.jpg)
«Հայաստանում մայդանի» չկայացման պատճառները՝ ըստ Տեր-Պետրոսյանի. ilur.am
Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստ, որտեղ ելույթ է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին գրում է ilur.am-ը:
Այսպես՝ Տեր-Պետրոսյանն իր ելույթում ասել է.
«Սիրելի գործընկերներ,
Անկախ պետականության վերականգնումից հետո, քաղաքական առումով, Հայաստանն այսօր, թերևս, ապրում է իր ամենաշփոթ կամ անհստակ ժամանակաշրջանը։ Վստահ եմ, որ ձեզ, ինչպես և ողջ հասարակությանը, հուզում են բազմաթիվ հարցեր՝ կապված մեր երկրի ներկա վիճակի և ապագա հեռանկարների հետ։ Իմ հակիրճ ելույթում ես կփորձեմ պատասխանել այդ հարցերից միայն մեկին, որը տվյալ պարագայում, կարծում եմ, ամենաշատն է հետաքրքրում բոլորին.
Ինչո՞ւ Հայաստանում մայդան տեղի չունեցավ և հայ ժողովուրդն, ի տարբերություն ուկրաինացիների, չընդվզեց Եվրոասոցացման պայմանագրից հրաժարվելու և Մաքսային միությանը միանալու անակնկալ որոշման դեմ։ Դրա պատճառները գուցե շատ են, բայց ես կբավարարվեմ մատնանշելով ընդամենը երեքը։
1. Պատճառներից առաջինն ու գուցե ամենահիմնականն, իմ կարծիքով, պատմական է։ Հակառուսական տրամադրված որոշ անհատների և մարգինալ տարրերի մշտակա առկայությամբ հանդերձ, Հայաստանում հակառուսականություն, որպես երևույթ, երբևէ գոյություն չի ունեցել և հիմա էլ գոյություն չունի։ Անկախ նրանից՝ տվյալ կատեգորիկ պնդումը ոմանց դուր կգա, թե ոչ, մենք գործ ունենք մի անհերքելի իրողության հետ, որի ակունքները պետք է փնտրել բացառապես հայ ժողովրդի ոչ հեռավոր պատմության ծալքերում։ Անհնար է ժխտել, որ վերջիվերջո հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովվել և հայոց պետականությունը վերականգնվել է Մեծ Հայքի ռուսական տիրապետության տակ հայտնված տարածքում։ Հետևաբար, անհնար է նաև այս իրողությունը ջնջել հայ ժողովրդի պատմական հիշողությունից՝ վերածված գրեթե կենսագոյության բնույթի ենթագիտակցության, ինչը հատուկ է մանավանդ ցեղասպանության ենթարկված ազգերին։ Այս ամենը չի նշանակում, անշուշտ, որ հայ ժողովուրդը տառապանքներ չի կրել ցարական Ռուսաստանում կամ Խորհրդային միությունում։ Սակայն, ի տարբերություն Օսմանյան Թուրքիայի, այդ տառապանքները չեն սպառնացել նրա ֆիզիկական գոյությանը և ամենևին չեն բխել հայերի նկատմամբ ռուսների տածած խտրական վերաբերմունքից։ Ցարական Ռուսաստանում և Խորհրդային Միությունում հայ ժողովուրդը տառապել է այնքան, որքան կայսրության մնացյալ բոլոր ժողովուրդները, ոչ ավելի, և ոչ պակաս։ Այս արձանագրումները ոմանք կարող են գնահատել որպես դրական, իսկ ոմանք՝ որպես բացասական երևույթ։ Ի տարբերություն այդպիսիների, սակայն, ես դրանք դիտում եմ որպես օբյեկտիվ իրականությունից բխող կանխադրույթներ, որոնք անհրաժեշտ են պետականամետ քաղաքական ռազմավարության մշակման և իրականացման համար։ Հետևաբար, ինձ համար հավասարապես մերժելի է թե՛, այսպես կոչված, արևմտամետների մոտեցումը, որը բացարձակապես չի ձգտում հաշվի նստել նշված գործոնի հետ, և թե՛ զորիբալայանական տիպի ռուսամետների գյուլիստանյան փիլիսոփայությունը, որը, անկախ կոնկրետ քաղաքական նկատառումներից կամ ի հեճուկս այդ նկատառումների, ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային անկարողության (իմպոտենցիայի) խոստովանություն։
2. Հաջորդ պատճառը նույնպես առնչվում է պատմությանը, բայց արդեն ոչ թե իրողությունների, այլ պատմական դասերի առումով։ Դասերից ամենադառն, անշուշտ, 1920 թվականի ողբերգությունն է, երբ Արևմուտքի վրա անհաշվենկատ խաղադրույք կատարելու և, ըստ էության, հակառուսական դիրքորոշում որդեգրելու հետևանքով, մեր երկրի ժամանակի իշխանությունները ոչ միայն չկարողացան հասնել Արևմտահայաստանի ազատագրման նպատակին, այլև կորցրին առաջին հանրապետության de facto և de jure տարածքի ուղիղ կեսը (Ղարսի նահանգը, Սուրմալուի գավառը և Նախիջևանը), անկախությունն էլ վրադիր։ Մյուս դասերը մեր աչքի առաջ են։ Նորանկախ Մոլդովայի, Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունները, կորցնելով իրականության զգացողությունը, առաջին իսկ օրվանից որդեգրեցին կոշտ հակառուսական դիրքորոշում, ինչի պատճառով ունեցան պետականության կայացման հետ կապված լրջագույն խնդիրներ՝ ուղեկցված զգալի տարածքային կորուստներով։ Ի տարբերություն այդ պետությունների, 1990-ական թվականներին Հայաստանը ոչ միայն խուսափեց նրանց բաժին ընկած ճակատագրից, այլև խոհեմություն ունենալով հակասովետական պայքարը չվերածելու հակառուսականի, կարողացավ պահպանել թե՛ իր տարածքային ամբողջականությունը, և թե՛ էապես նպաստել Արցախի ազատագրման գործին։
3. Եւ վերջապես, Հայաստանում մայդանի չկայացման երրորդ պատճառը հայ ժողովրդի խորը հիասթափությունն է Արևմուտքից ու նրա կիրառած երկակի ստանդարտներից։ Երբ 2008 թվականին Հայաստանում մայդանից ավելի հզոր բողոքի ալիք գոյություն ուներ, Արևմուտքը, բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներով, ոչ միայն չնկատելու տվեց համաժողովրդական այդ ընդվզումը, այլև անվերապահորեն թիկունք կանգնելով տասը զոհերի և հարյուրավոր քաղբանտարկյալների գնով իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանին ու նրա ավազակախմբին, աչք փակեց ինչպես այդ, այնպես էլ նրանց բազմաթիվ այլ հանցագործությունների վրա։ Ավելին, վեց տարի շարունակ չզլացավ նաև գովեստներ շռայլել Սերժ Սարգսյանի հասցեին՝ նրան կոչելով հայ ժողովրդին արժանի առաջնորդ ու հրաշալի նախագահ, դրանով ամրապնդելով նրա հանցավոր իշխանությունը և ճանապարհ հարթելով բոլոր հաջորդ ընտրությունների կեղծման և ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետագա ոտնահարման համար։ Եթե Արևմուտքը Հայաստանի պարագայում աներ Ուկրաինայի ընթացիկ իրադարձությունների առթիվ կատարած քայլերի թեկուզ մեկ տոկոսը, այն է՝ 2008-ի փետրվարյան շուրջօրյա ցույցերի ժամանակ Հայաստանի իշխանություններին ընդամենը զգուշացներ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման անթույլատրելիության մասին, ապա մեր երկրում այսօր իրավիճակը բոլորովին այլ կլիներ, և ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Եվրոմիությունը չէին կանգնի ներկայիս քաղաքական ֆիասկոյի առջև։ Արևմուտքն, ըստ այդմ, Հայաստանում հնձեց այն, ինչ ցանեց, և թող ուրիշ մեղավոր չփնտրի։ Եթե այժմ դժգոհում է Արևելյան գործընկերության երկրների վրա Ռուսաստանի գործադրած ճնշումներից, դրանում նախևառաջ թող իրեն մեղադրի, որ այդ գործոնը իսկզբանե հաշվի չէր առել։ Ավելին, հիմքեր կան պնդելու, որ Եվրոմիությունն իր անհաշվենկատ քաղաքականությամբ որոշ առումով նույնիսկ սադրեց առկա հանգուցալուծումը։ Մինչև Եվրոասոցացման գաղափարի նախաձեռնումը Ռուսաստանը Ուկրաինայի և Հայաստանի առջև Մաքսային միությանը միանալու կոնկրետ պահանջ չէր դրել, բայց երբ տեսավ, որ բացեիբաց փորձ է արվում այդ երկրները դուրս բերել իր ազդեցության գոտուց, հանդես եկավ կտրուկ դիրքորոշմամբ։
* * *
Վերոշարադրյալ պնդումների հերքման միակ միջոցը հայկական մայդանի կայացումն է։ Ուստի հարգարժան արևմտամետները պետք է բարի լինեն, լրատվամիջոցներով դատարկաբանելու փոխարեն, օր առաջ կայացնել այդ մայդանը, թեև խիստ կասկածում եմ, որ այդ պարագայում էլ Արևմուտքը հայկական մայդանին նույն կերպ արձագանքեր, ինչ ուկրաինականին, նկատի ունենալով աշխարհի համար այդ երկու երկրների ներկայացրած անհամեմատելի կարևորությունը։ Հայ Ազգային Կոնգրեսի օրակարգը բոլորովին ուրիշ է, այն է՝ պայքարել ոչ թե կատարված փաստի, այլ երկիրը ներկայիս խայտառակ վիճակին հասցրած իշխանության դեմ»։
Նյութի ամբողջական տարբերակը՝ սկզբնաղբյուր կայքում: