.jpg)
Բենզին Ռուբոն վերակենդանացման բաժնում է. Ծեծի առթիվ գործ է հարուցվել
Գործարար Ռուբեն Մասումյանին (մականունը՝ Բենզին Ռուբո) մարմնական վնասվածք հասցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին կետի (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով) հատկանիշներով:
Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկիանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նրա խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքնննություն, ձերբակալվածներ չկան:
Նշենք, որ դեկտեմբերի 15–ին նա գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Ինչպես Aysor.am-ի թղթակցին հայտնեց Էրեբունի ԲԿ լրատվական բաժնի պետ Շուշան Հունանյանը, Ռ. Մասումյանը այժմ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ստացել է գանգուղեղային վնասվածքներ, գիտակցությունը տեղն է, և նկատվում է դրական դինամիկա, սակայն հայտնի չէ, թե երբ նա կտեղափոխվի հիվանդասենյակ կամ դուրս կգրվի:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ռ. Մասումյանը արտասահմանից հյուրեր է ունեցել և գնումներ կատարելու նպատակով այցելել է Գումի շուկա, այդ ժամանակ էլ անհայտ անձը թիկունքից քարով հարվածել է նրա գլխին ու դիմել փախուստի: Նշված հատվածում կան տեսախցիկներ և ոստիկանությունը առգրավել է տեսախցիկները և ձայնագրություները վերծանման ենթարկելուց հետո հնարավոր է պարզվի գործարարին հարվածած անձի ինքնությունը: