանը ևս մեկ անգամ հիշեցրեց իրենց անցկացրած հարցումը, ըստ որի, հայ ժողովրդի միայն 23%-ն է կողմ Մաքսային միությանն անդամակցելուն. «Սակայն Հայաստանին ստիպեցին ենթարկվել ռուսական իմպերիալիզմի անառողջ հավակնություններին»:
 

Կարծիքներ. Եվրոպային ինտեգրվելով` իշխանությունները կարող էին հպարտանալ