Օֆշոր, սեպտեմբերի 3, գազի գին... 2013-ի ձախողումները` ըստ Արամ Մանուկյանի
25/12/2013 14:22

Օֆշոր, սեպտեմբերի 3, գազի գին... 2013-ի ձախողումները` ըստ Արամ Մանուկյանի

2013-ի ընթացքում կա 13 թոփ ձախողում: Ամփոփելով անցնող տարին` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀՇ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը` ձախողումների շարքը սկսելով տարեսկզբին տեղի ունեցած նախագահական և ավագանու ընտրությունների «խայտառակ» արդյունքներից:

«Կարող եք ավելացնել, վիճարկել, բայց կրճատել ձախողումները, չեք կարող»,- ասաց նա:

Պատագամավորը թվարկեց ձախողումները` Երևանում կարմիր գծանշումներով վճարովի ավտոկայանատեղիները, օֆշորային սկանդալը, Մաքսային միությանն անդամակցելը, կուտակային կենսաթոշակային համակարգը, սակայն պատգամավորը հատկապես կանգ առավ գազի գնի բարձրացման և «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառման վրա:

«Գազի գինն ու «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի օտարումն ամենամեծ սկանդալն է: Դա է ամենաանարժանապատիվ, նվաստացնող գործընթացը։ Սա տարվա վերջին ամենամեծ քյալլագյոզությունն էր, որովհետև այսպիսի գործարք, նվաստացում հայ ժողովուրդը չի ունեցել, անգամ ծանր ժամանակներում։ Սա լուրջ քրեական գործ է, որը շատ ջուր է քաշելու, պետք է լինել հետևողական»,- ասաց Ա. Մանուկյանը:

Խոսելով արտաքին քաղաքականության հիմնական ձախողումների մասին` Ա. Մանուկյանն ասաց. «Իշխանությունը սեպտեմբերի 3-ին խայտառակ եղավ իր կտրուկ շրջադարձից, ինչը շոկի մեջ գցեց ՀՀ քաղաքացիներին, քաղաքական ուժերին նաև միջազգային հանրությանը»:

Ամփոփելով խոսքը, որպես 2013-ի հաջողություն, Ա. Մանուկյանն առանձնացրեց ԱԺ չորս խմբակցությունների համատեղ աշխատանքը, որի արդյունքում առաջին անգամ թույլ չի տրվել, որ իշխանությունն իր քվեարկությունն անցկացնի: 

Նախորդող հրապարակում՝ ՀՀԿ-ականները ձեռքով քվեարկեցին. Ոչ իշխանականները լքեցին դահլիճը. Նկարներ

 

Օֆշոր, սեպտեմբերի 3, գազի գին... 2013-ի ձախողումները` ըստ Արամ Մանուկյանի