.jpg)
«Լավ գործ». Խաչբառագետ ու կինոմեխանիկ. Պետք է սիրես քո գործը
Aysor.am-ի «Լավ գործ» նախագիծն այն մարդկանց մասին է, ովքեր մեծ ջանք, եռանդ ու տաղանդ են ներդնում անգամ սովորական թվացող մասնագիտությունների մեջ և այն դարձնում արվեստ: Մարդիկ, ովքեր ապրում են մեր կողքին ու գույն տալիս մեր ժամանակներին:

Խաչբառ լուծում են այն մարդիկ, ովքեր ազատ ժամանակ ունեն, իսկ 5 երեխաների հայր Վանիկ Ալեքսանյանի համար խաչբառ կազմելը աշխատանք է ու իր ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը: Ժամանակին Հայաստանի գլխավոր խաչբառագետի ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը հիմա էլ խաչբառերն են: Ինչո՞ւ գլխավոր, որովհետև Վանիկի խոսքով՝ ժամանակին ամենաշատը տպագրվում էին հենց իր կազմած խաչբառերը:
Վանիկը խաչբառեր կազմել փորձել է դեռ 3-րդ դասարանից: Խորհրդային միության տարիներին թղթակցել է ավելի քան 30 թերթերի և ամսագրերի: Իր կողմից հաճախ կիրառվող բառերը Վանիկը այս ողջ տարիների ընթացքում նշում է իր կազմած հաստ բառարանում, որը արդեն վաղուց անցել է 100 էջի սահմանը:
«Խաչբառ կազմելու համար պետք է սիրես այդ գործը, նաև տեղեկացված լինես: Երբ նոր էի սկսում, օգտվում էի Հայոց լեզվի 12 հատորանի բառարանից, որտեղի բառերի բացատրությունները կարճ ձևակերպումներով գրում էի բառարանիս մեջ»,- ասում է նա:
Խաչբառագետը ոչ միայն սովորական դարձած խաչբառեր է կազմում, այլև իրենն է հորինել, ու երազում է, որ մի օր ուրիշը նման խաչբառ կազմի, իսկ ինքը լրացնի:
«Սովորական խաչբառ կազմելը սկսվում է սովորաբար աղյուսակից, հետո սկսում եմ լրացնել կամ մեջտեղից կամ էլ վերևի անկյունից, դա կապված է նաև խաչբառի խտության հետ: Մի խաչբառ կազմելը այժմ տևում է մոտ կես ժամ: Ես ինքս արդեն վաղուց խաչբառեր չեմ լուծում, որովհետև այդ բոլորը բառերը կան իմ մտքում, սակայն հորինել եմ խաչբառի ձև, որ մեծկապ չունի գիտելիքների հետ: Յուրաքանչյուր բառից մի տառ է բաց թողնված, պետք է գտնել մյուսները, չկան ո'չ հուշող բառեր, ո'չ էլ տառերը թվանշված են, բայց նման խաչբառեր չեն կազմում»,- ափսոսում է նա:
Վանիկի խոսքով՝ Խորհրդային միության տարիներին 4 խաչբառ տպագրելով՝ կարելի էր վաստկել այնքան գումար, որքան ինժեների մեկ ամսվա աշխատավարձն էր, հիմա խաչբառերի թիվն ավելացել է, սակայն թե' բարդությունը, թե' դրա դիմաց վճարվող գումարը պակասել է:
«Հիմա ձգտում են ստեղծել հեշտ խաչբառեր, որ մարդիկ արագ լուծեն ու ուրախանան, որովհետև բարդը երկրորդ անգամ չեն գնի: Խմբագիրները երբեմն առաջարկում են ներառել, օրինակ, «Անահիտի կարճ տարբերակը՝ Անո» բովանդակությամբ կամ սերիալների հետ կապված հարցեր: Ես ձգտում եմ մի քիչ ավելի բարձր մակարդակի խաչբառեր կազմել, սակայն հիմնական տենդենցը խաչբառի հեշտ լուծելի լինելն է»,- ասում է նա:
Խաչբառագետը առաջին մասնագիտությամբ կինոմեխանիկ է: Կինոմեխանիկը այն մարդն է, ով չի երևում կադրում, բեմում, տիտրերում, դահլիճում, սակայն պատասխանատու է ֆիլմի որակի և անխափան ցուցադրության համար:
Վանիկի խոսքով՝ կինոմեխանիկ որոշել է դառնալ դպրոցական տարիներին, և դպրոցը ավարտելուց մեկ տարի անց ընդունվել է Կինոմեխանիկների դպրոց:
«Մի շատ բարի մարդ ինձ խորհուրդ տվեց կինոմեխանիկ դառնալ՝ բանակում ծառայությունս ավելի լավ անցկացնելու համար: Ես որոշել էի, որ կինոյի հետ կապված մասնագիտություն եմ ընտրելու և լսեցի նրա խորհուրդը և իրոք այդպես եղավ: Բանակում ինձ առանձին սենյակ էին տրամադրել, հեռախոս, վերջում անգամ քարտուղարուհի ունեի, ցուցադրում էի պատերազմի մասին ֆիլմեր»,- պատմում է նա:
