Սոնա Շահգելդյան. Ես գիտեմ, որ հիմա շատ երջանիկ եմ. Լուսանկարներ
06/01/2014 15:08

Սոնա Շահգելդյան. Ես գիտեմ, որ հիմա շատ երջանիկ եմ. Լուսանկարներ

Life.panorama.am-ը տոներից հետո զրուցել է երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ: 

-Ինչպե՞ս դիմավորեցիք նոր՝ 2014 թվականը:

-Ճիշտն ասած դիմավորել եմ աշխատանքի մեջ՝ երգել եմ մի քանի տեղ, այնուհետև ժամը 3-ին եկել եմ տուն…

-Իսկ ընտանիքի անդամները չե՞ն նեղվում, որ տանը չեք լինում ամանորյա գիշերը:

-Իհարկե նեղվում են: Նոր տարին պետք է հարազատներիդ, սիրելիիդ, քեզ համար սրտացավ մարդկանց հետ դիմավորես… Բայց իմ գործի բնույթն այդպիսին է, անտեսել չեմ կարող: Այն էլ ինձ համար շատ կարևոր է: Ես միշտ Ամանորը տարբեր կերպ եմ դիմավորել. օրինակ, նախորդ տարի մենահամերգի էի մեկնել Սանկտ Պետերբուրգ:

-Ավանդույթներին հետևել չի հաջողվում փաստորեն:

-Ոչ միշտ… Բայց, քանի որ հայ ենք, մեր ավանդույթներին պետք է հետևենք: Յուրաքանչյուր ազգ իր ավանդույթներին մեծ տեղ է տալիս, իսկ մենք նրանցից պակաս չենք հաստատ:

 

-Ամանորյա սեղանին սիրում եք նորամուծություննե՞ր, թե՞ ավանդական կերակրատեսակներ:

-Սիրում եմ այդ երկուսի համադրումը: Չեմ սիրում, երբ սեղանը ամեն տարի նույն տեսքն է ունենում ու կրկնվում է: Ինձ համար կարևոր է տան զարդարանքը, սպասքը: Ուղղակի սեղան գցել չեմ սիրում: Բայց ամենակարևորն այն է, որ սեղանը բացի գեղեցիկ պատրաստված լինելուց, հոգի ունենա, սիրով պատրաստված լինի:

-Խոզի ազդրը նաև Ձե՞ր սեղանի զարդն է…

-Այո, ինչո՞ւ ոչ… Թեև ես մսակեր չեմ, միս բոլորովին չեմ սիրում, նախընտրում եմ բանջարեղեն: Ի դեպ, ասեմ՝ ավանդական ուտեստներից տատիկիս պատրաստած յուրօրինակ, անկրկնելի բլինչիկներն են անպակաս մեր սեղանից, իշլի քյուֆթան, որը ես և մայրս ենք պատրաստում: Սիրում եմ, երբ ամեն ինչ տնական է լինում:

-Փաստորեն, դուք նաև լավ խոհարար եք:

-Այո, համեստորեն չեմ լռի ու ասի, որ այդպիսի բան չկա: Բացի երգելուց շատ այլ հատկանիշներ էլ ունեմ:

-Նվերներ սիրո՞ւմ եք ստանալ:

-Շատ… Բայց ավելի շատ սիրում եմ նվիրել, դրանից առավել մեծ հաճույք եմ ստանում:

-Իսկ Ամանորի գիշերը երազանք պահելուն հավատո՞ւմ եք:

-Քանի որ մեծացել եմ, սկսել եմ կյանքին ավելի ճիշտ ու ռեալ նայել:

-Դրանից կյանքը չի՞ դժվարանում:

-Բնականաբար, եթե ուզում ես քո ճիշտն առաջ մղել, կյանքը դժվարանում է: Բայց, ամեն դեպքում, հաղթում ես… Ես պարզ մարդ եմ, կյանքում ասում եմ այն, ինչ կա: Գուցե դա իր վատ կողմերն ունի, չգիտեմ:

-Սոնա, բայց Ձեր անկեղծությունը երբեմն կարող է ձեզ վնասել և անձնականում, և աշխատանքում չէ՞:

-… Իմ ասպարեզում շատ դիմակավոր մարդիկ կան, ոչ բոլորն են անկեղծ, ինչը ես երբեք չեմ ընդունել… Ես չեմ վախենում անկեղծ լինելուց, իմ անկեղծությամբ միշտ էլ հաղթում եմ: Ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ձևականորեն չեմ ասում, թե անկեղծ եմ: Ես այսպիսին եմ, և մարդիկ ինձ սիրում են այնպիսին, ինչպիսին կամ: Խաբելու, թաքցնելու կամ ցուցադրելու ոչինչ չունեմ: Հիմա նման մարդիկ շատ քիչ են, պետք է կարողանաս գտնեք քեզ նմանին: Թող ընկերներդ լինեն քիչ, բայց լավը, նրանք մեկ օրվա համար չեն: 2013 թվականին շատ մարդկանց շատ կողմեր բացահայտեցի, ինչն ինձ համար դաս եղավ. ևս մեկ փուլ անցա ու հաղթահարեցի…

-Իսկ կորցնելուց չե՞ք վախենում:

-Իհարկե, կորցնելը շատ դժվար է, կորստից հետո ես հասկանում, թե տվյալ մարդը քեզ համար որքան կարևոր է եղել: Ցանկանում եմ, ոչ մեկի կյանքում և ընտանիքում կորուստներ չլինեն: Ուզում եմ մարդիկ անկեղծ լինեն, մաքուր, միմյանց վստահեն, լավ մարդկանց չշահագործեն: Թեև ես էլ եմ ընկերներ կորցնելուց նեղսրտում, բայց թող վախենան նաև, որ ինձ կկորցնեն: 

-Ամիսներ առաջ խոսում էին, որ պատրաստվում եք ամուսնանալ պրոդյուսերներից մեկի հետ: Նույնիսկ նկարներ և հարցազրույց կար:

-Այդ թեման արծարծել չէի ցանկանա, որովհետև լուրջ բան չի եղել: Միգուցե PR է արվել՝ ոչ իմ կողմից: Ես PR-ի կարիք բնավ չունեմ, իսկ կան մարդիկ, որ սիրում են ու նման բաների անհրաժեշտություն ունեն:

 

-Իսկ Ձեր կյանքում հիմա երկրորդ կես կա՞:

-Այո, ունեմ ընտրյալ, որին առաջնահերթ հարգում եմ: Նման հարաբերություններում պետք է ամեն ինչ փոխադարձ լինի՝ հարգանք, նվիրվածություն, սեր և հասկացվածություն: Մնացածն իր ժամանակին կլինի: Իմ կյանքում եղել են դեպքեր, երբ հարաբերությունները լրջության չեն հասել: Հավատում եմ, որ կա ճակատագիր, որին մարդը պետք է օգնի: Ես գիտեմ, որ հիմա շատ երջանիկ եմ…

-Ամեն դեպքում, կարելի է ասել՝ ամուսնության մասին արդեն խորհում եք:

-Չէ, բնականաբար թողնում ենք ամեն ինչ ժամանակին… Եվ ես, և իմ ընտրյալը արժանի ենք, որ մեր կյանքում ամեն ինչ լավ լինի:

Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ:

Սոնա Շահգելդյան. Ես գիտեմ, որ հիմա շատ երջանիկ եմ. Լուսանկարներ