.jpg)
Հոգևոր բլոգ. Սուրբծննդյան մտորումներ. Սա տոն է հույսի և վստահության
«Ահա կույսը պիտի հղիանա և մի որդի պիտի ծնի, և նրան պիտի կոչեն ԷՄՄԱՆՈՒԵԼ, որ նշանակում է՝ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ» (Մատթեոս 1:23)
Սուրբ Ծննդյան խորհուրդը պարզ է, միևնույն ժամանակ վսեմ: Աստված Հիսուս Քրիստոսի մեջ դարձել է Էմմանուել, այսինքն՝ Աստված մեզ հետ: Քրիստոսի ծննդյամբ Աստված Իր շոշափելի, առարկայական ներկայությունն է հաստատում մեր կյանքից ներս, գալիս է բնակվելու մեր մեջ, հայտնվում է այնտեղ, որտեղ մենք ապրում ենք մեր կյանքի ամեն վայրկյանը՝ ուրախությամբ թե տխրությամբ, ընտրում է երկիրը որպես իրեն բնակավայր, որպես մեզ հետ հանդիպման վայր:
Աստված՝ մեղքի պատճառով ընդհատելով ուղիղ հարաբերությունը մեզ հետ, դարեր շարունակ սահմանափակվեց անուղղակի հարաբերությամբ, մարգարեների միջոցով, դժվարին ու անկայուն ուխտի պայմաններում: Սակայն ժամանակների լրումին, փոփոխելով աշխարհում իր ներկայության կերպը, անձնապես մուտք գործեց մարդկային կյանք՝ մեզ հետ նոր, անձնական և հավիտենական ուխտ կնքելով: Ուխտը հավիտենական է, քանի որ երկու կողմը՝ Աստված և մարդ, արդեն մեկ Անձ են, Հիսուս Քրիստոս, Մարդ-Աստված: Եթե Նա մեզ հետ միայն լիներ, բայց Աստված չլիներ, ապա չէր կարող փրկել մեզ, լինել աշխարհի ու պատմության Տերը: Իսկ եթե Նա միայն Աստված լիներ, բայց մեզ հետ չլիներ, անծանոթ Աստված կլիներ՝ հեռու մեր սպասումներից ու հույսերից:
Սուրբծննդյան իրական խորհուրդը հենց այս է՝ Աստված մարդու հետ է:
Հետևաբար, Սուրբ Ծնունդը տոն է հույսի և վստահության, որ երաշխավորում է մեր մարդկային կյանքի անորոշության ու վատատեսության հաղթահարումը:
Թե ինչպես ենք ապրում մեր կյանքը, վկայում է, թե ինչպես ենք ընդունում Տիրոջը:
Նախորդող հրապարակում՝ Հոգևոր բլոգ. Սուրբծննդյան մտորումներ. «Փրկչի» կարիք ունի՞ 21-րդ դարի մարդը