.jpg)
Այսօր Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է
Այսօր բանաստեղծ Պետրոս Դուրյանի` իսկական ազգանունը Զըմպայան, ծննդյան օրն է: Ճեմարանն ավարտելուց հետո եղել է գրագիր, տնային ուսուցիչ, աշխատակցել է տարբեր թերթերի, գրել դրամաներ: Նշանավոր են «Վարդ և Շուշան կամ Հովիվք Մասյաց» մելոդրաման, «Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան», «Արտաշես աշխարհակալ», «Անկումն Արշակունի հարստության» և այլ պատմական դրամաներ, որոնք ժամանակին բեմադրվել են Կոստանդնուպոլսում` Հակոբ Վարդովյանի թատրոնում:
Դուրյանի սիրային բանաստեղծություններում միահյուսված են սերը և բնությունը. «Նե», «Զնե պաշտեմ», «Մանիշակ» բանաստեղծություններում սերն արթնանում է բնության շնչով: Բնության և սիրո ներդաշնակ պատկեր է նաև «Ներա հետ» բանաստեղծությունը: Սիրո փիլիսոփայությունը գեղարվեստորեն արտացոլվել է նաև Դուրյանի «Սիրել» և «Դրժել» բանաստեղծություններում: Առաջինում պատկերված են սիրած էակի հմայքն ու սիրո խոստովանության հուշը, սիրո հեքիաթի երջանիկ ավարտը: Երկրորդում իդեալի և ներդաշնակության կապը խզված է, բանաստեղծը մերժված է: «Լճակ», «Ի՞նչ կըսեն» բանաստեղծություններում Դուրյանը դատապարտել է անողոք ու անտարբեր աշխարհը:
1871թ.-ի սկզբին Դուրյանը հիվանդացել է թոքախտով և, 21 տարին չբոլորած, հեռացել կյանքից՝ երազելով իր տաղերի ժողովածուի լույսընծայումը: Նա հեռացել է կյանքից առանց լուսանկար ունենալու. նրա դիմանկարն ստեղծվել է մահից 20 տարի անց՝ հարազատների նկարագրությունների հիման վրա: 1972թ. վիրաբույժ, մարդաբան Անդրանիկ Ճաղարյանը գանգաբանական հետազոտությամբ վերականգնել է Դուրյանի դեմքը: