ՀՀ ԶՈւ օդաչու. Պաշտպանված երկինք ունենք, քանի որ սա ՄԵՐ երկինքն է
25/12/2013 21:00

ՀՀ ԶՈւ օդաչու. Պաշտպանված երկինք ունենք, քանի որ սա ՄԵՐ երկինքն է

Մասնագիտությունը՝ Զինվոր. ՀՀ ԶՈւ օդաչու, 24-ամյա ավագ լեյտենանտ Նարեկ Սարգսյան

«Երբ մոտենում ես Սու-ին, զգացողություն է առաջանում, թե այդ ինքնաթիռը կենդանի է ու նայում է քեզ»

«Փոքր տարիքից եմ երազել օդաչու դառնալ»,- պատմում է ավագ լեյտենանտ Նարեկ Սարգսյանն ու հիշում, որ նրան ի սկզբանե գրավել են հենց ռազմական ինքնաթիռները.

«Հետո եկավ մանկական երազանքն իրականացնելու ժամանակը: Ես համապատասխան մասնագիտությամբ ընդունվեցի Արմենակ Խամփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտ: Սկզբում թռնում էի ՅԱԿ-52 ինքնաթիռով, իսկ հիմա՝ Սու-25 գրոհիչով»,- պատմում է Նարեկն ու ավելացնում, որ ռազմական ինքնաթիռի թե՛ ձայնը, թե՛ զորությունն ու ազատությունն այլ են:

«Գիտե՞ս, մեկ-մեկ, երբ մոտենում եմ իմ Սու-ին, զգացողություն է առաջանում, թե այդ ինքնաթիռը կենդանի է ու նայում է ինձ: Չգիտեմ, բառերով բարդ է բացատրել»,- ասում է ավագ լեյտենանտը:

«Երբ հետևիդ հայելու մեջ չես տեսնում ղեկապետիդ, հասկանում ես՝ երկինքն է, ինքնաթիռդ, դու ու վերջ...»

Նարեկն իր առաջին թռիչքը կատարել է 2009 թ.-ին.

«2009 թ.-ի հունիսի երեքն էր: Կարող եմ անգամ ժամն էլ ասել»,- ժպտալով պատմում է օդաչուն՝ նշելով, որ առաջին թռիչքը ՅԱԿ-52 ուսումնական ինքնաթիռով էր.

«Մի զգացում եմ հստակ հիշում: Հենց գետնից պոկվեցի հայելով նայեցի հետև, համոզվեցի որ ինստրուկտորը՝ ղեկապետը, չկա թիկունքիս, որ լրիվ ինքնուրույն եմ թռնում ու ինձ շատ երջանիկ զգացի: Հենց այդ պահին է, որ հասկանում ես՝ երկինքն է, ինքնաթիռդ, դու ու վերջ...»:

Սու-25-ով առաջին թռիչքը Նարեկը կատարել է վերջերս՝ դեկտեմբերի 5-ին:

«Առաջին անգամ, երբ ՅԱԿ-ով թռնում ես, քեզ թվում է՝ վերջ, ավելի ուժեղ զգացողություն էլ չես ունենա: Հետո՝ Սու-ով ամեն բան լրիվ այլ է: ՅԱԿ-ով կարծես մանկական երազանքդ է իրականանում, իսկ Սու-ն շատ ավելի լուրջ տեխնիկա է: ՅԱԿ-ից հետո դու երկինքը գիտես, Սու-ով դու քեզ արդեն ծանոթ երկնքում փորձում ես ավելի լուրջ հնարքներ կատարել»,- բացատրուրմ է օդաչուն ու ավելացնում, որ ռազմական ավիացիայից դուրս իրեն ոչ մի այլ ոլորտում ուղղակի չի պատկերացնում:

 «Երկնքից իջնելուց հետո կյանքդ ու երկիրդ ավելի շատ ես սիրում»

Օդաչուի մասնագիտությունը Նարեկին օգնում է նաև առօրյա կյանքում: Ավագ լեյտենանտի խոսքով՝ ծանրաբեռնված գրաֆիկն օգնում է, որ նա ավելի արդյունավետ օգտագործի ազատ ժամանակը.

«Չնայած, որ աշխատանքի բերումով ամբողջ շաբաթվա ընթացքում Գյումրիում եմ լինում, բայց հանգստյան օրերին հասցնում եմ տեսնել ընտանիքիս անդամներին ու ընկերներիս: Ու մի չգրված օրենք էլ կա՝ երկնքից իջնելուց հետո քո երկիրն ու քո կյանքը ավելի շատ ես սիում»,- ասում է Նարեկն ու ավելացնում, որ երկնքից մարդիկ, շենքերն ու կյանքն առհասարակ, լրիվ այլ տեսք ունեն:

«Հիմա ես մի երազանք ունեմ: Ուզում եմ, որ ողջ կյանքիս ընթացքում մնամ ավիացիայում ու մինչև կյանքիս վերջ լինեմ օդում»:



«Պաշտպանված երկինք ունենք, քանի որ սա ՄԵՐ երկինքն է»

«Մեր քաղաքացիներին ցանկանում եմ ասել, որ վստահ լինեն՝ մեր ավիացիան չի կաղացել ու չի կաղա երբեք»,- ասում է ավագ լեյտենանտը, երբ խնդրում եմ ամփոփել զրույցը:

«Պաշտպանված երկինք ունենք, քանի որ սա ՄԵՐ երկինքն է: Մենք պատրաստ ենք պահել այն մինչև վերջին շունչը: Մի բան կա՝ արծիվն իր տարածքը պաշտպանում է անկախ այն բանից, ինչ չափի ու հզորության թռչուն է իր առջև: Արծիվը, երբ ինքնաթիռ է տեսնում, մտածում է, որ դա ուրիշ թռչուն է ու հարձակվում է դրա վրա: Հարձակվում է անկախ այն բանից, որ իր թշնամի «թռչունը» շատ ավելի հզոր է: Հարձակվում է, որովհետև գիտի սա իր տունն է, ու իր տան տերը եղել ու լինելու է ինքը...»,- զրույցն ավարտում է ավագ լեյտենանտ Նարեկ Սարգսյանը:

Նախորդող հրապարակումներ՝ Հետախույզ-դիպուկահար. Զինվորն ուժեղ է մարդկանցով, ովքեր իրեն հետ են սպասում

ԶՈՒ պարաշյուտիստներ. Մի թռիչքն անգամ, հզոր հարված է «պուզատիյ» համակարգին

Մասնագիտությունը` զինվոր. Մայոր Համբարձումյան. Աշխարհի ամենահզոր մարդը

ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ. Ընտանիքս ստորագրել է ինձ հավերժ սպասելու տակ

ՀՀ ԶՈՒ հրետանավոր. Մարդկանց մի խնդրանք ունեմ` միշտ վստահեք հայ զինվորին

ՀՀ ԶՈՒ «նվագախմբի տղաները». Մեր թմբուկով զինվորներին դիրք ենք ճանապարհում

ՀՀ ԶՈՒ հետախույզ. Ցեխ ու ջրի մարդ եմ, պոստերում եմ ազատ շնչում

ՀՀ ԶՈՒ տեխնիկ. Օդաչու ընկերդ քեզ է վստահում, դու` վերանորոգած ինքնաթիռիդ

ՀՀ ԶՈւ օդաչու. Պինդ պահած երկնքի, հավատարմության ու արյանը խառնած օդի մասին

ՀՀ ԶՈւ գումարտակի հրամանատար. Դու ես, քո զինվորն ու՝ վերջ

ԶՈւ վիրաբույժ. Սահմանին ես, թե՝ ոչ, միշտ սահմանով, դանակի սայրով ես քայլում

ՀՀ ԶՈւ ուղղաթիռի օդաչու. Պետք է չստես նաև ինքդ քեզ. Երկինքը սուտը չի տանում

 

ՀՀ ԶՈւ օդաչու. Պաշտպանված երկինք ունենք, քանի որ սա ՄԵՐ երկինքն է