Բանակից հետո Վանիկը ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Ինքնագործ կինոֆոտոակումբի ղեկավարում բաժինը, զուգահեռ սովորել Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում: Որպես կինոմեխանիկ աշխատանքի է ընդունվել «Հայրենիք» կինոթատրոնում:
Պատմում է, որ կիոնմեխանիկները քաղաքացիական կայնքում այնքան էլ գնահատված չէին, ինչպես բանակում: «Ես քանի որ բարձրագույն կրթություն ունեի, ընդունվեցի, որպես երկրորդ կարգի կիոնմեխանիկ, կար նաև երրորդ և առաջին կարգի մասնագետներ: Վերջինի համար պետք էր երկար տարիների փորձ ունենալ և նորից քննություն հանձնել: Ես այդ ժամանակ ստանում էի թղթի վրա՝ 95 ռուբլի, բայց պահումներով ստացվում էր 80 ռուբլի, իսկ առաջին կարգի կինոմեխանիկները՝ 105-110 ռուբլի աշխատավարձ: Շատերի համար դա երկրորդ աշխատանք էր, քանի որ միայն այդ գումորով դժվար էր ապրելը»,- ասում է նա:
Վանիկի խոսքով՝ կինոմեխանիկի աշխատանքը սկսվում է այն պահից, երբ կինոժապավենը մտնում է կինոթատրոն, որից հետո դրա համար պատասխանատուն դառնում է ինքը:
«Կինոժապավենը ստանում էինք, հետո հատուկ հարմարանքի վրա, որը բաղկացած էր սեղանի վրա դրված երկու ցցից, փաթաթում էինք ժապավենը դրա վրա ու սկսում ստուգել, արդյոք դրա վրա խազեր կամ պատռված հատվածներ չկան: Ըստ այդմ էլ, ժապավենները բաժանվում էին 4 տեսակի, առաջինը նոր կիոնժապավենն էր, իսկ 4-րդը՝ պիտանի չէր օգտագործման համար: Կինոմեխանիկը պետք է ստուգեր, արդյոք նրա վրա վնասված մասեր չկա՞ն ու ամրացներ դրանք, և ողջ ցուցադրության ընթաքում կանգնած լիներ սարքի մոտ»,- ասում է նա:
Սակայն, նրա խոսքով, ցուցադրության ժամանակ կինոմեխանիկները թղթախաղով էին զբաղվում, կամ էլ երբեմն բացում խցիկի փոքրիկ պատուհանը ու հետևում դալիճի արձագանքին:
«Հաճախ բացում էինք պատուհանը՝ դահլիճի տրամադրվածությունը զգալու համար, ասես, մեր ֆիլմն էր ցուցադրվում: Այդ ժամանակ հիմնականում հնդկական ֆիլմեր էին ցուցադրում, ու եղել է, որ ցուցադրության ընթացքում ես էլ հուզվել եմ հանդիսատեսի հետ: Դահլիճում ֆիլմ դիտելը, ընդհանրապես, տարբերվում է: Ամեն բան ավելի հուզիչ կամ ավելի ծիծաղելի է դառնում ու ավելի մեծ ազդեցություն թողնում մարդու վրա: Ես ավելի շատ նախընտրում եմ կոմեդիայի ժանրը, որովհետև կայնքը առանց այն էլ շատ դժվար է»,- խոստովանում է նա:
Կինոթատրոնում Վանիկը աշխատել է մեկ տարի, և ղեկավարության հետ անհամաձայնության պատճառով հեռացել է: «Կինոյի տոմսերը երկկողմանի էին վաճառում, ու մի մասը, որ թողնում էին հսկիչի մոտ, տնօրենը նորից վաճառում էր՝ ստանալով կինոթատրոնի հետ հավասար եկամուտ: Շատերը լռում էին, բայց ես բարձրաձայնեցի այդ մասին»,- պատմում է նա:
Հիմա կինոթատրոնում աշխատելու մասին Վանիկը էլ չի մտածում: Ասում է` այժմ այնտեղ նորից աշխատելու համար ծանոթ կամ գումար է պետք: Կինոթատրոն ևս հաճախ չի այցելում:
«Վերջին անգամ կինոթատրոն գնացել եմ 2-3 տարի առաջ երեխաներիս հետ: Տոմսերը հիմա շատ են թանկացել ու դահլիճում գրեթե մարդ չկար»,- ասում է նա:
Նախորդող հրապարակում՝ «Լավ գործ». Հայ կին դիրիժոր. Սա տղամարդու մասնագիտություն է
Photo Atelier Marashlyan Retro. Լուսանկար, որը դառնում է պատմություն
«Լավ գործ». «Տերյան» կենտրոն. Աշխատանք և հավատ` արդյունքի հասնելու համար
Ա. Խանոյան. Իսկական լուսանկարիչը իրեն երբեք պրոֆեսիոնալ չի համարում
Rashani և Jewo. Աստծո շնորհով ու լույսի մեջ ապրող մարդիկ
Արա Ալեքյանի կրակից հառնող երկաթն ու կարոտվող քանդակները
«Լավ գործ». Հասմիկ Գասպար. Մարդիկ հոգնել են մթությունից
«Լավ գործ». Տիկնիկային թատրոնի տիկնիկագործ. Ես հավատում եմ հրաշքին