ԼՂՀ ԱԳՆ. Մաքսային միությունը ԼՂՀ կարգավիճակի հետ որևէ առնչություն չունի
28/12/2013 17:35

ԼՂՀ ԱԳՆ. Մաքսային միությունը ԼՂՀ կարգավիճակի հետ որևէ առնչություն չունի

Մաքսային միությունը ԼՂՀ կարգավիճակի հետ որևէ առնչություն չունի։ ՄՄ-ն տնտեսական համագործակցության նպատակներ հետապնդող կազմակերպություն է և այն կոչված չէ և ի վիճակի չէ հետապնդել որևէ քաղաքական հարց։ Եթե ոմանք փորձում են քաղաքական երանգ հաղորդել հարցին՝ մենք դա գտնում ենք ուղղակի անիմաստ: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարել է ԼՂՀ արգործնախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո ակտիվորեն քննարկվող՝ երկու հայկական հարապետությունների միջև մաքսակետի և Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման հետ կապված հարցին, հաղորդում է karabakh-open.info-ն: 

Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է.

«ԼՂՀ կարգավիճակը որոշվել է իր ազգաբնակչության կողմից անկախության հանրաքվեի միջոցով, վերահաստատվել սահմանադրության հանրաքվեի ճանապարհով։ Ես այսօր չեմ տեսնում որևէ պատճառ, որպեսզի ԼՂՀ բնակչության որոշումը ենթարկվի փոփոխության»։

Պատասխանելով՝ Հայաստանի ՄՄ-ին անդամակցելը ԼՂՀ ճանաչմանը չի՞ կարող վնասել հարցին, արտգործնաժարար Կարեն Միրզոյանը շեշտել է.

«Դրանք տարաբնույթ գործընթացներ են։ ԼՂՀ միջազգային ճանաչումը պայմանավորված չէ այս կամ այն միջազգային կառույցին անդամակցելով կամ նրա հետ հարաբերություններ ունենալով։ Միակ գործոնը, որ ունենք այստեղ՝ ԼՂՀ ժողովրդի կամքն է՝ այն, որ Արցախի ժողովուրդը շարունակում է ապրել այս հողում, ստեղծել է իր պետությունը և նպատակ ունի զարգացնել այն։ Մեզ ճանաչում են հենց դրա համար, որ մենք կարողացել ենք ստեղծել կենսունակ պետություն, որը ոչ միայն կարողանում է պաշտպանել իրեն, ունի զարգացման հեռանկար։ Այդ առումով որևէ լուրջ հարված ԼՂՀ ճանաչման գործընթացին չեմ տեսնում»։ 

ԼՂՀ ԱԳՆ. Մաքսային միությունը ԼՂՀ կարգավիճակի հետ որևէ առնչություն չունի