Օբամա. Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտություն չկա
21/12/2013 15:39

Օբամա. Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտություն չկա

«Ես ցանկանում եմ դիվանագիտական ճանապարհով Իրանին հետ պահել միջուկային զենք ստեղծելուց»,- այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Միացյալ Նահանգների նախագահը, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցող բանակցություններին, մասնավորապես նշել է.

«Իրանի հետ բանակցելու նպատակը այն է, որպեսզի Իրանը չկարողանա միջուկային զենք ստեղծել: Իրանի միջուկային խնդրի լուծման բոլոր տարբերակները դեռ սեղանի վրա են, սակայն ինձ համար կարևոր է փորձարկել, հնարավո՞ր է արդյոք Իրանի հետ գալ համաձայնության, թե ոչ»:

Բարաք Օբաման, անդրադառնալով Սենատի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությանը, նշել է. «Պատժամիջոցները նրա համար են, որպեսզի երկրները մոտենան բանակցության սեղանին, սակայն, եթե Իրանը եկել է բանակցելու, ապա պատժամիջոցների անհրաժեշտություն չկա»:

Նշենք, որ ԱՄՆ Սենատի 13 հանրապետական և 13 դեմոկրատ սենատորներ Իրանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ են մշակել: Նախօրեին Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեյ Քարնին հայտարարել էր, որ Եթե ԱՄՆ Սենատը հաստատի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը, նախագահ Բարաք Օբաման վետո կկիրառի»:

Հավելենք, որ Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև ս.թ. նոյեմբերի 24-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է ձեռնպահ մնան Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուց: Իրանն էլ իր հերթին պարտավորվել է 6 ամսվա ընթացքում ուրանը 5 տոկոսից ավել չհարստացնել: 

Նախորդող հրապարակում՝ «Ժնևյան համաձայնագրով» սկսվեց Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Օբամա. Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտություն չկա