.jpg)
Տարածաշրջանային բլոգ. Համեմատականները կարող են ուսանելի լինել
Օրեր առաջ ականատես եղա սփյուռքահայ ազատամարտիկների բանավեճին` ում պետք է ընդօրինակել ազգային պայքարի իրականացման ճանապարհին` պաղեստինցի արաբներին, թե՝ հրեաներին: Բանախոսների տեսակետները, փաստարկները մեկը մյուսից համոզիչ ու արժանահավատ էին: Այդուհանդերձ, հատկապես ուշագրավ էր այն պնդումը, թե` «Մասիսն ու Սիսը, Մուշն ու Վանը կմնան իրենց տեղում, և անկախ այն հանգամանքից` 20 տարի, մեկ դար կամ 2000 տարի հետո նրանք կազատագրվեն, դրանից երևույթը չի իմաստազրկվի»: Համեմատականը, բնականաբար, հրեաներին էր առնչվում:
Ինչ խոսք, ինչպես սեփական անցյալից, այնպես էլ տարբեր ժողովուրդներից, պետություններից, նրանց անցած ճանապարհից, կերտած իրականությունից օրինակներ վերցնելը, նրանց հետ համեմատվելն ամոթալի կամ նվաստացուցիչ երևույթներ չեն, ընդհակառակը, հաճախ կարող են նաև ուսանելի լինել: Այդուհանդերձ, բացահայտում արած չեմ լինի`առավել խրոխտ և ինքնավստահ կլինես լավի, ուժեղի հետ համեմատվելիս: Շախմատում ոսկե կանոն կա`«Առավել ուժեղ դառնալու միակ միջոցը ավելի ուժեղ հակառակորդի հետ մրցելն է»: Այս կանոնը չափազանց արդիական է նաև այսօր և ոչ միայն իմաստուն խաղում, այլ իրականության բազմաթիվ բնագավառներում:
Մեզանում բավականաչափ տարածված է տարբեր հարթութուններում Իսրայել պետության, հրեա ժողովրդի հետ համեմատվելը, հրեական փորձը մեջբերելը: Դրա հիմքն էլ կա` երկու ժողովուրդների անցած պատմական ուղիների, ազգային պայքարի, ազգային դժբախտությունների նմանությունը, նաև ներկայում նույնարժեք մարտահրավերների առկայությունը:
Ուշագրավ է գուցե, բայց հայերիցս շատ ավելի առաջ մեզ հետ մրցակցել, համեմատվել են թե′ պաղեստինցիները (Իսրայելի դեմ հակամարտության ընթացքում շատ հարցերում հայերին ընդօրինակելու մասին բազմիցս խոսել է հենց պաղեստինյան ազատագրական պայքարի հռչակավոր առաջնորդ Յասիր Արաֆաթը) և թե′ հրեաները. նրանք դա արել են հրեային բնորոշ խորամանկությամբ: Մի՞թե համեմատության օրինակ չէ, ասենք, հրեական հայտնի արտահայտությունը` «Երբ հայը ծնվեց, հրեան սկսեց լաց լինել»: Նպատակը մեկն է`ընդգծել, որ հրեա ժողովուրդը ձևավորվել է հայերից շատ ավելի վաղ: Կամ հայերիս ուղղված հրեական հայտնի կոչը`«Պահպանեք հրեաներին, նրանց վերջը կտան, կանցեն ձեզ»: Սրա իմաստն էլ բացահայտ է` ներկայում մենք ձեզնից առաջնային ու ավելի կարևոր ենք:
Արդի պատմափուլում էլ, հատկապես արդեն պետականության առկայության պայմաններում, անշուշտ, հարաբերական զուգահեռների պակաս չի զգացվում: Որպես օրինակ, արտաքին քաղաքականության օրակարգը: Հրեական պետության անկախության հռչակման օրն իսկ սկիզբ առավ մեր ժամանակների ամենատևական և արյունալի հակամարտությունը, որը տարբեր դրսևորումերով և ընդգրկվածությամբ շարունակվում է մինչ օրս: Դեռևս 1970-ականներին արաբաիսրայելական խաղաղ կարգավորման գործընթացում ամերիկյան դիվանագիտության` «Քայլ առ քայլ» միջնորդական գործունեության արդյունքում արաբ-իսրայելական հակամարտությունը տրոհվեց առանձին բաղադրիչների: 1978թ. Քեմփ Դևիդի համաձայնագրերի և 1979թ. Վաշինգթոնի պայմանագրի հիման վրա հանգուցալուծվեց իսրայելաեգիպտական հիմնախնդիրը: 1994թ. Իսրայելի և Հորդանանի սահմանին`Արավայի հովտում, կնքվեց Իսրայելահորդանանյան հաշտության պայմանագիրը: Միևնույն ժամանակ, մինչ օրս հակասություններ կան հյուսիսում Լիբանանի հետ, իսկ վերջին շրջանում անհանգիտ է դարձել հյուսիս-արևելքում`իսրայելասիրիական սահմանաբաժան գոտին:
Սակայն ամենացավոտն Իսրայելի և համայն հրեականության համար միշտ էլ եղել է Պաղեստինի արաբ ժողովրդի հետ համաձայնության հասնելու խնդիրը: Այս հակամարտությունների կարգավորման վերաբերյալ կոշտ և անզիջում մոտեցումները, և ընդհանրապես, արտաքին քաղաքական ուղեգիծը միշտ էլ վճռորոշ կողմնորոշիչ են հանդիսացել քաղաքական ուժերի մրցապայքարում, Իսրայելում իշխանության ձևավորման գործում, հաճախ նաև հրեա ժողովրդի միաբանության հարցում: Եվ դա իսրայելական հասարակության և հրեական սփյուռքի առաջնային պահանջն է եղել, ինչը գրեթե միշտ վնասել է Իսրայել պետության միջազգային իմիջին:
Իսկ Իսրայելի միջազգային վարկն աննախադեպ աճ է արձանագրել 1990-ականների առաջին կեսին, երբ պետության ստեղծման, նրա կայացման պաքարին իր կյանքը նվիրած ամենակարկառուն ռազամական, քաղաքական և պետական գործիչներից մեկի` Իցխակ Ռաբինի վարչապետության երկրորդ ժամկետում` 1992-1995թթ. իսրայելապաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորումն աննախադեպ առաջընթաց գրանցեց. 1993 թ. Ռաբինի և Արաֆաթի միջև կայացավ Օսլոյի համաձայնությունը, որի արդյունքում ստեղծվեց Պաղեստինյան ինքնավարությունը: Սակայն այդ համաձայնագրերի համար Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ռաբինը վճարեց իր կյանքի գնով: Դրանից հետո տապալվեց հաշտության գործընթացը. մինչ օրս հակամարտությունը կարգավորված չէ և արդեն վաղուց դուրս է եկել ուղղակի երկխոսության ձևաչափից:
Վերոնշյալի համատեքստում, իրավիճակների ակներև նմանություններ կան: Պետականության վերականգնման առաջին իսկ օրից Հայասատանն անընդհատ դիմակայության մեջ է երկու հարևանների հետ: Այն, որ արտաքին քաղաքական օրակարգը մեզանում ևս գերակա է նաև ներքաղաքական զարգացումներում, ապացուցված է պատմականորեն. հենց Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում առաջացած հակասությունների պատճառով 1998 թ. ՀՀ Նախագահի պաշտոնից հրաժարվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Պայմանական եղանակը պատմության համար ընդունելի չէ. Տեր-Պետրոսյանին չտրվեց հնարավորություն, հետևաբար դժվար է կանխատեսել՝ ինչ ընթացք կունենար կարգավորման գործընթացը, և կարժանանար արդյոք Խաղաղության Նոբելյան մրցանակի նաև առաջին Նախագահը:
Մյուս ճակատում մինչ օրս դեռ քննարկումների առարկա են 2009 թ.ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ժամանակին լուրջ բանավեճերի պատճառ դարձան հայ ժողովրդի և հայ հասարակության բոլոր հատվածների և շերտերի համար: Թեև արևմտյան հարևանի հետ դարավոր հարաբերությունների պատմական փորձը թույլ էր տալիս կանխավ հաշվարկել այդ արձանագրությունների հեռանկարն, այնուամենայնիվ գոնե երեք կարևոր գործառույթ գործընթացն իրականացրեց. իր ժամանակին նպաստեց ներքաղաքական հակասությունների պատճառով պառակտված հայ հասարակության համախմբմանը, և ընդհանրապես՝ Հայրենիք-Սփյուռք հավաքական ինքնության դրսևորմանը, խնդիրներ հարուցեց «եղբայրական պետությունների»` Թուրքիայի և Ադրբեջանի միջև, նաև, որպես ածանցյալ` բավականաչափ աճեց ՀՀ արտաքին իմիջը:
Հայաստանի և Իսրայելի միջև ամենաթարմ զուգահեռները ներքաղաքական զարգացումների համատեքստում են: 2013-ն ընտրական տարի էր երկու երկրների համար: Եվ չնայած կառավարման մոդելների տարբերությանը (Հայաստանում կիսանախագահական, Իսրայելում՝ խորհրդարանական), նախընտրական գործընթացների, նախընտրական քարոզարշավի և, իհարկե, ընտրությունների արդյունքների հարցում իրողությունները բավականաչափ նման էին: Երկու դեպքում էլ ընդգծված ֆավորիտ կար, ինչը որոշակի ինքնավստահության ֆոն էր ստեղծել երկու երկրներում իշխող ուժերի շրջանում: Արդյունքում, երկու դեպքում էլ որոշակի անակնկալ գրանցվեց՝ նաև պայմանավորված երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմդիր քաղաքական ուժի կամ թեկնածուի անսպասելի հաջողություններով:
Սակայն, ի տարբերություն Իսրայելի, որտեղ ձևավորված կոալիցիոն կառավարությունը պետության պատմության ողջ ընթացքում ամենաընդլայնվածներից էր (ինչը պայմանավորված էր նաև երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներով), Հայաստանում տեղի ունեցավ հակառակ գործընթացը: Այս անգամ ևս հայաստանյան ընդդիմությունը չարժանացավ պետությունը ղեկավարելու հնարավորությանն: Այս անգամ ևս հայաստանյան ընդդիմության որդեգրած քաղաքական մրցապայքարի ուղին չարդարացրեց իրեն: Հերթական անգամ հայրենի ընդդիմությունը չգնաց մարտավարության փոփոխության, որի հնարավորությունն, արդարև, առկա էր: Հարց է առաջանում՝ իսկ միգուցե հասունացել է ընդդիմության`ավելի քան 17 տարի շարունակվող միօրինակ և ապարդյուն պայքարաձևը փոխելու ժամանակը: Միգուցե պետք է ձգտել ոչ թե ամբողջական իշխանության, այլ՝ պետության կառավարմանը մասնակցության, չէ՞ որ քաղաքականությունն, ի վերջո, կոմպրոմիսների գնալու արվեստ է, մանավանդ, երբ հակառակ կողմից համապատասխան տրամադրվածությունն առկա է:
Հ.Գ. 2013թ. Իսրայելի խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Յեշ Ատիդ» (Կա ապագա) կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, ում կոալիցիոն համաձայնության արդյունքում բաժին է ընկել ֆինանսների նախարարի պորտֆելն, անցած ամիսների ընթացքում հասցրել է դառնալ իսրայելական հասարակության կողմից ամենաշատ քննադատվող պաշտոնյան: Իսկ պատճառը, որը ռազմավարական կարևորություն ունի, նրա որդեգրած ֆինանսատնտեսական խիստ քաղաքականությունն է՝ նպատակաուղղված պետական ծախսերը կրճատելու, կոշտ հարկային քաղաքականության միջոցով պետական բյուջեի դեֆիցիտի մաքսիմալ նվազեցմանը: