Մանկավարժականում 2013-2014 թթ-ին ուսման վարձը չի բարձրացվելու
23/12/2013 19:48

Մանկավարժականում 2013-2014 թթ-ին ուսման վարձը չի բարձրացվելու

ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրել է բուհի 2013 թ. գործունեության հաշվետվությունը և 2014 թ. բյուջեի նախահաշիվը, զեկուցել կատարված աշխատանքների և առաջիկա քայլերի մասին: Նա տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարականով 2013 թ. հունվարի 1-ից 40 տոկոսով բարձրացվել է դասախոսների աշխատավարձը, ստեղծվել են համակարգչային լսարաններ, ընթերցասրահներ, գրադարանի հումանիտար գիտությունների ընթերցասրահը հագեցվել է նոր տեխնոլոգիաներով և հնարավորություն է տալիս օգտվել էլեկտրոնային գրականությունից:

Միջազգային համագործակցության շրջանակում նա, մասնավորապես, անդրադարձել է Ֆինլանդիայի Օուլու համալսարանի հետ իրականացվող ծրագրի արդյունքներին, որը հնարավորություն է ընձեռել նոր մոտեցում որդեգրել մանկավարժական պրակտիկայի կազմակերպման գործընթացում: Համալսարանի ռեկտորի տեղեկացմամբ՝ 2013 թ. ուսանողների ուսման վարձավճարը չի բարձրացել, և 2014թ. ևս ուսման վճարի ավելացում չի նախատեսվում: Պարոն Միրզախանյանը նշել է, որ համալսարանի 2013 թ. բյուջեից կատարված 350 մլն դրամ խնայողության հաշվին հնարավորություն է ընձեռվել բարձրացնել պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը:

Խորհուրդը բավարար է գնահատել համալսարանում 2013 թ. կատարված աշխատանքները և հաստատել 2014 թ. բյուջեի նախահաշիվը:
 

Մանկավարժականում 2013-2014 թթ-ին ուսման վարձը չի բարձրացվելու