.jpg)
Հայտնի մարդկանց հոգեկան հիվանդությունները
Մեծ հանճարները զարմանալի և օրիգինալ մարդիկ են, ուստի զարմանալի չէ նաև այն, որ նրանցից շատերն ունեին հոգեկան հիվանդություններ: Այս մասին հայտնում է Harmonia.am-ը:
Չնայած շատ արվեստագետների հոգեկան խանգարումներին` դրանց պատճառը ամենևին էլ արվեստը չէ: Ընդհակառակը, արվեստը հաճախ նպաստում է նրանց բուժվելուն: Արվեստագետների շրջանում այսքան շատ հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց պատճառը նրանց խառնվածքն է, անձնային առանձնահատկությունները, աշխարհի, մարդկանց, իրադարձությունների սուր ընկալումը:
Բժիշկներն, ովքեր ուսումնասիրում են հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց, շիզոֆրենիայով հիվանդներին ճանաչում են նրանց իսկ պատկերած նկարներով: Հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց նկարած նկարները տարբերվում են հոգեպես առողջ մարդկանց նկարներից: Հիվանդները նկարի վրա սպիտակ մաս չեն թողնում, նրանք բոլոր անկյունները ներկում են: Բոլոր պատկերները նկարված են մեկ հարթության վրա. չի տարբերվում, թե ինչն է մոտ, ինչը` հեռու:
Եթե նրանք մարդկանց են նկարում, ապա պատկերում են նրանց բոլոր օրգանները, ոսկորները, երակները, եթե ծառեր են նկարում, ապա նկարում են նաև արմատները: Հոգեկան հիվանդները հաճախ կենդանացնում են անկենդան բնությունը: Օրինակ` քարերը նկարում են աչքերով, արևը` ժպիտով և ծիծաղով:
Նկարները հաճախ տեքստ են ունենում` բառեր, արտահայտություններ, նշաններ: Այդ նշաններն էլ հաճախ հորինված են այցելուների կողմից: Այն հոգեկան հիվանդները, ովքեր իրենց միայնակ են զգում, երբեք մարդկանց իրենց նկարներում չեն պատկերում: Երբեմն հիվանդությունը դրական ազդեցություն է թողնում արվեստի վրա. նկարիչը սկսում է ավելի լավ նկարել, իսկ հիվանդության սրության պահերին ծնվում են լավագույն գործերը: Հայտնի են դեպքեր, երբ բուժվելուց հետո արվեստագետները դադարեցրել են իրենց ստեղծագործական գործունեությունը:
Վան Գոգը օրեր շարունակ նկարում էր: Նա անգամ կտրեց իր ձախ ականջն ու իր դիմանկարը նկարեց այդ տեսքով, իսկ 37 տարեկան հասակում ինքնասպան եղավ: Ի դեպ, նրա մահվանից հետո բժիշկների կողմից հրապարակվեց ավելի քան 150 ախտորոշում: Այլ ծանր հիվանդությունների հետ մեկտեղ, նրանք նկարչի մոտ հայտնաբերեցին շիզոֆրենիա, գլխուղեղի ուռուցք, մանիակալ - դեպրեսիվ փսիխոզ, էպիլեպսիա, մագնեզիումի պակաս: Վան Գոգը մի քանի անգամ բուժվել էր հոգեբուժարանում: Հոգեբուժարանում են եղել նաև այլ հայտնի մարդիկ` ռուս նկարիչ Միխայիլ Վրյուբելը, նորվեգացի նկարիչ Էդուարդ Մունկը, լիտվացի նկարիչ ու երգահան Միկոլոուս Կոնստանտինաս Չյուրլիսը և ուրիշներ:
Տարօրինակ վարքով տարբերվում էր նաև իսպանացի սյուրռեալիստ Սալվադոր Դալին: Նա շատ էր սիրում ճանճերին: Ավելին` շատ էր սիրում, երբ ամառային շոգին նրանք հպվում էին նրա քրտնած մարմնին, որն էլ համարվում էր նրա արվեստի հիմնական խթանիչներից մեկը:
Մոցարտը տառապում էր հետապնդման մանիայով` կարծելով, որ իրեն որոշ իտալացիներ ուզում են թունավորել:
Գերմանացի երգահան Շումանն ունեցել է խանգարման նոպաներ, իսկ 46 տարեկանում նա վերջնականապես խելագարվել է: Նրան «խոսող» սեղաններ էին հետապնդում, դրանից բացի նա «տեսնում էր» ձայներ, որոնք վերափոխվում էին ակորդների ու երաժշտական արտահայտությունների:
Անգլիացի գրող Հարինգտոնը երևակայում էր, որ իր մտքերը դուրս են թռչում իր բերանից մեղուների ու թռչունների տեսքով. նա վերցնում էր ավելը, որպեսզի մի կողմ քշեր նրանց:
Շոպենհաուերը շատ էր բարկանում և հրաժարվում վճարել հյուրանոցային վճարները, երբ նրա անունը երկու «Պ»-ով էին գրում: Մի անգամ էլ բարկության նոպայի ժամանակ Շոպենհաուերը ծեծում է մի ծեր կնոջ ու դատարանի պահանջով հարկադրվում թոշակ վճարել նրան մինչև մահ:
Շատոբրիանը տանել չէր կարողանում, երբ որևէ մեկին իր ներկայությամբ գովաբանում էին, նույնիսկ` իր կոշկակարին:
Անգլիացի գրող Գաուտոնը, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու հետ մեկտեղ, միաժամանակ դանակով ու մկրատով էր «զինվում»: Գրելու ընթացքում նա խազում էր մի քանի գրասեղան ու պատառոտում մի քանի բազկաթոռ: Մի անգամ էլ նա կտոր - կտոր է անում ձեռքի տակ ընկած կնոջ սիրելի շրջազգեստը:
Անրի Մատիսը տառապում էր դեպրեսիայով ու անքնությամբ, երբեմն երազում լաց էր լինում և արթնանում հեծկլտոցով: Մի անգամ, առանց որևէ պատճառի, նրա մոտ կուրանալու վախ է առաջանում: Նա նույնիսկ սովորում է ջութակ նվագել, որպեսզի կուրանալուց հետո կյանքի համար գումար վաստակի` որպես փողոցային երաժիշտ:
Իտալացի փիլիսոփա Կորդանոյին թվում էր, թե նրան ողջ կառավարությունը լրտեսում է, իսկ միսը, որ նրան տալիս էին ճաշի ժամին, հատուկ մշակում էին մոմով ու ծծմբով:
Շիլլերը, չգիտես ինչու, կարող էր ստեղծագործել միայն այն ժամանակ, երբ նրա սեղանին դրված էին նեխած խնձորներ: Իր ստեղծագործությունների վրա աշխատելիս նա միշտ ոտքերը դնում էր սառը ջրի մեջ:
Ֆլոբերը միշտ հառաչում էր իր մտացածին հերոսների հետ: Նա լացում ու ծիծաղում էր, այնուհետև մեծ քայլերով շրջում գրասենյակով մեկ ու բարձրաձայն ներբողներ ասում:
Ալեքսանդր Դյուման պատմվածքները գրում էր միայն երկնագույն թղթի վրա, բանաստեղծությունները` դեղինի, հոդվածները` վարդագույնի:
Չարլզ Դիկենսի աշխատասենյակի բոլոր պատերի վրա հայելիներ կային: Աշխատելիս նա հանկարծ վեր էր ցատկում տեղից, մոտենում հայելուն ու անիմաստ դեմքի արտահայտություններ անում: Այնուհետև նորից մոտենում էր սեղանին, որոշ ժամանակ ինչ-որ բան էր գրում, այնուհետև նորից մոտենում հայելուն` ծամածռություններ անելու:
Ֆրանսիացի երգահան Կլոդ Դեբյուսին տառապում էր անձի երկատմամբ: Նրա երկրորդ «Ես»-ի անունը Միսյե Կրոշ էր: Նա նրա հետ հաճախակի էր կյանքի վերաբերյալ մտերմիկ զրույցներ անում: