Ի՞նչ կտա «Ժնև 2»-ը սիրիական հակամարտությանը
21/12/2013 17:22

Ի՞նչ կտա «Ժնև 2»-ը սիրիական հակամարտությանը

Եթե Սիրիայի՝ քիմիական զենքի, քիմիական զինապաշարների ոչնչացման գործընթացում գրեթե ոչ մի խոչընդոտ չկար և ամեն ինչ ընդացավ, կամ ընդանում է սահմանված ժամանակացույցով, ապա նույնը չի կարելի ասել սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված «Ժնև 2»-ի մասին:

Ճիշտ է` հայտարարվել է, որ «Ժնև 2»-ը կայանալու է 2014 թ-ի հունվարի 22-ին Շվեյցարիայում, սակայն դեռևս սիրիական ընդդիմադիրների շրջանում չկա միասնական մոտեցում «Ժնև 2»-ին մասնակցության ձևաչափի, օրակարգի, այնտեղ քննարկվելիք հարցերի, ներկայացվածության, դրան հաջորդած հետագա քայլերի հարցում: Ուստի, նաև հարցականի տակ է «Ժնև 2»-ը, կամ, ավելի ճիշտ, նրա արդյունավետության գործակիցը:

Սիրիայի շուրջ տեղի են ունենում գլոբալ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական զարգացումներ, և այս համատեքստում` Մերձավոր Արևելքում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ուղղակի, կամ անուղղակի, իրենց ազդեցությունն են ունենում Սիրիայում: Տեղի ունեցող տարածաշրջանային նոր վերափոխումների համատեքստում` զուգահեռաբար ի հայտ են գալիս նոր հակասություններ երբեմնի դաշնակիցների միջև (օր.` մի կողմից ԱՄՆ-ի, իսկ մյուս կողմից Իսրայելի և Սաուդյան Արաբիա հարաբերություններում նկատվում է սառեցում), որոնք պրոյեկտվում են նաև վերոհիշյալ երկրների մերձավորարևելյան քաղաքականության, այդ թվում՝ հենց Սիրիայի վրա: Այդ հակասությունները նկատելի են, ինչպես արտասիրիական ընդդիմադիր (դրանք արտահայտվում են «Ժնև 2»-ի հետ կապված միասնական տեսակետի բացակայությամբ, սիրիական ներկայիս իշխանությունների հետ հարաբերվելու, ապագա Սիրիաի վերաբերյալ տարբերվող տեսլականների առումով և այլն), այնպես էլ հակամարտության մեջ անմիջական ներգրավվածություն ունեցող և կառավարական ուժերի դեմ Սիրիայի տարբեր հատվածներում կռվող ընդդիմադիր զինյալների ճամբարներում (ռազմական բախումներ միմյանց միջև և այլն):

Այս համատեքստում պետք է փաստել, որ «Ժնև 2»-ով սիրիական հակամարտությունը չի ավարտվելու, և եթե կոնկրետ քայլեր չարվեն, ապա այն 2014-ին անկանխատեսելի հունով է ընթանալու, սուր էթնո-դավանական երանգավորումներով` ավելի սպառնալով ազգային փոքրամասնությունների անվտանգությանը:

Ինչևէ, սիրիական ներկայիս իշխանությունների և ընդդիմադիր զանգվածի միջև հակամարտությունը շարունակվում է, և խոսել հակամարտության շուտափույտ ավարտի մասին, դեռևս վաղ է: Ընդհակառակը` ընդդիմադիր իսլամական հատկապես ծայրահեղական ուղղվածության ուժերի ներհոսքը դեպի Սիրիա շարունակվում է, և վերջիններիս համար հակամարտությունը, կարծես, նոր է սկսվում (հայտարարվում են ընդդիմադիր նոր զինված խմբավորումների ձևավորման մասին, բախումներն էլ ավելի արյունալի են դարձել և այլն):

Սակայն, արդարության դեմ չմեղանչելով, պետք է նշել, որ «Ժնև 2»-ի կայացումը, նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, թեկուզ և դիրքորոշումների որոշակի միասնականության ու հստակության բացակայության պայմաններում, մեկ քայլ առաջ է երկխոսության և տեսակետների փոխանակման առումով, ի տարբերություն անդադար պատերազմելուն, և բխում է ոչ միայն սիրիական ժողովրդի, այլև ամբողջ միջազգային հանրության շահերից: «Ժնև 2»-ի առաքելություններից մեկն էլ պետք է միտված լինի իսլամական ծայրահեղական օջախների արմատախիլ անելուն առաջին հերթին հենց Սիրիայում: Այլապես մենք գործ կունենանք Մերձավոր Արևելքում խոր արմատներ գցած իսլամական ծայրահեղ արմատականության հետ, որի ազդեցությունը Մերձավոր Արևելքում և գլոբալ առումով արդեն ակնառու է:
 

Ի՞նչ կտա «Ժնև 2»-ը սիրիական հակամարտությանը