.jpg)
Վարդան Պետրոսյանի կալանքը 2 ամսով երկարացվել է. Սա աննախադեպ գործ է
Դերասան Վարդան Պետրոսյանի կալանքը ևս 2 ամսով երկարացվել է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ որոշման հիմքում դրվել է այն, որ Վ. Պետրոսյանը կարող է նոր հանցագործություն կատարել կամ էլ ազդեցություն գործադրել տուժող կողմի վրա:
«Վարդան Պետրոսյանը հարցրեց քննիչին՝ ի՞նչ հանցանք պետք է գործեմ, քննիչը ոչինչ չպատասխանեց»,-ասաց նա:
Ն. Բաղդասարյանի խոսքով՝ այս գործով մյուս նորությունը այն է, որ քննչական խմբի ղեկավար է նշանակվել Դավիթ Մարտիրոսյանը, իսկ Հայկ Հակոբյանը նշանակվել է քննչական խմբի անդամ:
«Պատմության մեջ նման բան չի եղել, որ քննչական խմբի ղեկավարը նշանակվում է նույն քննչական խմբի անդամ: Իրավական առումով սա չի կարող հիմնավորվել և հիմնավորվել է նրանով, որ այս գործը ունի հասարակական հնչեղություն: Իմ կարծիքով՝ սա այն բանի հետևանքն է, որ քննչական մարմինները առաջնորդվում են ամբիցիաներով, ոչ թե օրենքներով»,-ասաց Ն. Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ եթե Հ. Հակոբյանը փորձում էր փոխել դեպքի վայրը, ապա Դ. Թամազյանը ուզում է փոխել դեպքի ժամը: «Այս քննիչը ուզում է հիմնավորել, որ Վ. Պետրոսյանը վթարի ժամանակ խոսել է հեռախոսով: Վ. Պետրոսյանը իր ցուցմունքի ժամանակ հայտնել է, որ Եղվարդից դուրս գալուց հետո խոսել է իր ընկերոջ հետ, ով էլ հետո Վ. Պետրոսյանի քրոջը ասել է, որ Վարդանը դուրս է եկել Եղվարդից: Սա ժամանակային առումով չի համընկնում գործի նյութերում արձանագրված ժամին, նա խոսել է հեռախոսով դեպքից րոպեներ առաջ, երբ դուրս է եկել Եղվարդից, իսկ դեպքի ժամանակ նրա հեռախոսը անջատված է եղել: Վ. Պետրոսյանը հարցրեց քննիչին՝ Դուք ինձ հավատո՞ւմ եք, քննիչը ասաց, այո, բայց պետք է մեղադրեմ, Վ. Պետրոսյանն էլ ասաց, որ ուրեմն ազնվության դեֆիցիտ կա քննչական մարմիններում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Նախորդող հրապարակում՝ Ոստիկանությունը միջնորդել է կալանավորել Վարդան Պետրոսյանին
Վարդան Պետրոսյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են դատարանից
Վարդան Պետրոսյանի փաստաբանը 500 հազար դրամ գրավ է առաջարկում