.jpg)
«Թուրքիան Մերձավոր Արևելքում տարվա ընթացքում ծանր հարվածներ ստացավ»
Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով անցնող տարին, նշեց, որ դրական միտում է նկատում Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ Սիրիայի վրա լայնածավալ հարձակման վտանգը փոքրացել է, բացի այդ, լուծում է ստանում քիմիական զենքի հետ կապված խնդիրը, իսկ թե ինչ կլինի սկսված իրադրության վերջը, պարզ չէ:
Արևելագետը դրական միտում արձանագրեց նաև Իրանի հետ հարաբերություններում, նշելով, որ նկատվում է դրական զարգացում և Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները կարծես թե դրական արդյունք են տալիս:
Սաֆրաստյանի համոզմամբ՝ սրանք նախորդ տարում աշխարհաքաղաքական ամենակարևոր նշանակություն ունեցող գործընթացներն էին:
Արևելագետը նշեց, որ վրաց-ռուսական հարաբերություններում դրական միտում է նկատվում և արձանագրվում է երկու երկրների միջև առևտրի աճ, ինչը կարող է քաղաքական հարաբերությունների զարգացմանը նպաստել, ինչը դրական ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա:
Նա նաև նշեց, որ Մերձավոր Արևելքում իրադրությունը կառավարելու ԱՄՆ ձգտումը թուլացել է և ԱՄՆ-ն Միացյալ Նահանգները հասկացավ, որ իրադրությունը դժվար է, նույնիսկ հնարավոր չէ կառավարել:
«Թուրքիան Մերձավոր Արևելքում տարվա ընթացքում ծանր հարվածներ ստացավ: Սիրիայի հարցում իրենք հույս ունեին, որ կտապալեն Ասադի իշխանությունը, սակայն այս ծրագիրը տապալվեց, ինչպես նաև կտրուկ վատացավ հարաբերությունները այնպիսի կարևոր մերձավորարևելյան արաբական երկրի հետ, ինչպիսին Եգիպտոսն է»,- ասաց նա: