.jpg)
«Հայաստան» հիմնադրամ. 317 միլիոն դրամ են ծախսել`ամբողջովին չեն վերանորոգել
2009-10 թթ-ից սկսվել և ավարտվել էին Տավուշի մարզի Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոցի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրին իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից. Նոյեմբերյանի հիվանդանոցի հիմնանորոգմանն են ուղղվել համաեվրոպական հեռախոսամարաթոն 2009-ին մասնակից երկրներից Գերմանիայի ու Շվեյցարիայի տեղական մարմինների հանգանակությունները, Լիբանանի տեղական մարմնի կողմից ռադիոթոն 2008-ին հավաքագրված ողջ գումարը և Ավստրալիայի տեղական մարմնի կազմակերպած ճաշկերույթից ստացված հասույթի մի մասը. Հիմնանորոգմանն ուղղվել է 317 միլիոն ՀՀ դրամ կամ մոտ 800 000 ԱՄՆ դոլար:
Գերմանիայի «Հայ բժիշկների ու բուժաշխատողների միությունն» էլ հիվանդանոցին նվիրաբերել է բուժսարքավորումներ:
Ընթացել են քանդման և 2600 քմ տարածքի հիմնանորոգման աշխատանքները:
Նշենք, որ հիվանդանոցը սպասարկում է շուրջ 1400 ստացիոնար հիվանդի, որի ծառայություններից օգտվում են նաև Լոռու մարզի բնակիչները, հիվանդանոցը կառուցվել է 1966 թ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական կայքում կարդում ենք, որ «Նախագիծն իր մեջ ընդգրկեց հիվանդանոցի ամբողջական վերակառուցումը: Ներկայացված նախագծային լուծումները թույլ տվեցին հիմնանորոգված հիվանդանոցի հետագա շահագործման ընթացքում ապահովել պատշաճ աշխատանքային և սանիտարահիգիենիկ պայմաններ ինչպես հիվանդների, այնպես էլ բուժանձնակազմի համար»:
Aysor.am-ի թղթակիցը վերջերս Նոյեմբերյանի հիվանդանոցում էր, բժիշկները փոխանցեցին, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը վերանորոգել է հիվանդանոցը, սակայն բաժանմունքներ կան, որ չեն վերանորոգել` ինֆեկցիոն բաժանմունքը և ընտանեկան բժիշկների գրասենյակը:
Բժիշկներին փոխանցվել է, որ գումարը վերջացել է, ու «հիմնանորոգված» հիվանդանոցի մի հատվածը չի վերանորոգվել:
Բժիշկներից մեկը նշեց, որ ունեն դիալեզի միկրոբաժանումք, որը վատ պայնաններում է, չվերանորոգված հատվածում, եթե վերանորոգվի, կարող են տեղավորվել և դիալեզի բաժանմունքը, և առաջնային օղակի, և ընտանեկան բժիշկների գրասենյակները:
Այս ընթացքում խնդրով դիմել են և՛ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, և՛ այլ միջազգային կառույցների. Ու սպասում են:
Նշենք, որ Նոյեմբերյան քաղաքը ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում ադրբեջանական սահմանից և սպասարկում է սահմանամերձ մի շարք համայնքներ, որոնք մշտապես գտնվում են ադրբեջանական թիրախում:
Հնարավոր չէ՞ր 317 միլիոն ՀՀ դրամն այնպես ծախսել, որ Նոյեմբերյանի հիվանդանոցն իրոք հիմնանորոգվեր, կամ հակառակ պարագայում` չներկայացնել, թե Նոյեմբերյանի հիվանդանոցը հիմնանորոգված է, այն դեպքում, երբ թերի էր վերանորոգված: