Արդարացման դատավճիռ՝ թրաֆիքինգի գործով
09/01/2014 20:38

Արդարացման դատավճիռ՝ թրաֆիքինգի գործով

Թրաֆիքինգի գործով մեղադրվող Ա. Խաչատրյանի արդարացման դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել: Ա. Խաչատրյանը ազատության մեջ է գտնվում հոկտեմբերի 7-ից, սակայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը այս գործով արդարացնող դատավճռի վերաբերյալ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ է ներկայացրել: Ա. Խաչատրյանի պաշտպանը եղել է հայտնի փաստաբան Գեղամ Հակոբյանը:

Ա. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների, ստրկության կամ ստրկությանը հավասարազոր վիճակի կամ կախյալ վիճակի հասցնելու, ինչպես նաեւ մարդու օրգանները վերցնելու նպատակով մարդկանց հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, առեւանգելու, խարդախության, այլ խաբեության, իշխանությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու կամ մեկ այլ անձնավորության վերահսկող անձի համաձայնությունն ստանալու նպատակով՝ վճարման կամ շահ ստանալու տեսքով կաշառելու միջոցով, որոնք կատարվել են կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում են ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով) հատկանիշներով:

Ըստ Ա. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի՝   նա, օգտագործելով Աննա Գ-ին տարիներ շարունակ իր տիրապետման տակ` շահագործման մեջ, վախի մթնոլորտում պահելու՝ նրա մոտ առաջացած վիճակի խոցելիությունը, Թուրքիայում Աննա Գ-ին պոռնկության, սեռական շահագործման ենթարկելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով կավատությամբ զբաղվող` գործով դեռևս չպարզված ոմն Եկատերինայի և այլոց հետ, խաբեությամբ` Թուրքիայում պոռնկությամբ զբաղվելով առավել գումարներ վաստակելու հնարավորություն ընձեռելու պատրվակով, հավաքագրել, իսկ 2006 թվականի հունվարի 14-ին իր անձնական միջոցներով նրան տեղափոխել է Թուրքիա:

Վերջինս գործով դեռևս չպարզված անձի միջոցով հանձնվել է ոմն Եկատերինային, որը Թուրքիայի տարբեր քաղաքներում շուրջ չորս ամիս նրան դրել և պահել է պոռնկության, սեռական շահագործման մեջ:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ նշված մեղադրանքը ապացուցված չէ և Ա. Խաչատրյանը արդարացվել է:

Այս գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի բողոքը մերժվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի բողոքը:
 

Արդարացման դատավճիռ՝ թրաֆիքինգի գործով