.jpg)
Տարածաշրջանային բլոգ. Հայ-թուրքական կապեր. Իրատեսության և իմիտացիայի միջև
Կա տեսակետ, թե Դավութօղլուի՝ այցը Երևան արդեն իսկ Թուրքիայի քաղաքականության համար շահեկան էր, Թուրքիայի կողմից կազմակերպված շոուն ստացվել է և այլն, սակայն միայն այցն ու դրանով արդյունք ցույց տալը, մեղմ ասած, ստացված չի կարող լինել:
Ա. Դավութօղլուն մասնակցեց ՍԾՏՀԿ նստաշրջանին, նրա այցը կրում էր աշխատանքային բնույթ: Որքան էլ թուրքական կողմը փորձում էր դրան երկկողմ հանդիպման բնույթ հաղորդել, խնդիրը ներկայացնել հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից, փաստը մնում է փաստ: Իսկ Նալբանդյան-Դավութօղլու երկկողմ հանդիպումը կրկին այդ նստաշրջանի ձևաչափում էր, արարողակարգային բնույթ էր կրում, որքան էլ քննարկվի կամ շոշափվի երկկողմ հարաբերությունների խնդիրը:
Եթե թուրքական կողմը փորձում է Դավութօղլուի այցը ներկայացնել որպես բարի կամքի դրսևորում, իրականում նման կամք դրսևորող կողմը Հայաստանն էր, քանի որ որպես հյուրընկալող կողմ՝ ՀՀ արտգործնախարարը կարող էր և հրաժարվել երկկողմ ձևաչափով հանդիպումից: Թուրքիայի կողմից իմիտացիոն ֆոնի, տպավորությունների ստեղծումը և այլն, այլևս անհեռանկարային ու քաղաքական հետևանքերի առումով անարդյունավետ մարտավարական հնարքներ են: Դավութօղլուն եկավ և ևս մեկ անգամ լսեց հայկական կողմի հաստատակամ դիրքորոշումը, որը 2009 թ-ից չի փոխվել:
Խնդիրը բովանդակային է, որը ռեալ քայլեր է ենթադրում: Այսինքն՝ զուտ այցով Թուրքիայի համար դիվիդենտենր ապահովելը իրատեսական չէ: Արդեն իսկ Թուրքիայի համար նման իմիտացիոն քայլերն էլ ոչինչ են, եթե դրան գումարենք նաև միջազգային հանրության հետաքրքրվածությունը:
2009թ. հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո մինչև օրս էլ տարբեր առիթներով Թուրքիան իմիտացիոն գործընթացով տպավորություն է ստեղծել, սակայն իրավիճակը փոխվել է, այլևս նման քաղաքականությամբ չի կարող գոհացնել միջազգային հանրությանը, որը սպասում է ռեալ քայլերի, իսկ մեծ հաշվով թուրքական իմիտացիոն քայլերը ոչինչ չեն կարող տալ:
Այս պարագայում, ի սկզբանե, մշակված խաղի կանոնները, որը դրվել էր գործընթացի շարունակականության հիմքում, խախտել է Թուրքիան, ինչով սկսված առանց այդ էլ փխրուն գործընթացը ձախողեց: Հայկական կողմը մինչև օրս պաշտպանում է այն խաղի կանոնները, որոնք ի սկզբանե դրվել էին գործընթացի հիմքում, ինչն ընկալելի է միջազգային հանրության համար: Այս համատեքստում՝ Դավութօղլուի երևանյան այցն ու դրա շուրջ տպավորությունների ստեղծումը, հերթական իմիտացիան ռեալ քաղաքականության առումով Թուրքիային ոչինչ չի կարող տալ: Հայաստանի դիրքորոշումը պարզ է և հստակ, մինչդեռ Թուրքիայի կողմից իր ներկա դիրքորոշումը չփոխելու դեպքում՝ անիմաստ է խոսել ռեալ որևէ գործընթացի մասին: Իմիտացիան կարող է լինել զուտ կարճաժամկետ մարտավարական քայլ, որից հետո ստիպված է լինելու ռեալ քայլերի, իսկ քայլերի առումով Թուրքիան դժվարին իրավիճակի մեջ է: Իսկ խնդրին զուտ քաղաքական պրագմատիզմի ու դիվանագիտության տեսանկյունից մոտենալով՝ վերջին տարիների իրավիճակը ցույց տվեց, որ թուրքական դիվանագիտության միֆականացված ընկալումը մեզանում արդարացված չէ:
Հայաստանը որևէ հետքայլ չունի, ինչը վերահաստատվեց նաև Դավութօղլուի այցի ժամանակ, մինչդեռ Թուրքիայի համար իր սկսած խաղը գնալով ավելի է բարդանում, իսկ իմիտացիաները, որքան էլ Թուրքիան ջանա, արդեն էական չեն կարող լինել քաղաքական արդյունքի տեսանկյունից: Թուրքիայի սկզբնական հաշվարկները, որոնք դրվել էին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում, չարդարացրեցին ակնկալիքները կամ սպասված արդյունքը չտվեցին, ուստի Անկարան ստիպված է գնալ իր դիրքորոշման վերանայման ու փոփոխության: Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում ներկա դիրքորոշումից բացի այլ տարբերակ չի քննարկում, մինչդեռ Թուրքիան ստիպված է լինելու գնալ վերանայման:
ԱԶԿ-ի տարածաշրջանային քաղաքականության վերաձևմանը միտված «Զրո խնդիր հարևանների հետ» հայեցակարգային դրույթն էլ ավելի սպառվեց Հայաստանի հետ հարաբերությունների հարցում, իսկ հայկական գործոնն այդ հարցում երկրորդայիններից չէր: Տարածաշրջանային քաղաքականության մի շարք հիմնախնդիրներում և Հայաստանի հետ հարաբերությունների հարցում Անկարայի քաղաքական իրատեսության պակասը դարձավ ձախողման պատճառ: