25/12/2013 20:17
Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը ԼՂ և Ցեղասպանության հարցում. ԱՄՓՈՓՈՒՄ
2013թ. Իրան-Արևմուտք հարաբերություններում շրջադարձային զարգացումներ տեղի ունեցան, երկիրը ընտրեց նոր նախագահ: Իրանի և Հայաստանի քաղաքական և տնտեսական հարաբերություններում անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումների, ԼՂ և Հայոց Ցեղասպանության հարցում Իրանի ունեցած դիրքորոշման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Aysor.am-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:
«Ւրանի և Հայաստանի քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը միակ քրիստոնյա հարևան Հայաստանի հետ հարաբերությունների խորացումն է բոլոր մակարդակներում»,-մեզ հետ զրույցում նշել է փորձագետը և հավելել. «Իր հերթին պաշտոնական Երևանը ևս կարևորում է Թեհրանի հետ հարաբերությունների զարգացումը. Այդ նպատակով էր, որ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Բացի այդ, անցնող տարվա ընթացքում երկկողմ բարձր մակարդակի շփումներ են տեղի ունեցել երկու երկրների խորհրդարանների նախագահների, ԱԳ նախարարների և պետական այլ կառույցների պատասխանատու պաշտոնյաների միջև: Հարկ է նշել, որ Իրանն ու Հայաստանը ակտիվ համագործակցում են նաև միջազգային կառույցներում»:
Այն հարցին, թե ԼՂ հակամարտության հարցում ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը, Իսրայելյանը մասնավորապես նշել է. «Տարածաշրջանում Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են. Անցնող 20 տարվա ընթացքում Իրանը ԼՂ հակամարտության նկատմամբ վարել և վարում է հավասարակշռված քաղաքականություն, ինչի շնորհիվ արցախյան հակամարտությունը, հակառակ Բաքվի ցանկության, չի ստացել կրոնական երանգավորում: Ինչ վերաբերում է Թեհրանի դիրքորոշմանը, ապա Իրանը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արդյունավետ չի գործում, ուստի վերջին շրջանում պաշտոնական Իրանը հակամարտող կողմերին առաջարկում է իր միջնորդական առաքելությունը: Ի դեպ, Իրանը առաջին երկիրն էր, որ ԼՂ հարցում 1992թ. միջնորդական առաքելություն է իրականացրել, որը սակայն խափանվել է Շուշիի ազատագրմամբ»:
Շարունակելով խոսքը՝ իրանագետը հավելել է. «Թեև Ադրբեջանը արցախյան պատերազմում կրած պարտության համար Իրանին մեղադրում է Հայաստանին աջակցելու մեջ, սակայն փաստն այն է, որ ինչպես իրանցի պաշտոնյաներն են խոստովանում՝ պատերազմական գործողությունների ժամանակ Իրանն Ադրբեջանին բավականաչափ ռազմական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերել:
Չնայած Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը, Մեջլիսի որոշ պատգամավորներ, ինչպես նաև որոշ հոգևորականներ երբեմն հանդես են գալիս ԼՂ հարցում Թեհրանի պաշտոնական դիրքորոշմանը հակասող հայտարարություններով, այդուհանդերձ Իրանի Իսլամական Հանրապետությունը նախագահի, արտգործնախարարի մակարդակով հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք լուծվի բանակցությունների ճանապարհով, տարածաշրջանային երկրների մասնակցությամբ՝ միջազգային հիմնարար սկզբունքների հիման վրա»:
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության հարցին՝ Իսրայելյանը նշել է, որ վերջին տարիներին Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնական Թեհրանի դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Վերջին յոթ տարվա մեջ առաջին անգամ այս տարի ապրիլի 24-ին Իրանի իշխանությունները իրանահայ համայնքին թույլատրեցին բողոքի ցույց անցկացնել Թուրքիայի դեսպանության առջև: Ի տարբերություն շատ քրիստոնեական երկրների ղեկավարների, ԻԻՀ հիմնադիր Էմամ Խոմեյնին դատապարատել է Ցեղասպանությունը, նախկին նախագահ Խաթամին Հայաստան կատարած այցի ժամանակ այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Մահմուդ Ահմադինեժադն իր պաշտոնավարման տարիներին ևս երկու անգամ դատապարտել է այն:
«Կարծում ենք քիչ հավանական է, որ մոտ ապագայում Թեհրանը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն տարածաշրջանում դեպքերն այնպիսի արագությամբ են զարգանում, որ չի բացառվում, որ մինչև 2015 թվականը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, թուրք-իրանական հարաբերություններում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որը Իրանիին կստիպի ցեղասպանության հարցում ունեցած իր դիրքորոշման մեջ հստակեցում մտցնել»,-հավելել է փորձագետը:
Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերություններին՝ փորձագետը նշել է, որ Ւրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև այլ օբյեկտիվ պատճառներով անցնող տարում ապրանքաշրջանառության ծավալները մի փոքր նվազել են. Եթե 9 ամսվա կտրվածքով 2012թ. երկկողմ առևտրի ծավալները կազմել են 245 միլիոն դոլար, ապա 2013թ.-ին՝ 222 մլն.: Սակայն տարին դեռևս չի ավարտվել, և 2013թ. տնտեսական տարին ամփոփելիս թվերը միանշանակ կավելանան և ամենայն հավանականությամբ կարձանագրվեն նախորդ տարվա ցուցանիշները:
«Ներկայում կառուցման փուլում է գտնվում «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքը, առաջիկայում կշահագործվի երրորդ էլեկտրահաղորդման գիծը, իսկ ինչ վերաբերում է մյուս նախագծերին, ապա թե՛ Մեղրիի ՀԷԿ-ի, թե՛ երկաթգծի և թե՛ նավթային խողովակաշարի կառուցումը գտնվում են երկու երկրների կառավարությունների օրակարգում: Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորման դեպքում, երբ բանկային ոլորտում կվերացվեն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, վերոնշյալ ծրագրերի իրականացման գործում դրական տեղաշարժեր կնկատվեն»,-նշել է իրանագետը:
Խոսելով իրանահայերի մասին՝ փորձագետը նշել է, որ իրանահայերը համարվում են որպես կրոնական փոքրամասնություն, որոնց իրավունքներն ամրագրված են ԻԻՀ Սահամադրությամբ: Ներկայում Իրանում շուրջ 100 հազար հայ է ապրում: Իրանում գոյություն ունի երկու հարյուրից ավել հայկական եկեղեցի, որոնցից Ղարաքիլիսայի վանքը Ւրանի կառավարության ջանքերով ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների պահպանության ցանկում: Առաջիկայում նախատեսվում է Իսֆահանի հայկական ս. Ամենափրկիչ եկեղեցին (Վանք) ևս գրանցել այդ ցուցակում: Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Էսֆահանի հայոց թեմերով, իսկ ԻԻՀ Մեջլիսում իրանահայությանը շահերը ներկայացնում են երկու պատգամավորներ»: