.jpg)
Փոքրիկի համար Հռիփսիմե Հակոբյանը գործերը մի կողմ կթողնի. Life.panorama.am
Նախատոնական և տոնական օրերը շատերի համար հրաշալի առիթ են նախևառաջ թոթափելու ողջ տարվա հոգնությունը, լիցքավորվելու և պատրաստվելու առաջիկա մեկամյա վազքին… Սակայն, կան մարդիկ, որոնց համար տոնը՝ տոն, աշխատանքը՝ աշխատանք… Եվ աշխատում են ներառյալ ամանորյա գիշերը…
Հռիփսիմե Հակոբյան-Մարտին Մկրտչյան զույգը, որոնց ամուսնական կյանքում սա առաջին ամանորն է, դեկտեմբերի 31-ի կեսգիշերը կանցկացնի հանդիսության մեջ՝ աշխատանքում… Life.panorama.am-ը զրուցել է Հռիփսիմե Հակոբյանի հետ, ում համար կարևորը ոչ թե այն է, թե որտեղ կանցկացնես տարեսկիզբը, այլ՝ թե ինչպե՞ս.
- Ասում են՝ ինչպես դիմավորես, այնպես էլ կշարունակվի տարիդ... Ինձ համար կարևորն այն է, որ բարձր տրամադրությամբ դիմավորենք նոր տարին: Այնուհետև կվերադառնանք մեր տուն, որտեղ ես նախապես գեղեցիկ, լի ու գունեղ սեղան պատրաստած կլինեմ… Տանը մեզ կսպասի միայն մեր շնիկը՝ Բուբին…

- Գունային ներդաշնակությանը ուշադրություն դարձնո՞ւմ եք:
- Այո, նույնիսկ հագուստս եմ այդ օրվա համար համապատասխան պատրաստում: Հիմա պատվիրված է, շուտով պատրաստ կլինի…Տան, սեղանի և տոնածառի գույները կհամադրենք…
- Ի՞նչ գույների մեջ է ձեր տունը:
- Պաստելային երանգներն ու մանուշակագույնն են գերակշռում…
- Ձեր տոնածառն առաջին անգա՞մ է այս ամանորին զարդարվելու:
- Այո, քանի որ մենք նոր ընտանիք ենք, ամեն ինչ մեր տանը նոր է …Ես կարևորում եմ այն փաստը, որ սա մեր առաջին ամանորն է որպես ընտանիք և պետք է ամեն ինչ նոր, թարմ ու գեղեցիկ լինի… Ուշադրություն եմ դարձրել ամեն մանրուքի…
- Զգացողությունները տարբե՞ր են նախորդ տարիների համեմատ:
- Իհարկե, հիմա մի քիչ այլ է. նոր տուն, նոր կյանք, նոր կարգավիճակ…Տարբերվում է միայն նրանով, որ ծնողներիս հետ չեմ անցկացնելու… Ես և Մարտինը վերջին տարիներին միասին ենք դիմավորել ամանորը, քանի որ գործընկերներ ու շատ լավ ընկերներ էինք: Աշխատանքի բերումով բոլոր ընկերներով շատ ժամանակ միասին էինք դիմավորում:
- Ձեր ամանորյա սեղանի ճաշացանկը ինքնե՞րդ եք որոշել, թե յուրաքանչյուրդ ձեր հայրական տան բաղադրատոմսն եք ներառելու:
- Ավանդական հայկական սեղան կլինի, ինչը բոլորի տներում էլ լինում է … Բայց կաշխատեմ նորամուծություններ, հետաքրքիր բաներ էլ պատրաստել …Չկա այնպիսի ճաշատեսակ, որ անձամբ շատ եմ սիրում և պարտադիր պետք է սեղանին լինի: Ուշադրություն եմ դարձնում նաև Մարտինի նախասիրություններին, սակայն ասեմ, որ նա ինձ ամբողջովին վստահում է, չի կարևորում, թե ի՞նչ կպատրաստեմ…Բայց մի բան հաստատ է՝ ամեն ինչ ինքս եմ պատրաստելու, դա իմ ցանկությունն է…

- Հռիփսիմե, այդպես բազմազբաղ առօրյայով ինչպե՞ս եք հասցնելու: Գոնե ամուսինը ձեզ կօգնի՞:
- Լավ հարց է: Ես էլ դեռ չգիտեմ, թե ինչպե՞ս, բայց պետք է հասցնեմ… Արդեն իսկ սկսել ենք գնումները: Սեղանի ու ճաշատեսակների հարցերում չեմ կարծում, որ Մարտինը ինձ կօգնի, իսկ այ գնումների հետ կապված՝ արդեն իսկ շատ-շատ օգնել է… Ինքն էլ շատ զբաղված է, այդ պատճառով գնումները կատարում ենք կեսգիշերն անց…
- Ողջ տարին աշխատել եք ու, հավանաբար, Ամանորը հանգստանալու լավ առիթ է ձեզ համար…
- Եթե անկեղծ ասեմ, ես կողմնակից եմ Ամանորն անցկացնել հանգիստ, նեղ ընտանեկան մթնոլորտում, բայց… Ես ամանորը չեմ սիրում միայն այն պատճառով, որ պետք է անընդհատ հյուր գնաս, եթե մեկի տուն էլ չես գնում՝ նեղանում են… Ես այդ պարտադրված վիճակները չեմ սիրում… Մենք շատ հյուրասեր ենք, սիրում ենք հյուրեր ընդունել: Գրեթե ամեն օր մեր ընկերները մեր տանը լինում են ու գեղեցիկ ժամանակ ենք անցկացնում, տաքուկ մթնոլորտ է լինում… Բայց այ, այդ ամանորյա տնից-տունը սրտովս չէ…
- Ինչո՞ւ չմեկնեցիք արտերկիր, կազատվեիք այդ պարտականություններից:
- Ցանկանում էինք, սակայն ժամանակի, աշխատանքի խնդիր կար…
- Մանկության տարիներին ամանորի գիշերը երազանքներ պահե՞լ եք…
- Ես չեմ հավատում, որ դրանք իրականանում են… Ավելի շատ հեքիաթային, վերացական երազանքներ եմ պահում… Այդ մեկ րոպեի ընթացքում, երբ ժամը 12-ը խփում է, շատ-շատ երազանքներ, նպատակներ, ցանկություններ են ուղեղիդ միջով անցնում…
- Ձեզ համար Ամանորն ինչո՞վ է խորհրդանշվում:
Երբ լսում եմ Heppy New year երգը նոր տարվա շնչով եմ լցվում… Թեև ասեմ, այս տարի բավական վաղ սկսվեց ձմեռը: Այս ցուրտը, սառնամանիքը արդեն հուշում է, որ շուտով նոր տարի է լինելու:
- Նվերներ պատրաստե՞լ եք արդեն:
- Դեռ ոչ, բայց կարծում եմ՝ կպատրաստեմ…Ես սիրում եմ բոլորին ուշադրություն դարձնել, ինձ շրջապատող, թանկ մարդկանց հաճելի պահեր մատուցել: Դրանից ուրախանում եմ…Նույնիսկ Մարտինին դեռ չեմ հասցրել նվեր ընտրել, բայց անպայման կհասցնեմ…

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2014-ից:
- Շատ-շատ կցանկանամ մենահամերգս իրականություն դարձնել հաջորդ տարի: Արդեն ունեմ պլանավորած համերգներ արտերկրում և Հայաստանում: Ցանկանում եմ դրական և բարի տարի լինի: 2013-ին շատ բացասական բաներ եղան, տխուր օրեր ունեցանք… Թող չկրկնվի 2014-ին…
- Այդքան համերգների ծրագրեր ունեք հաջորդ տարի: Նշանակում է բալիկի գալուստը հետաձգվո՞ւմ է…
- … Բալիկի դեռ չենք սպասում, բայց կարծում եմ գալիք տարում Աստծո կամքով ամեն ինչ լավ կլինի… Դա այնպիսի հարց է, որ մեզ չի հարցնում, երբ պետք է լույս աշխարհ գա…Բայց երբ այդ մասին իմանանք, իհարկե, բոլոր գործերը մի կողմ կմղվեն… Նրանից թանկ ու կարևոր բան աշխարհում չկա… Ցանկանում եմ շնորհավորել բոլորի Ամանորը, թող շատ ժպիտներ լինեն, բարություն ու փոխադարձ սեր…