Նոր տարին`դիրքերում. «Իրար թիկունք պահել գիտենք, ինչպես ընտանիքում»
06/01/2014 17:05

Նոր տարին`դիրքերում. «Իրար թիկունք պահել գիտենք, ինչպես ընտանիքում»

Տոներից առաջ karabakh-open.info-ի թղթակիցն այցելել է մարտական հենակետեր: Ներկայացնում ենք կայքի հրապարակումը:

Ավագ սերժանտ Գևորգ Գևորգյանն ասում է, որ առաջին գծում կանգնած զինվորը ոչնչից չպիտի վախենա, քանի որ սեփական հողին է կանգնած, որտեղից ոչ մի դեպքում քայլ անգամ հետ չի գնա:



Գևորգյանն արդեն մեկ ամիս է պայմանագրային ծառայության է անցել:

«Որոշեցի վերադառնալ, որովհետև հայրենիքի պաշտպանությունից ավելի նվիրական գործ չկա: Իսկ դա ամենակարևորն է հայ տղայի համար: Եկա, որպեսզի ինչ-որ բանով պիտանի լինեմ հայրենիքիս»,- այսպես է իր որոշումը հիմնավորում ավագ սերժանտը, ով, ի տարբերություն, պարտադիր զինծառայության տարիների, այժմ զգում է այն պատասխանատվությունը, որ դրված է իր վրա: Ինչպես ինքն է ասում՝ մի ամբողջ դասակի համար է պատասխան տալիս, ինչպես նաև պատասխանատու է բոլոր զինվորների ծնողների առաջ:



Ավագ սերժանտին մեր այցելության ժամանակ հանդիպեցինք Մարտունու ուղղությամբ դիրքերից մեկում, որտեղ մարտական հերթապահություն անցկացնող զինվորներին, բացի ՊԲ ղեկավար կազմից, Ամանորը շնորհավորելու էին եկել ԼՂՀ պետական այրեր, լրագրողներ: Այստեղ էր հոր հետ այցելել նաև հուլիսին զորացրված Գուրգեն Թադևոսյանը, ում դիրքում հերթապահություն անցկացնող բոլոր զինվորներն էլ գիտեն, քանի որ հենց այդ երիտասարդի նախաձեռնությամբ է կառուցվել փոքրիկ եկեղեցին, որտեղ ամեն օր նրանք աղոթք են ուղղում Աստծուն և մոմ վառում:



«Մարտական դիրքում եկեղեցին ուժ է տալիս զինվորին, դրա համար էլ մտածեցի կառուցել: Դա արեցի ծառայությանս ընթացքում, ինչի համար շատ հպարտ եմ: Նաև նրա համար, որ ընկերներս այն ավելի են գեղեցկացրել այս մի քանի ամիսների ընթացքում»,- նշում է Գուրգեն Թադևոսյանը և պատմում իր նոր մտահղացման մասին.

«Որոշել եմ ամեն տարի գալ ու շնորհավորել մեր տղաների Նոր տարին, այս փոքրիկ եկեղեցում մոմ վառել ու գնալ»:

Երևանի ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկայի ֆակուլտետի ուսանողը նաև ավելացնում է, որ բանակն իր կյանքում շատ բան է փոխել. նոր ընկերներ է ձեռք բերել, ում հետ միասին նոր տարի են դիմավորել, «իրար թիկունք կանգնել գիտենք, ինչպես ընտանիքում»:



ԼՂՀ ՊԲ անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, գնդապետ Նորայր Մկրտչյանի ուղեկցությամբ այցելած երկրորդ դիրքում էլ էին անհամբեր սպասում, ինչպես զինվորներն են ասում, քաղաքացիական հագուստով մարդկանց: Հակառակորդից շուրջ 120 մետր հեռավորությամբ հերթապահություն անցկացնող զինվորներն այստեղ նույնպես ոչնչից չեն վախենում և նրանց ուշադրության կենտրոնում իրենց պարտականությունը պատվով կատարելն է:

1 տարի 9 ամիս ծառայած շարքային Շահվերդյանն էլ է փաստում, որ միայն մտածում են սահմանն անսասան պահելու մասին: Այդ ժամանակ են զգում, թե ինչքան պատասխանատու գործ են անում: Հենց այդ ամենն էլ զինվորներին փոխում է.

«Ավելի լուրջ ես սկսում նայել կյանքին, ամեն ինչին»,- փաստում է Շահվերդյանը:



Այս դիրքն էլ բացառություն չէր իր հոգևոր անկյունով: Գնդապետ Նորայր Մկրտչյանի հավաստմամբ՝ ներկայում բոլոր զորամասերին կից գործող եկեղեցիներ կան, մատուռներ, առաջնագծում՝ հոգևոր անկյուններ, որոնք մոտ երկու ամիս առաջ նաև օրհնվել են: Հոգևոր դաստիարակության աշխուժացումը բանակում, գնդապետի խոսքրով, սկսեց այն պահից, երբ զորամասերում ներդրվեց հոգևոր սպասավորների ինստիտուտը. հոգևոր սպասավորները պարբերաբար քարոզներով են հանդես գալիս զորամասերում, տարբեր միջոցառումների մասնակցում:

Մեր այցելության ժամանակ այդ ուղղությամբ կրակոցներ հնչեցին, սակայն, ինչպես գնդապետ Մկրտչյանն է ասում, դիրքերում միշտ էլ լինում են նման խախտումներ, որոնք «չի կարելի կապել որևէ տոն օրվա կամ հիշարժան իրադարձության հետ»:

Հակառակորդը միշտ էլ նման գործողություններով փորձում է լարվածություն ստեղծել և որևէ վնաս հասցնել, սակայն հանդիպում է ղարաբաղյան դիրքապահների վճռական գործողություններին, ստանում արժանի պատասխան:

Անահիտ Դանիելյան

 

Նոր տարին`դիրքերում. «Իրար թիկունք պահել գիտենք, ինչպես ընտանիքում»