.jpg)
Մարտին առաջնեկս լույս աշխարհ կգա. Սամվել Թոփալյան. Life.panorama.am
Երիտասարդ դերասան Սամվել Թոփալյանին մընթերցողները կհիշեն գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմերից, սերիալներից, իսկ թատրոնին ժամանակ տրամադրողները, անկասկած, նրան ճանաչում են թատերական բեմերից… Life.panorama.am-ի զրուցակիցը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող մեր մեծերին նվիրված «Հայադարան»հաղորդաշարի հաղորդավար, դերասան Սամվել Թոփալյանն է:
- Սամվել, վաղուց Ձեզ սերիալներում չենք տեսնում: Միայն թատրոնո՞ւմ եք:
- Դեռևս սերիալներից առաջարկներ չունեմ… Աշխատում եմ «Գոյ» և «Մալյան» թատրոններում, «32» թատրոնում արդեն երկու ներկայացման մեջ եմ զբաղված:
- Հայաստանում դերասանի մասնագիտությամբ ապրելը հե՞շտ է:
- Եթե ֆինանսական առումով նկատի ունեք, իհարկե, դժվար է: Բայց, քանի որ ազգությամբ հայ ենք ու մեր երկիրն է, բնականաբար այստեղ ավելի հաճելի ու ցանկալի է ապրելը…

- Այսօր երիտասարդ շատ ռեժիսորներ, դերասաններ փորձում են թատրոնին ժամանակակից շունչ տալ, նորամուծություններ անել: Ինչպե՞ս եք դրան վերաբերում:
- Դա լավ է, եթե անողը ճաշակով է, պրոֆեսիոնալ, ու չափի զգացողություն ունի: Բայց հիմնականում մեզ մոտ ինչ-որ անճաշակ բաներ են ստացվում: Փորձում են «աջ ձեռքով ձախ ականջը բռնել»…
- Իսկ սերիալները, ըստ Ձեզ, ի՞նչ մակարդակի վրա են:
- Ինչ-որ մակարդակի հասել են, բայց, բնականաբար, դեռ շատ գործ կա անելու…
- Երբ սերիալային առաջարկ է լինում, ինչպե՞ս եք կողմնորոշվում՝ համաձայնել, թե ոչ…
- Հիմնականում ծանոթանում եմ, թե ինչ պետք է ներկայացնեմ, բայց կան ֆինանսական և այլ խնդիրներ ևս… Ամեն դեպքում դա դերասանի գործ է, և ամեն մեկը պետք է փորձի իր գործը լավ անել…
- Այսօր այնտեղ ավելի լավ են վարձատրում, քան թատրոններում…
- Ոչ միայն այսօր, միշտ է այդպես եղել… Ֆիլմերում տասնապատիկ ավելի բարձր են վճարել, քան թատրոնի աշխատավարձն է…

- Կան դերասաններ, ովքեր երազում են այս կամ այն կերպարը կերտել: Դուք նման հավակնություններ ունե՞ք:
- Ճիշտն ասած՝ մասնագիտական առումով ես երազանքներով ապրող դերասան չեմ, ամեն ինչին ավելի ռեալ եմ նայում… Հաշվի առնելով այսօրվա ֆիլմարտադրությունը՝ ավելորդ է երազներ ունենալ…
- Սամվել, կա՞ կյանքում ինչ-որ բան, որ երբեք չեք անի:
- Բնականաբար: Չեմ խաբի, չեմ բամբասի… Այդպես անընդհատ կարող եմ թվարկել…
- Իսկ Ձեր մասին մարդկանցից ասեկոսեներ լսե՞լ եք:
- Անկեղծ ասած՝ իմ անվան հետ կապված խոսակցություններ երբեք չեմ լսել:
- Որքան հասկացա՝ բավական լավատես անձնավորություն եք…
-, համենայն դեպս փորձում եմ այդպիսին լինել…
- Դա օգնո՞ւմ, թե՞ խանգարում է կյանքում:
- Որքան մեծանում եմ, հասկանում եմ, որ օգնում է:
- Քանի որ դեռևս ամանորյա տրամադրությունը պահպանվում է՝ հարցնեմ. Ամանորը որտե՞ղ եք անցկացրել:
- Իմ տանը՝ ծնողներիս ու կնոջս հետ:
- Արդեն Ձեր առաջնեկին եք սպասում, այո՞:
- Այո, մարտին լույս աշխարհ կգա:

- Հավանաբար, արդեն գիտեք՝ արու զավակի հայր եք, թե դստրիկի…
- Գիտեմ, բայց մինչև չծնվի, հաստատ չեմ իմանա (ծիծաղելով)… Այդ իսկ պատճառով ձեզ չեմ ասի նախնական տվյալները:
- 2013 թվականից գո՞հ եք:
- Նախորդ տարվա իմ կարևոր ձեռքբերումն այն էր, որ ամուսնացա, ընտանիք կազմեցի…
- Ի դեպ, ձեր կինը Ձեր ասպարեզի՞ց է:
- Ոչ, սոցիոլոգ է, մագիստրատուրան դեռ չի ավարտել:
- Ավարտելուց հետո թույլ կտա՞ք աշխատել, թե պետք է նստի տանն ու երեխա պահի:
- Չէ, բնականաբար դեմ չեմ իր աշխատելուն…
- Ի՞նչ եք կարծում, իր համար դժվար չի՞ լինել հմայիչ և երիտասարդ դերասանի կին:
- Նախ և առաջ, ինքը Սամվելի կինն է: Ես իմ մասնագիտական խնդիրները, հաջողությունները կամ նյարդային վիճակները տուն չեմ բերում, դրանք մնում են թատրոնում կամ նկարահանման հրապարակում…
- Իսկ երկրպագուհինե՞րը…
- Ուղղակի կասեմ, որ բուռն տեսարաններ երբեք չեն եղել, քանի որ կինս ինձ շատ լավ ճանաչում է…
- Սամվել, 2014 թվականից ի՞նչ ակնկալիքներ ունեք: Ինչպե՞ս եք պատկերացնում այս տարին ձեզ համար:
- Ամեն տարի ունի իր թե՛ ձեռքբերումները, թե՛ ձախողումները: Երևի դա է պատճառը, որ մարդիկ միշտ հույսով ու հավատով են մտածում, որ եկող տարին ավելի արդյունավետ կլինի… Ես էլ հուսով եմ, որ այդպես կլինի. ավելի շատ հաջողություններ, ավելի քիչ՝ բացասական երևույթներ…