.jpg)
Ադրբեջանցիները Սիրիայում պայքարում են միմյանց դեմ
Վերջին օրերին Սիրիայի մի շարք շրջաններում հակակառավարական տարբեր խմբավորումների միջև և հատկապես «Իրաքի և Շամի իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական խմբավորման դեմ շարունակվող մարտերի հետևանքով սպանված զինյալների թիվը գերազանցում է 3 հարյուրը: Նրանց շարքերում կան նաև ծագումով ադրբեջանցիներ. միայն վերջին շաբաթվա ընթացքում սպանվել է չորս ադրբեջանցի՝ ամենաուշագրավն՝ իրար դեմ պայքարող խմբավորումների (ԻՇԻՊ, «Ջաբհաթ ան Նուսրա», «Մուջահիրին ուա ալ Անսար» և այլն) կազմում:
Ընդ որում, սիրիական հակամարտության ողջ ընթացքում միայն սպանված և ինքնությունը պարզված ադրբեջանցիների թիվը գերազանցում է 4 տասնյակը:
Հաշվի առնելով Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների աշխարհագրությունն ու ծավալման միտումներն, անշուշտ, կարելի է հավաստել, որ նշվածից շատ ավել թվով ոչնչացված ադրբեջանցի զինյալներ ուղղակի չեն հայտնաբերվել:
Իսկ արդեն 2013-ի կեսերին մի շարք աղբյուրների կողմից միաժամանակ տեղեկատվություն էր տարածվել նաև այն մասին, որ իսլամի շիա ուղղության հետևորդ տասնյակ ադրբեջանցիներ հանդես են գալիս Բաշար ալ Ասադին հարող զինված ստորաբաժանումների, նաև «Հիզբալլահ» իսլամական շիայական արմատական կազմակերպության շարքերում՝ ընդդեմ տարաբնույթ հակակառավարական խմբավորումների:
Փաստորեն, ստացվում է՝ ադրբեջանցիները Սիրիայում պայքարում են միմյանց դեմ: