Վարչապետն անդրադարձել է «Զվարթնոցի» մասնաշենքի խնդրին
26/12/2013 12:48

Վարչապետն անդրադարձել է «Զվարթնոցի» մասնաշենքի խնդրին

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Զվարթնոց օդանավակայանի կլոր մասնաշենքի խնդրին` նշելով, որ այն ֆիզիկապես քայքայված է, իսկ ներդրումները կկազմեն 15-20 մլն դոլար, որը չափազանց ծախսատար գործառույթ է, առաջարկվում է ճարտարապետական այլ լուծումներ:

Տ. Սարգսյանը փոխանցեց, որ կլոր շենքը սովետական մոդեռնիզմի նմուշ է, և հայ ճարտարապետները պնդում են, որ լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն կա և պետք է դիմել օդանավակայանի կոնցեսիոներին` լրացուցիչ քննարկումների համար:
Վարչապետը հույս հայտնեց, որ քննարկումների արդյունքում կգտնվեն այնպիսի լուծումներ, որ ճարտարապետական արժեք ունեցող հուշարձանները հնարավոր լինի պահպանել:

Որպես պահպանության օրինակ, Տ. Սարգսյանը հնարավոր է համարում օդանավակայանի տարածքում ստեղծել ճարտարապետական այգի, որտեղ կհավաքվեն ճարտարապետական հուշարձանները. նման փորձ կա Բրուսելում, ստեղծել են մինի Եվրոպա թաղամասը, որը հագեցած է եվրոպական ճարտարապետական հետաքրքիր կոթողներով:

«Կարող ենք գտնել այնպիսի լուծումներ, նաև սովետական մոդեռնիզմից մնացած հուշարձանների համար»,- ասաց վարչապետը` հիշեցնելով, որ Կլոր մասնաշենքը ներառված չէ հուշարձանների ցանկում, սակայն ճարտարապետական օրիգինալ կառույց է և հայ ճարտարապետները գնահատում են լուրջ ճարտարապետական աշխատանք:

Նա առաջարկեց կոնցեսիոներին նախաձեռնել քննարկումներ` վիճահարույց Կլոր շենքի խնդրին լուծում տալու համար:

Նախորդող հրապարակում՝ Հետքայլ` «Զվարթնոցի» շենքի հարցում. Քննարկվելու է կոնցեսիոների մաստեր պլանը

 

Վարչապետն անդրադարձել է «Զվարթնոցի» մասնաշենքի խնդրին