.jpg)
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան. Հրավերի դեպքում Իրանը կմասնակցի «Ժնև 2» համաժողովին
Հրավերի դեպքում Իրանը կմասնակցի Սիրիայի հարցով գումարվելիք «Ժնև 2» համաժողովին: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Խազային:
Դեսպան Խազային BBC լրատվական գործակալության ամերիկյան ծառայությանը տված հարցազրույցում, անդրադառնալով հունվարի 22-ին կայանալիք «Ժնև 2» համաժողովին Իրանի հնարավոր մասնակցությանը, մասնավորապես նշել է. «Հրավերի դեպքում Իրանը կմասնակցի «Ժնև 2»-ին և կարող է կառուցողական դեր ունենալ: Նախկինում Իրանը և Ռուսաստանը օգնել են, որպեսզի Սիրիայի կառավարությունը քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ ՄԱԿ-ի հետ համաձայանություն ձեռք բերի»:
Շարունակելով խոսքը՝ Խազային հավելել է. «Պետք է օգնել Սիրիայի կառավարությանը և իրական ընդդիմությանը (ոչ թե ահաբեկչական խմբավորումներին), որպեսզի քաղաքական համաձայնության գան. Պետք է Սիրիայի ժողովրդին շանս տալ, որպեսզի ինքը որոշի իր ապագան»: