Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները խնդրում են բողոքարկել ՄԻԵԴ որոշումը
08/01/2014 20:05

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները խնդրում են բողոքարկել ՄԻԵԴ որոշումը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը խնդրագիր է ներկայացրել Շվեյցարիայի կառավարությանը՝ բողոքարկել ՄԻԵԴ-ի որոշումը՝ կապված Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չորակելու հետ: Այս մասին տեղեկացնում է «Change.org»-ը:

«2013 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատմության մեջ կհիշվի որպես բացարձակ խայտառակություն, այդ իրավասու մարմինը, որ երբեք այսքան քիչ չի արժանի եղել իր անվանը, որոշել է բավարարել Հայոց ցեղասպանության եռանդուն և հաստատակամ ժխտող Դողու Փերինչեքի հայցը` դատապարտելով Շվեյցարիային խոսքի ազատության ոտնահարման մեջ:

Այս խնդրագրով մենք կոչ ենք անում շվեյցարական իշխանություններին բողոքարկել ՄԻԵԴ-ի որոշումը, այդ կերպ բանավեճ և արդար դատավարություն ապահովելով մեր եվրոպական ինքնությանն առնչվող այս կարևոր և արդիական խնդրի շուրջ, և հնարավորություն տալ, որ մյուս երկրների, այդ թվում` Ֆրանիսայի ձայնը լսելի դառնա:

Ավելին, բողոքարկումը հնարավարություն կտա հայկական կողմին Թուրքիայի հետ հավասարապես ներկայացված լինել դատարանում, ինչը գոնե կապահովի մինիմալ արադարադատություն` ի տարբերություն նախկին դատավարությունների»,-նշված է խնդրագրում:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հակահայկական թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ իր որոշումը մեկնաբանելով խոսքի ազատության սկզբունքով: Թուրքիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման համար:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են Հունաստանը, Շվեցարիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Սլովենիան, Կիպրոսը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան:

Բելգիայում և Շվեցարիայում ցեղասպանության փաստի ժխտման համար նախատեսված է քրեական պատիժ:

ԱՄՆ-ի 50 նահանգներից 43-ը ճանաչել և դատապարտել է հայ ժողովրդի ցեղասպանությունը:  

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները խնդրում են բողոքարկել ՄԻԵԴ որոշումը