.jpg)
Ադրբեջան 2013. Տարվա ամփոփում
2013 թ. լի էր կարևոր իրադարձություններով ամբողջ տարածաշրջանում և, մասնավորապես, Ադրբեջանում: Տարվա ընթացքում երկրում տեղի ունեցան մի շարք բողոքի ցույցեր, որոնք կապված էին սոցիալական ծանր վիճակի, բանակում սպանությունների ու իշխանական շրջանակների կամայականությունների հետ:
Մասնավորապես հունվարին մեծ ցույցեր տեղի ունեցան Իսմաիլլիի շրջանում, որոնց հիմնական նպատակը շրջանի ղեկավարին պաշտոնից հեռացնելն էր: Բողոքի ցույցերը սկիզբ առան Իսմաիլլիում` տեղի իշխանությունների կամայականությունների պատճառով, բացի այդ դրան գումարվեց ծանր սոցիալական վիճակի արդյունքում ստեղծված լարվածությունը:
Այս իրադարձություններն ավելի ուշագրավ է դարձնում այն փաստը, որ Իսմաիլլին հիմնականում լեզգիաբնակ շրջան է: Հաշվի առնելով նաև առկա ծանր սոցիալական վիճակը և բնիկ ժողովուրդներին ձուլելու և նրանց ինքնագիտակցությունը բոլոր հնարավոր միջոցներով խեղելու Բաքվի ջանքերը, սույն դեպքերը չի կարելի համարել պատահականություն:
Այս համատեքստում Ադրբեջանի իշխանությունները լրջորեն անհանգստացած են վերջին շրջանում բնիկ ազգերի մոտ նկատվող զարթոնքով, որի լավագույն դրսևորումը օրերս Բաքվի մարզադաշտում Թալիշստանի դրոշի պարզումն էր: Դրա հետևանքով բռնաճնշումները ազգային մտավորականության նկատմամբ ավելի են ուժեղանում. սեպտեմբերին 5 տարի ազատազրկման դատապարտվեց թալիշ հասարակական գործիչ, «Թոլիշի սադո» (Թալիշստանի ձայն) թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը պետական դավաճանության, ինչպես նաև թմրանյութեր պահելու մեղադրանքով:
Չնայած բոլոր ճնշումներին` ազգային շարժումները անկում չեն ապրում ավելին` նոր թափ են ստանում:
Ուշագրավ է նաև դեկտեմբերի 11-ին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած իսլամիստների բախումը, որի արդյունքում մի քանի մարդ լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել: Ամենայն հավանականությամբ` նրանք չեն կարողացել պարզել, թե արդյոք նպատակահարմար է Սիրիայում կռվել Բաշար Ասադի վարչակարգի դեմ, թե ոչ:
Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ երկրում մեծանում է նաև ռադիկալ իսլամիստական հոսանքների ազդեցությունը, ինչը իշխանությունների համար մեծ գլխացավանքի է վերածվել: Այսպիսով, պարզ է դառնում, որ երկրում լարված իրավիճակ է, և ցանկացած ամենաչնչին պատրված կարող է լրջորեն ապակայունացնել իրավիճակը երկրում: Անցնող տարին նշանավորվեց նաև Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացմամբ: Այն հստակ ցույց տվեց, որ ընտրությունների ինստիտուտը հարևան երկրում կրում է զուտ ձևական բնույթ և ծառայում է ալիևյան վարչակարգի վերարտադրողականությանը:
Երկրի իներտ քաղաքակական կյանքում փորձեց նոր շունչ մտցնել մայիսին ստեղծված «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը», որի կազմում ներգրավեցին մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, տարբեր մակարդակի գործիչներ ու իրավապաշտպաններ: Սակայն այս ուժը նույնպես չկարողացավ լուրջ մրցակցություն ցուցաբերել Ալիևին` այն պարզ պատճառով, որ չէր տիրապետում այնպիսի ռեսուրսների, ինչպիսիք ուներ իշխանությունը:
Բացի դրանից նորաստեղծ կառույցը չէր վայելում ժողովրդականություն, քանի որ շատերն այն համարում էին և շարունակում են համարել իշխանական ծրագիր, որը միտված է ցույց տալու երկրում իրական ընդդիմության առկայությունը: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Իլհամ Ալիևը բավական հարմար թեկնածու է Արևմուտքի համար, քանի որ նա հաստատակամ է Եվրոպային նավթագազային ռեսուրսներով ապահովելու իր ծրագրում, ինչը հաստատվեց օրերս «Շահդենիզ 2» նոր պայմանագրի կնքմամբ: Այս պայմանագիրը ոչ միայն երկկողմանի շահավետ տնտեսական ծրագիր է, այլև, ըստ էության, Իլհամ Ալիևի իշխանությանը մնալու հիմնական գրավականն է:
Ընտրություններից հետո երկրի ներքաղաքական կյանքում նոր գործընթացներ սկսվեցին կապված մի շարք բարձրաստիճան չինովնիկների պաշտոնանկության հետ: Անսպասելի կերպով իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվեցին պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը և աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարար Ֆիզուլի Ալեկպերովը: Վերջիններս համարվում էին ալիևյան վարչակարգի կարկառուն ներկայացուցիչներից, որոնք գրեթե անձեռնմխելի են:
Ուշագրավ էր նաև պաշտպանության նորանշանակ նախարար Զաքիր Հասանովի պաշտպանական գերատեսչությունում մեծ կադրային ջարդ իրականացնելու քաղաքականությունը: Բնական է, որ նորանշանակ պաշտոնյան փորձում է կարևոր պաշտոններին նշանակել իր ցեղակիցներին: Կլանային համակարգին բնորոշ այս երևույթն առավել ցայտուն կերպով է արտահայտվում Ադրբեջանում: Այսպես վարվեց նաև Հասանովը՝ նախարարությունում բարձրագույն պաշտոններին նշանակելով այսպես կոչված Երազներին (Հայաստանում ծնված ադրբեջանցիներին):
Ըստ էության, նախարարների կաբինետի այս փոքրիկ փոփոխությունները որևէ կերպ չեն անդրադարձել երկրի արտաքին կամ ներքին քաղաքականության վրա, այն տարբերությամբ, որ պաշտպանության նախարարի փոփոխությամբ ավելացան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները:
Տարին Ադրբեջանի համար ամփոփվում է վառելիքի գների բարձրացմամբ: Դեկտեմբերին կառավարության որոշմամբ բարձրացվեցին վառելիքի բոլոր տեսակների գները: Այսպիսով բենզինի մեկ լիտրի արժեքը հասավ մոտ մեկ ԱՄՆ դոլարի: Բնականաբար վառելիքի թանկացումը իր հետ բերեց բոլոր ապրանքների ու ծառայությունների գների բարձրացմանը: Գալիք տարի կարելի է սպասել նոր թանկացումների, ինչը կապված կլինի հիմնականում Ադրբեջանում նավթային պաշարների սպառման և երկրում մոնոպոլիաների առկայության հետ:
Այսպիսով կարող ենք փաստել, որ Ադրբեջանում թվացյալ կայունությունն ու բարգավաճումը լոկ իշխանությունների կողմից օգտագործվող կարգախոս է, որն ուղղված է թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանին և ոչ մի կապ չունի իրականության հետ: