«Բյուրակն» կրթահամալիրի տնօրենը վրաերթի է ենթարկել իր 2-ամյա դստերը
30/12/2013 12:55

«Բյուրակն» կրթահամալիրի տնօրենը վրաերթի է ենթարկել իր 2-ամյա դստերը

«Փառք Աստծո, բժշիկները ասում են, որ երեխան դեպի լավն է գնում: Հիմա կայունացման փուլում է գտնվում, իսկ գիտակցությունը միշտ էլ տեղն է եղել, սակայն վնասվածքներն էին շատ»,- այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Բյուրակն» կրթահամալիրի տնօրեն Սպարտակ Մկրտչյանը, ով նախօրեին վրաերթի էր ենթարկել իր 2-ամյա դստերը:

Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել իրենց տան բակում: «Ես ուզում էի բակից դուրս գալ, երեխա վազեց դեպի մեքենան և երևի ոտքը սահել է ու ընկավ, ես էլ չհասցրեցի արգելակեմ»,- պատմեց նա:

Ս. Մկրտչյանի խոսքով` այն, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, իրեն ամենաքիչն է անհանգստացնում:

«Ես ոստիկանությանը հենց սկզբից էլ պատմել եմ ամեն ինչ, ինչ որ եղել է, և ինձ հիմա միայն իմ երեխայի առողջությունն է հետաքրքրոիւմ, իսկ թե ինչ կանեն, իրենց գործն է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ shamshyan.com-ի տեղեկություններով` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Արտյոմ Համզոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 29-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ժամը 13:00-ի սահմաններում Առինջ գյուղի բնակիչ, 33-ամյա Սպարտակ Մկրտչյանը, վարելով Lexus RX-300 մակնիշի ավտոմեքենան, իրենց գյուղի 2-րդ փողոցի 9-րդ տան դիմաց վրաերթի է ենթարկել 2-ամյա Վերգինե Մկրտչյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխային ախտորոշել են դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի վնասվածք և կոտրվածք (հարցականով):  

 

«Բյուրակն» կրթահամալիրի տնօրենը վրաերթի է ենթարկել իր 2-ամյա դստերը